Իսրայելը համաձայնել է Գազայում կարճատև հրադադարների՝ պոլիոմիելիտի դեմ պատվաստումների համար

Փոքրիկ Աբդուլռահմանը հիվանդ է:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կիրակի Գազայում կսկսի պոլիոմիելիտի դեմ զանգվածային պատվաստումներ, քանի որ պոլիոմիելիտի վիրուս է հայտնաբերվել շրջանում: Այդ նպատակով Իսրայելը համաձայնել է կարճատև հրադադարների։

Կիրակի օրվանից Գազայում ինը ժամանոց հրադադարներ են սկսվելու, որոնք կշարունակվեն երեք օր՝ նպատակ ունենալով պատվաստել մինչև 10 տարեկան մոտ 640 հազար պաղեստինցի երեխաների՝ տեղեկացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։

Պոլիոմիելիտի դեմ պատվաստանյութի ավելի քան 1,2 միլիոն չափաբաժին է առաքվել Գազա, ևս 400 հազարը ճանապարհին է:

Պաղեստինյան տարածքներում ԱՀԿ-ի ներկայացուցիչ Ռիկ Փիպերկորնն նշում է.

«Չեմ ասի, թե սա առաջընթացի իդեալական ճանապարհ է, բայց սա առաջընթաց է: Ոչինչ չանելն, իրոք, վատ կլինի։ Պետք է դադարեցնենք այս վարակի բռնկումը Գազայում և կանխենք դրա տարածումը Գազայից դուրս»:

ԱՀԿ ներկայացուցչի խոսքով՝ կազմակեպության թիմերը կսկսեն երեխաների պատվաստումը Գազայի կենտրոնական հատվածու՝ գնահատելով իրավիճակը երեք օր հետո: Այնուհետև՝ կտեղափոխվեն հարավ և վերջապես՝ հյուսիս:

Նախորդ 25 տարվա ընթացքում անցած շաբաթ է գրանցվել վիրուսի առաջին դեպքը Գազայում:

Փոքրիկ Աբդուլռահմանը հիվանդ է։ Մայրը՝ Նևի Աբու Էլ-Ջեդիան ասում է․

«Նա չի կարողանում կանգնել կամ քայլել, ինչպես նախկինում էր: Հիմա մոտ մեկ տարեկան է, և այդ տարիքում, հիմնականում, երեխաները պետք է սկսեն քայլել։ Նա քայլում էր, բայց այլևս ոչ»:

Պոլիոմիելիտը կարող է կաթված առաջացնել երեխաների մոտ և մարդուց փոխանցվում է մարդուն՝ աղտոտված սննդի և ջրի միջոցով։ Սա լուրջ խնդիր է դարձել Գազայում՝ շարքից դուրս եկած ջրի ու կոյուղու համակարգերի պատճառով: Վիրուսի դեմը կարելի է առնել պատվաստումների միջոցով։

Չորեքշաբթի ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Դենի Դանոնը «Ամերիկայի ձայնին» փոխանցել է, որ «կաջակցեն Գազա պատվաստանյութեր բերելուն»:

Սպիտակ տանը ընդգծել է, որ «խորապես մտահոգված է» և «հանձնառու է ամեն ինչ անել՝ աջակցելու ՄԱԿ-ի ջանքերին»:

Շտապ օգնության գծով ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ իրավիճակը «սարսափելի է»:

Պատվաստումների համար ձեռք բերված համաձայնությունը, իրոք, հազվադեպ է՝ Գազայում գրեթե մեկ տարի շարունակվող ռազմական գործողությունների և խաղաղություն հաստատելու անորոշ բանակցությունների ֆոնին։