Մատչելի հղումներ

Ապառազմականացված և արմատականությունից զերծ Գազան կարող է խաղաղություն բերել․ Նեթանյահու


Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահու

Իսրայելի վարչապետն ԱՄՆ Կոնգրեսում ունեցած ելույթի ժամանակ անդրադարձել է ռազմական հանցագործությունների մասին մեղադրանքներին։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չորեքշաբթի ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում։ Դեմոկրատ բազմաթիվ օրենսդիրներ բոյկոտել էին ելույթը, իսկ դրսում՝ բողոքի ակցիա էր Իսրայելի վարչապետի դեմ։ Կոնգրեսի հանրապետականների կարծիքով, սակայն, Նեթանյահուի խոսքը առանցքային է՝ հասկանալու իրավիճակը
տարածաշրջանում և ԱՄՆ քաղաքականության նպատակները։

Անցած տարվա հոկտեմբերի 7-ից ի վեր, երբ «Համասի» զինյալները արյունալի գրոհ ձեռնարկեցին հրեական պետության դեմ՝ սպանելով մոտ 1 200 հոգու և պատանդ տանելով գրեթե 250-ին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն առաջին անգամ էր հանդես գալիս ԱՄՆ Կոնգրեսում՝ այս չորեքշաբթի:

«Սա ճակատամարտ է մահը փառաբանողների և կյանքը սրբացնողների միջև: Որպեսզի քաղաքակրթության ուժերը հաղթեն, Ամերիկան և Իսրայելը պետք է միասին լինեն»,- ասել է Նեթանյահուն։

Հակասեմականությունն անվանելով աշխարհում ատելության ամենահին դրսևորումներից մեկը՝ Նեթանյահուն խոսքն ուղղել է իր դեմ բողոքի ակցիա անցկացնող մարդկանց:

«Երբ Թեհրանի բռնակալները, որոնք կռունկներից կախում են նույնասեռականներին և սպանում կանանց՝ մազերը չծածկելու համար, գովաբանում, գովազդում և ֆինանսավորում են ձեզ, դուք պաշտոնապես դառնում եք այն հիմարները, որ ծառայում են Իրանին»,- ասել է Նեթանյահուն

«Համասի» վերահսկողության ներքո գտնվող Գազայի առողջապահության ծառայության համաձայն, նախորդ տարվա հոկտեմբերից ի վեր իսրայելական ռազմուժի գործողությունների հետևանքով պաղեստինյան տարածքներում զոհվել է ավելի քան 39 հազար հոգի: ԱՄՆ Կոնգրեսում Նեթանյահուն անդրադարձել է Իսրայելի ռազմական հանցագործությունների վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի հայտարարություններին։

«Միջազգային քրեական դատարանի դատախազը խայտառակ կերպով մեղադրել է Իսրայելին՝ Գազայի ժողովրդին միտումնավոր սովի մատնելու մեջ։ Սա կատարյալ անհեթեթություն է»,- ասել է Նեթանյահուն։

Բարձրաստիճան մի շարք դեմոկրատներ, այդ թվում՝ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը և Ներկայացուցիչների տան նախկին խոսնակ Նենսի Փելոսին ներկա չէին Բենիամին Նեթանյահուի ելույթին: Դեմոկրատ սենատոր Ջեք Ռիդը՝ Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովի անդամը, ավելի վաղ խոսել էր նման բոյկոտի պատճառների մասին:

«Նեթանյահուն մեկտեղել է ջանքերը աջ ծայրահեղականների հետ, որոնք առաջ են տանում իրենց օրակարգը՝ ի հաշիվ Իսրայելի անվտանգության: Այդ մարդիկ նշանակվել են [Իսրայելի] կառավարության ամենաբարձր պաշտոններում և խրախուսել են Նեթանյահուի՝ նման սխալ քաղաքականությունը»,- ասել է սենատոր Ռիդը:

Ինչևէ, այդուհանդերձ, չորեքշաբթի Նեթանյահուին Կոնգրեսում դիմավորեցին դեմոկրատների ու հանրապետականների ղեկավարները:

«Կարևոր պահ է։ Կոնգրեսում մեր երկու կուսակցությունների ղեկավարությունը հասկացավ այդ ու հրավիրեց [Նեթանյահուին], քանզի մեր թանկագին դաշնակից Իսրայելը էկզիստենցիալ պայքարի մեջ է՝ իր գոյության համար, և այդ պայքարն ընթանում է նրա բոլոր սահմաններում»,- ասել է ԱՄՆ Ներկայացուցիչների տան հանրապետական խոսնակ Մայք Ջոնսոնը:

«Համասի» զինյալների ձեռքում գտնվող իսրայելցի պատանդների հարազատները բացասաբար են արձագանքել Նեթանյահուի ելույթին, թե Իսրայելի վարչապետը համաձայնել է ԱՄՆ-ի առաջարկած զինադադարին: Թեև Բենիամին Նեթանյահուն, ըստ ամենայնի, ուրվագծել է հետպատերազմական Մերձավոր Արևելքի իր տեսլականը:

««Համասին» հաղթելու հաջորդ օրը կարող է նոր Գազա ստեղծվել: Իմ տեսլականն է ապառազմականացված և արմատականությունից զերծ Գազան: Իսրայելը չի ձգտում վերաբնակեցնել Գազայի հատվածը, սակայն տեսանելի ապագայում պետք է պահպանենք տեղում անվտանգության ապահովման նկատմամբ մեր վերահսկողությունը»,- ասել է Նեթանյահուն:

Դիտորդների խոսքով, Նեթանյահուի ելույթը առանցքային է՝ Իսրայելին ԱՄՆ կողմից ցուցաբերվող աջակցությունը պահպանելու համար, սակայն այն տեղի է ունենում մի ժամանակ, երբ Վաշինգտոնում առաջնայինն ամերիկյան ներքին քաղաքականությունն է:

«Նա փորձելու է առնվազն կասեցնել դեմոկրատների շրջանում [նկատվող] նահանջը՝ [Իսրայելին ցուցաբերվող] աջակցության հարցում և կփորձի կշիռ ձեռք բերել հանրապետականների մոտ, որոնք, ըստ նրա, ավելի հավանական է, որ նոյեմբերի ընտրություններից հետո [ԱՄՆ-ում] գան իշխանության»,- ասել է Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչ Ջոն Ալտերմանը:

Նեթանյահուն պատրաստվում է այս շաբաթ հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, փոխնախագահ Հարիսին և նախկին նախագահ Դոնալդ Թրամփին:

XS
SM
MD
LG