Մատչելի հղումներ

Բայդենը վերադարձել է Սպիտակ տուն, իսկ Հարիսն ընտրապայքարի մեջ է


Սպիտակ տուն
Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի վերադարձել է Սպիտակ տուն՝ բուռն իրադարձություններով լի շաբաթից հետո: Նախագահական ընտրապայքարը թողնելու Բայդենի որոշումը, սակայն, շարունակում է առաջնային տեղ զբաղեցնել ամերիկյան լրահոսում: Զուգահեռաբար՝ թափ է հավաքում փոխանագահ Քամալա Հարիսի քարոզարշավը։

Նախորդ ամիսներին Սպիտակ տանը չդադարող աշխուժության ֆոնին, քանզի նախագահ Ջո Բայդենի քարոզարշավն էր, նախորդ շաբաթ, երբ Բայդենը հայտարարեց ընտրապայքարը թողնելու մասին, իրավիճակն արմատապես փոխվեց, տիրեց լռություն:

Բայդենը երեքշաբթի վերադարձավ Սպիտակ տուն՝ քովիդից ապաքինվելուց հետո։ Զուգահեռաբար՝ մեկնարկել է ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի քարոզարշավը: Երեքշաբթի նա Վիսքոնսինում էր:

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական թիմն արդեն անցել է Հարիսի թիրախավորմանը։

«Պատմությունը կհիշի Ջո Բայդենին որպես ոչ միայն պայքարից դուրս եկած, այլև Ամերիկայի Միացյալ Նահանգների վատագույն նախագահներից մեկը: Սակայն, բարեկամնե՛ր, Քամալա Հարիսը միլիոն անգամ ավելի վատն է: Բոլորը գիտեն այդ մասին: Նա պատասխանատվություն ստանձնեց Ջո Բայդենի յուրաքանչյուր ձախողման համար, և ստել է՝ [ԱՄՆ] նախագահի պաշտոնում նրա՝ [Բայդենի] աշխատելու մտավոր կարողությունների մասին»,- հայտարարել է ԱՄՆ փոխնախագահի հանրապետական թեկնածու, սենատոր Ջեյ Դի Վենսը:

Փոխարենը՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն է գովասանքի խոսքեր հնչեցրել Հարիսի հասցեին, թե նա «առաջատար ձայն է ամերիկյան արտաքին քաղաքականության և դիվանագիտության համար»:

Բլիքնեը, սակայն, հավելել է, թե ԱՄՆ գործող նախագահը՝ Բայդենը, դեռ շատ գործ ունի անելու:

«Նա՝ [նախագահ Բայդենը] կենտրոնացած է այն աշխատանքի [ուղղությամբ], որն անհրաժեշտ է անել առաջիկա վեց ամիսներին՝ շարունակելով ջանքերը: Այն աշխատանքն է, որ մենք անում ենք՝ փորձելով խաղաղություն հաստատել Մերձավոր Արևելքում, դադարեցնել պատերազմը Գազայում՝ այդ տարածաշրջանը դնելով ավելի լավ ուղու վրա»,- ասել է Բլինքենը:

Դիտորդները համամիտ են։

«Մարտահրավերները շարունակվում են, ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում։ Խոսքը նաև [պետական] ծախսերի նվազեցման, սպառողների շահերի պաշտպանության, կորպորացիաների կանոններից աշխատավորների շահերի պաշտպանության, Մերձավոր Արևելքում հրադադարի և խաղաղության հաստատման, Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի դեմն առնելու մասին է»,- ասում է Center for American Progress Action Fund-ի նախագահ Նավին Նայակը:

Այս ամենը յուրահատուկ իրավիճակ է ստեղծել միձազգային քաղաքականության համար։ Հայտնի է, որ Իսրայելի վարչապետն այս շաբաթ պատրաստվում է հանդիպել Բայդենին, Հարիսին և Թրամփին:

«Կարծում եմ, միջազգային ասպարեզում Բայդենն ունի մեկ խնդիր. օտարերկրյա առաջնորդները գիտակցում են, որ նա հեռանալու է մի քանի ամսիցԼ Հետևաբար՝ տատանվում են նրա հետ գործարքներ կնքելու առումով, քանզի չգիտեն, թե ով է լինելու [ԱՄՆ] հաջորդ նախագահը: Նույնիսկ` եթե Հարրիսն է լինելու, նա, ամենայն հավանականությամբ, կունենա արտաքին քաղաքականությունն առաջ տանող իր թիմը և իր նպատակները: Մյուս կողմից, կարծում եմ, օտարերկրյա առաջնորդները կցանկանան արագ համաձայնությունների հասնել Բայդենի հետ, քանի որ վստահ չեն, թե ինչ կլինի հետո»,- նշում է Օսթինում գործող Տեխասի համալսարանի պրոֆեսոր Ջերեմի Սուրինը:

Սպասվում է, որ այս ամիս՝ երկրորդ անգամ Բայդենը ամերիկյան հանրությանը կդիմի Սպիտակ տան Օվալաձև գրասենյակից: Չորեքշաբթի երեկոյան ԱՄՆ նախագահը հանդես է գալու ուղերձով՝ մանրամասնելու նախագահական ընտրապայքարը թողնելու իր որոշման պատճառները:

XS
SM
MD
LG