Մատչելի հղումներ

Վենսը երիտասարդական ավյուն է հաղորդում Թրամփի քարոզարշավին


ԱՄՆ սենատոր Ջեյ Դի Վենս
ԱՄՆ սենատոր Ջեյ Դի Վենս

Օհայոյից ընտրված ԱՄՆ սենատոր Ջեյ Դի Վենսն, ինչպես հայտնի է, միացել է Թրամփին՝ որպես ԱՄՆ փոխնախագահի հանրապետականների թեկնածու։ Դիտորդների գնահատմամբ իր պահպանողական հայացքներով Վենսը շատ հարցերում ունի նույն մոտեցումը, ինչ Դոնալդ Թրամփը։

Ապալաչիայում՝ համեստ տանը մեծացած Ջեյ Դի Վենսն մտադիր է մայրաքաղաք Վաշինգտոն տեղափոխվել որպես երկրի թիվ երկրորդ պաշտոնյա։

«Օհայոյի Միդլթաունի բնակիչներին և Միչիգանի, Վիսքոնսինի, Փենսիլվանիայի ու Օհայոյի մոռացության մատնված բոլոր համայնքներին, մեր երկրի բոլոր անկյուններին խոստանում եմ՝ կլինեմ [այնպիսի] փոխնախագահ, որը երբեք չի մոռանա, թե որտեղից է նա»,- ասում է Ջեյ Դի Վենսը:

Վենսի աղքատ մանկությունն ու պատանեկությունը, անշուշտ, տարբերվում են այն հարստությունից, որի մեջ մեծացել է Դոնալդ Թրամփը: Օհայոյի նահանգապետ, հանրապետական Մայք ԴեՎինն ասում է, թե Վենսի աղքատ ու ծանր մանկությունը՝ թմրամոլ մոր հետ, միայն մեծացնում է պարզ ամերիկացիների համակրանքը հանրապետականների նկատմամբ:

«[Վենսը] կյանքի փորձությունների միջով է անցել։ [Այնպիսի փորձություններ], որոնք շատ մարդիկ չեն ունեցել, բայց որոնց հետ մարդիկ, անշուշտ, կարող են առնչվել»,- ասում է ԴեՎինը:

Արտաքին քաղաքականությունում Վենսը կոշտ դիրքորոշում է որդեգրել, հատկապես՝ Չինաստանի և Արևելյան Ասիայի հարցերում, դեմ է արտերկրին ցուցաբերվող ռազմական օգնությանը։ Խոսքն այս պարագայում Ուկրաինայի մասին է:

«Կարծում եմ, Վենսի ընտրությունը, հավանաբար, խուճապ է առաջացնում եվրոպական մայրաքաղաքներում, թեև փոխնախագահներն ավանդաբար այնքան էլ մեծ ազդեցություն չունեն արտաքին քաղաքականության վրա: Այն փաստը, որ Թրամփը ընտրել է մեկին, ում տեսակետները հատկապես Եվրոպայում համընկնում են իր տեսակետներին, կարծում եմ, խոսում է այն մասին, թե նա որ ուղղությամբ է տեսնում կուսակցության ապագան»,- ասում է Սթիմսոն կենտրոնի ներկայացուցիչ Էմմա Էշֆորդը:

Հանրապետական կուսակցության Օհայոյի կոմիտեի անդամ Ջեյն Թիմքենը իր թեկնածությունն էր առաջադրել Վենսի դեմ ԱՄՆ Սենատի ընտրություններում։ Այժմ նրա համախոհն է։

«Նա գիտի, թե ինչպես ձևակերպել մեր տեսակետը, որ նախևառաջ Ամերիկան է, իսկ դա նշանակում է ամուր պահել [մեր երկրի] սահմանը, Ամերիկան նորից դնել բարգավաճման ուղու վրա և դարձնել հզոր երկիր աշխարհում»,- ասում է Թիմքենը:

Ըստ դիտորդների, Թրամփի նման, Վենսը իսրայելամետ է, դեմ է աբորտներին, մեղադրում է ներգաղթյալներին՝ «ամերիացիների աշխատանքը խլելու համար»:

ԱՄՆ ներկայիս փոխնախագահ, դեմոկրատ Քամալա Հարիսը Վենսին ուղղակի կոչել է Թրամփի կրկնօրինակ։

«Մի՛ սխալվեք, Ջեյ Դի Վենսը հավատարիմ կլինի միայն Թրամփին, ոչ թե մեր երկրին»,- նշել է փոխնախագահ Հարիսը։

Սակայն Վենսը նաև տարբերվում է 78-ամյա Թրամփից, և ․․․ ամենից մեծ տարբերությունը նրանց տարիքն է։ Վենսը 39 տարեկան է, և եթե ընտրվի, կդառնա ԱՄՆ պատմության մեջ ամենաերիտասարդ փոխնախագահներից մեկը։

Օհայո նահանգից ընտրված սենատոր Ջորջ Լանգը բնակվում է նույն թաղամասում, ինչ Վենսը:

«Կարծում եմ, նա դեպի մեզ կգձգի երիտասարդներին, և դա մեզ պետք է։ Մեր կուսակցությունը տարեց, սպիտակամորթ տղամարդկանց կուսակցություն է։ Պետք է ցույց տանք, որ բազմազան ենք, բաց ենք»,- ասում է Լանգը։

Հանրապետական Բերնի Մորենոն մտադիր է մասնակցել ԱՄՆ Սենատի ընտրություններին Օհայո նահանգում: Ասում է, որ Վենսի նման տարիքը դրական ազդեցություն կթողնի ընտրողների վրա:

«Այն պետք է մոբիլիզացնի ընտրողներին։ Կարող եմ հենց հիմա գնալ և գոչել Ջեյ Դի ու ստիպել, որ ժողովուրդը բղավի՝ Ջեյ Դի․․․ Սպասեք մեկ վայրկյան․․․ Ջեյ Դի, Ջեյ Դի, Ջեյ Դի․․»,- ասում է Մորենոն:

Ինչևէ, սպասենք՝ տեսնելու, թե արդյոք Վենսի առնչությամբ հանրապետականների մոտ առկա ոգևորությունը կտարածվի ողջ երկրում։

XS
SM
MD
LG