Մատչելի հղումներ

ԱՄՆ նախագահն ասել է, որ այս շաբաթվա վերջին ավելի մանրամասն կխոսի նախագահական մրցապայքարից դուրս գալու իր որոշման մասին


Նախագահ Ջո Բայդեն, փոխնախագահ Կամալա Հարիս
Նախագահ Ջո Բայդեն, փոխնախագահ Կամալա Հարիս

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կիրակի հայտարարեց, որ դադարեցնում է իր վերընտրման հայտը և հավանություն է տվել փոխնախագահ Կամալա Հարիսին, որպեսզի նա լինի Դեմոկրատական ​​կուսակցության թեկնածուն նոյեմբերի քվեարկության ժամանակ:

Նախագահ Ջո Բայդենը ով, շաբաթներ շարունակ դիմակայելով իր տարիքի շուրջ մտավախություններին պնդում էր, որ ինքը կմնա ընտրապայքարում, հայտարարեց, որ ավարտում է իր քարոզարշավը և չի ձգտի վերընտրվել նոյեմբերին:

«Իմ կյանքի մեծագույն պատիվն է ծառայել որպես ձեր նախագահ», - հայտարարեց նա սոցիալական ցանցերում կիրակի օրը:

Բայդենն ասել է, որ թեև նա մտադիր էր վերընտրվել, սակայն կարծում է, որ իր Դեմոկրատական կուսակցության և երկրի լավագույն շահերից է բխում ընտրապայքարից հեռանալը և կենտրոնանալը բացառապես ԱՄՆ նախագահի պաշտոնավարման մնացած ժամանակահատվածում իր պարտականությունների կատարման վրա:

Բայդենը շնորհակալություն է հայտնել փոխնախագահ Կամալա Հարիսին «արտակարգ գործընկեր լինելու համար»։

Սոցիալական լրատվամիջոցների մեկ այլ գրառման մեջ նա առաջարկեց իր «լիարժեք աջակցությունը», որպեսզի Հարիսը լինի կուսակցության թեկնածուն:

«Քաղաքական առումով դա իմաստալից կլիներ, քանի որ այս պատվիրակները աջակցում են Ջո Բայդենին, նրանք անպայման կլսեն նրան։ Բայց նա չի կարող ավտոմատ կերպով իր պատվիրակներին փոխանցել Հարիսին կամ այլ որևէ մեկին»,- ասում է Brookings հաստատության քաղաքական վերլուծաբան Էլեին Քամարքը:

Գրեթե բոլոր 3,896 դեմոկրատ պատվիրակները խոստացել էին, հաջորդ ամիս Չիկագոյում, Իլինոյս նահանգի Դեմոկրատների ազգային համագումարի ժամանակ իրենց ձայները տալ Բայդենին: Սակայն Դեմոկրատների ազգային համագումարի կանոնների համաձայն, այդ խոստումները կարող են փոփոխվել:

Վերջին օրերին ավելի ու ավելի շատ դեմոկրատներ կոչ էին անում նախագահին դուրս գալ ընտրապայքարից:

Դեմոկրատների 58 տոկոսը կարծում է, որ փոխնախագահ Հարիսը լավ նախագահ կդառնար, համաձայն AP-NORC-ի նոր հարցման: Ընդհանուր առմամբ, ամերիկացիների 30 տոկոսը համակարծիք է:

Եթե դեմոկրատները որոշեն, որ Հարիսը պետք է գլխավորի նախագահի թեկնածությունը, նրանք նաև պետք է համաձայնության գան նրա փոխնախագահի թեկնածուի շուրջ:

Բայդենն ասել է, որ իր որոշման մասին ավելի մանրամասն կխոսի ամերիկյան հանրության հետ այս շաբաթվա վերջին։

Հինգշաբթի օրը հանրապետականների կողմից որպես նախագահի թեկնածու պաշտոնապես առաջադրված Դոնալդ Թրամփը իր հայտարարությունն է տարածել սոցցանցերում։

«Խարդախ Ջո Բայդենը պիտանի չէր առաջադրվելու նախագահի պաշտոնում և, իհարկե, պիտանի չէ այդ պաշտոնը զբաղեցնելուն»,- գրել է Թրամփը:

XS
SM
MD
LG