Մատչելի հղումներ

Երևանի ու Բաքվի միջև երկարատև և արժանապատիվ խաղաղության հնարավորություն է առկա. ամերիկացի բարձրաստիճան դիվանագետ


ԱՄՆ պետքարտուղարի առաջին փոխտեղակալ Յուրի Քիմը Քարնեգի հիմնադրամի կազմակերպած քննարկման հիմնական բանախոսն էր, 24 հուլիսի, 2024թ., լուսանկարը՝ Թուրան գործակալություն
ԱՄՆ պետքարտուղարի առաջին փոխտեղակալ Յուրի Քիմը Քարնեգի հիմնադրամի կազմակերպած քննարկման հիմնական բանախոսն էր, 24 հուլիսի, 2024թ., լուսանկարը՝ Թուրան գործակալություն

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով առաջին փոխտեղակալ Յուրի Քիմը Քարնեգի հիմնադրամի կազմակերպած «ԱՄՆ դերը Հարավային Կովկասում տարածաշրջանային նոր կարգի հաստատման գործում» քննարկման հիմնական բանախոսն էր։

Տևական ժամանակ անց՝ առաջին անգամ Հարավային Կովկասում ստեղծվել է մի իրավիճակ, որը հնարավորություն է տալիս երկարատև ու արժանապատիվ խաղաղություն հաստատել շուրջ 30 տարի պատերազմող Հայաստանի ու Ադրբեջանի միջև՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով առաջին փոխտեղակալ Յուրի Քիմը Քարնեգի հիմնադրամի կազմակերպած «ԱՄՆ-ի դերը Հարավային Կովկասում տարածաշրջանային նոր կարգի հաստատման գործում» քննարկմանը։

Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը քննարկման գլխավոր բանախոսներից էր, որին մասնակցում էին նաև Հայաստանում և Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան ու Քարնեգի հիմնադրամի Ռուսաստանի և Եվրասիայի գծով ավագ փորձագետ Մարիա Յովանովիչը, ինչպես նաև Քարնեգի համալսարանի Եվրոպական ծրագրի տնօրեն, ԵԱՀԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Դեն Բայերը։

Առկա է երկարատև և արժանապատիվ խաղաղության հնարավորություն Հայաստանի ու Բաքվի միջև. Յուրի Քիմ
please wait

No media source currently available

0:00 0:04:33 0:00

«Հնարավորություն ունենք անկայուն տարածաշրջանը վերածել էներգիայի և Ասիայից դեպի Եվրոպա ապրանքների ու գաղափարների փոխադրման հիմնական միջանցքի՝ Հարավային Կովկասը դարձնելով դարպաս երկու շատ կարևոր տարածաշրջանների միջև»,- ասել է Քիմը:

Ամերիկացի դիվանագետի պնդմամբ՝ Հայաստանի պարագայում առկա է հնարավորություն դուրս բերել երկիրը երկարատև մեկուսացումից:

«[Հայաստանը] չափազանց երկար ժամանակ մեկուսացված է, կախվածության մեջ է մեկ երկրից: Այժմ առկա է հնարավորություն զարգացնել կապերը, դիվերսիֆիկացնել Հայաստանի հարաբերությունները, որպեսզի նրանք՝ [Երևանում] ունենան ավելի շատ ընտրություն»,- ընդգծել է Քիմը:

Ամերիկացի դիվանագետը կարևորել է հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսությունը՝ շեշտելով, որ Երևանի ու Վաշինգտոնի հարաբերություններն երկխոսության մակարդակից տեղափոխվել են գործընկերության մակարդակ:

«Շատ ենք ցանկանում հնարավորինս կարևոր դեր ունենալ Հայաստանի ջանքերում, որոնք ուղղված են իր հարաբերությունների դիվերսիֆիկացմանը, իր անվտանգությունն ու բարգավաճումը ամրապնդելու կարողության մեծացմանը և երրորդ՝ այնպիսի դիրքին, որտեղ [Հայաստանը] կարող է վստահ կերպով խաղաղության պայմանագիր կնքել իր վաղեմի թշնամու հետ։ Դա դժվար է անել: Թույլ դիրքերից հնարավոր չէ ստորագրել նման կարևոր պայմանագիր, որը կհանգեցնի միասնական, ամուր կամ արժանապատիվ արդյունքի»,- ասել է Քիմը:

Ըստ ամերիկացի բարձաստիճան դիվանագետի, Հայաստանն այսօր փնտրում է այլընտրանքներ, և Վաշինգտոնն հնարավորություն է ընձեռում Հայաստանին Ռուսաստանի հետ պատմականորեն բացառիկ հարաբերություններից դուրս՝ ունենալ ընտրություն կատարելու հնարավորություն և հասնել հարաբերությունների բազմազանությանը:

«Զարմանալի չէ, որ շատ հայերի մոտ հարցեր են առաջանում Ռուսասատանի հետ հարաբերությունների առումով: Նախ՝ ռուսները ներխուժել են հարևանների տարածք: Պետք չէ հեռու գնալ. առաջինը՝ Ղրիմը, հետո՝ ողջ Ուկրաինան գրավելու փորձը, որը շարունակվում է ցայսօր։ Մյուսը՝ Վրաստանը. Ռուսաստանը շարունակում է օկուպացված պահել այդ երկրի 20%-ը։ Ռուսաստանի յուրաքանչյուր հարևան չի կարող հանգիստ քնել»,- ասել է Քիմը:

Խոսելով Ադրբեջանի հետ հակամարտության մասին՝ Յուրի Քիմը հիշեցրել է, որ Երևանն ու Բաքոն երկար տարիներ հակամարտության մեջ էին Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ, որը ԱՄՆ-ն ու միջազգային հանրությունը ճանաչում էին Ադրբեջանի անբաժանելի մաս: 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական ռազմական հարձակումը հանգեցրեց Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100 հազար հայերի տեղահանմանը Հայաստան՝ «անկախ այն հանգամանքից, թե այն եղել է Ադրբեջանի մտադրությունը, թե ոչ»՝ ընդգծել է Յուրի Քիմը։ Դիվանագետը հիշեցրել է, որ Վաշինգտոնը արագ արձագանքել է հումանիտար մարտահրավերներին՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելով տեղահանվածներին:

Քիմի խոսքով, չնայած նման զարգացումը ԱՄՆ նպատակը չէր, սակայն ստեղծված իրավիճակը հնարավորության դուռ է բացել երկարատև խաղաղության համար:

«Ե՛վ Փաշինյանը, և՛ Ալիևը նախընտրել են դիտարկել [իրավիճակը] որպես մի պահ, երբ վերացել է երկու երկրների միջև հակամարտության ամենամեծ աղբյուրը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի [շուրջ հակամարտությունը], և նրանք կարող են անդրադառնալ [իրենց] երկու պետությունների միջև ավելի լայն խնդիրներին, որոնք կհանգեցնեն արժանապատիվ ու ամուր խաղաղության հաստատմանը»,- նշել է Քիմը:

Իր հերթին՝ միջոցառման մեկ այլ բանախոս, նախկին դիվանագետ, Քարնեգի համալսարանի Եվրոպական ծրագրի տնօրեն Դեն Բայերը տարածաշրջանային անվտանգության և խաղաղության համար կարևորել է տնտեսական համագործակցությունը:

«Մշտապես երկար քննարկումներ ենք ունենում տասնամյակների կամ դարերի պատմության վերաբերյալ, բայց շատ քիչ է խոսվում այն մասին, թե ինչ ապագա է մեզ սպասվում: Կարծում եմ, տարածաշրջանում ընդլայնված տնտեսական կապերի հնարավորության ստեղծումը՝ մարդկանց տեղում ներգրավելու ուղիներից մեկն է: Այն զգացողություն է ստեղծում, որ ապագան կարող է ավելի բարեկեցիկ և լավը լինել՝ իրենց և իրենց ընտանիքների համար»,- ասել է Բայերը:

Նախկին դիվանագետն ընդգծել է Բաքվի ու Երևանի միջև խաղաղության հաստատման գործընթացում Թուրքիայի դերի կարևորությունը՝ նշելով, թե հայ-ադրբեջանական համաձայնությունը դժվար է պատկերացնել առանց Թուրքիայի աջակցության: Բայերի կարծիքով, այս հարցում Անկարան պետք է ունենա առնվազն ոչ պաշտոնական երաշխավորի դեր:

XS
SM
MD
LG