Եվ այսպես, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշեց թողնել նախագահական ընտրապայքարը՝ այդ մասին հայտնելով համացանցում հրապարակված հայտարարությամբ։
Իր որոշումից երեք օր անց Սպիտակ տան Օվալաձև գրասենյակից ունեցած ելույթի ժամանակ, որի նպտակն էր ամերիկյան ժողովրդին բացատրել նման քայլի պատճառները, Բայդենը անդրադարձավ իր` մոտ հինգ տասնամյակ տևած քաղաքական կարիերային, ներքին և արտաքին ուղղությամբ ձեռքբերումներին և խոսքն ավարտեց՝ մաղթելով, որ Ամերիկան առաջ տանեն նոր ու եռանդուն գործիչները, որպեսզի կարողանան դիմագրավել գալիք մարտահրավերները:
«Ոչինչ, ոչինչ չի կարող խանգարել մեր ժողովրդավարությունը փրկելուն: Այդ թվում անձնական ամբիցիաները: Որոշեցի, որ առաջ գնալու լավագույն ճանապարհը ջահը նոր սերնդին փոխանցելն է: Դա մեր ազգը համախմբելու լավագույն միջոցն է. Հանրային կյանքում երկար տարիների փորձն իր ժամանակն ու տեղն ունի։ Իրենց ժամանակն ու տեղն ունեն նաև նոր ձայները: Թարմ ձայները։ Այո՛, ավելի երիտասարդ ձայները: Եվ հիմա այդ ժամանակն է ու տեղը»,- ասել է նախագահ Բայդենը:
Բայդենը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսին, ով , ինչպես հայտնի է, այլևս ակտիվորն ներգրավվել է նախընտրական քարոզարշավին՝ հավակնելով դառնալ ԱՄՆ նախագահի դեմոկրատների թեկնածուն և ով այս նոյեմբերին պետք է մարտահրավեր նետի Դոնալդ Թրամփին:
Բայդենը Հարիսին կոչել է փորձառու և ունակ գործիչ՝ դիմելով ամերիկացիներին, թե որոշումը իրենցն է՝ ում ընտրել:
Թեև ԱՄՆ նախագահն իր խոսքում չի անդրադարձել հանրապետականներին, սակայն դիտորդների կարծիքով, նշելով մարտահրավերների մասին՝ Սպիտակ տան ղեկավարը նկատի ուներ Թրամփին:
«Նա խոսեց բևեռացումից։ Խոսեց բռնության և քաղաքական բռնության մասին։ Այս բոլորը, կարծես, ակնարկ է [ԱՄՆ նախկին նախագահ] Դոնալդ Թրամփի և նրա նախագահության մասին: [Բայդենը] խոսեց այն սպառնալիքներից, որոնց բախվել էր երկիրը, երբ [նա] առաջին անգամ ստանձնել էր [ԱՄՆ նախագահի] պաշտոնը՝ 2021 թվականի հունվարին: Այս ամենը, իհարկե, վերաբերում էր Դոնալդ Թրամփին: Սակայն [Բայդենի] այդ ճառը Թրամփի մասին չէր և նախընտրական ելույթ չէր»,- ասում է Ջենիֆեր Մերսիեկան՝ Տեխասի A&M համալսարանի ներկայացուցիչը։
Վերադառնանք, սակայն, Ջո Բայդենին, ում խոսքով, այժմ իր աշխատանքը կենտրոնանալու է ներքին խնդիրների՝ քաղաքացիական իրավունքների ու ընտրողների ազատության պաշտպանության, երկրում զենքի առքուվաճառքի պայմանների խստացման, քաղցկեղի բուժման և երկրի գերագույն դատարանի բարեփոխումների ուղղությամբ:
ԱՄՆ նախագահը նաև խոսել է միջազգային մարտարհրավերներից՝ իրավիճակը Գազայում և Ուկրաինայում, հարաբերությունները Չինաստանի հետ:
«Կարծում եմ, մարդիկ կարող են մտահոգվել այս հարցում, թե նման նախագահը ինչպես է գործելու արտաքին քաղաքական ճգնաժամերի պարագայում»,- ասում է Թոմաս Շվարցը՝ Վանդերբիլտի համալսարանի ներկայացուցիչը:
Թե, իրականում, դեռ ինչ ազդեցություն ունի Բայդենը միջազգային ասպարեզում, թերևս, իմանանք հինգշաբթի, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այցելի Սպիտակ տուն։
Նեթանյահուն հանդիպելու է նաև Հարիսին ու Թրամփին։
«Նա նման է մի մարզիկի, որը պատրաստվում է մուտք գործել Փառքի սրահ։ Թոշակի է անցնում՝ արժանանալով ժողովրդի ողջույնին՝ երկար, 50-ամյա աշխատանքի համար»,- ասում է «Երրորդ ուղի» վերլուծական կենտրոնի փոխնախագահ Ջիմ Քեսլերը։
Դիտորդները նշում են՝ Բայդենը հստակ հասկանում էր, որ իր այդ ուղերձը նախորդ շաբաթների զարգացումների գագաթնակետն է լինելու, և ԱՄՆ նախագահը փորձեց հնարավորինս օգտագործել այն։
«Ամերիկայի մեծությունը նրանում է, որ թագավորներն ու բռնապետերը չեն կառավարում երկիրը, այլ՝ ժողովուրդը: Պատմություն կերտելը ձեր ձեռքում է: Իշխանությունը ձեր ձեռքում է։ Ամերիկայի տեսլականը ձեր ձեռքում է»,- ասել է նախագահ Ջո Բայդենը։