Մատչելի հղումներ

Մերձավոր Արևելքն ավելի քան երբևէ մոտ է մեծ պատերազմի, բայց «ոչ ոք դա չի ուզում»


Իսրայելը, Իրանն ու Մերձավոր Արևելքի տարածաշրջանը. քաղաքական քարտեզ
Իսրայելը, Իրանն ու Մերձավոր Արևելքի տարածաշրջանը. քաղաքական քարտեզ

Ռուսաստանը, խոսելով խաղաղության մասին, աջակցում է Իրանին, որը նպաստում է մերձավորարևելյան հակամարտության սրմանը: Ինչ են ցանկանում տարածաշրջանի այլ խաղացողներ: Քննարկում են վերլուծաբանները

Հոկտեմբերի 7-ին «Համասի» զինյալների հարձակումը Իսրայելի հարավում և Իսրայելի պաշտպանության ուժերի ռազմական գործողությունը Գազայի հատվածում ոչ միայն հազարավոր իսրայելցիների և Գազայի բնակիչների կյանքեր խլեցին, այլ նաև անխուսափելիորեն հակամարտությունը մոտեցրեց տարածաշրջանում լայնամասշտաբ պատերազմին: Հիշեցնենք, որ ԱՄՆ-և մի շարք այլ երկրներ «Համասը» ճանաչում են որպես ահաբեկչական կազմակերպություն:

Ո՞րն էր էսկալացիայի նոր խթանը

Պայքարելով իր թշնամիների՝ «Համասի» և «Հեզբոլլահի» դեմ, Իսրայելը դիմեց արմատական քայլերի՝ վերացնելով մի խմբի ղեկավարին և մեկ այլ խմբի ռազմական հրամանատարին։

Այս գործողություններին ի պատասխան «Հեզբոլլահը» հրթիռային հարձակման ենթարկեց Գոլանի բարձունքներում գտնվող դրուզների քաղաքի վրա, որի հետևանքով զոհվել են մեկ տասնյակից ավելի երեխաներ:

Ըստ Վաշինգտոնում գործող Մերձավոր Արևելքի ինստիտուտի հակամարտությունների կարգավորման ծրագրի ավագ գիտաշխատող և կոնֆլիկտների լուծման ծրագրի տնօրեն Ռանդա Սլիմի՝ «Հեզբոլլահի հրամանատար Ֆուադ Շուքրի սպանությունը հուլիսի 30-ին, որին անմիջապես հաջորդեց «Համասի» առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությունը, կրկնակի և նվաստացուցիչ հարված էր Իրանին և այսպես կոչված «Դիմադրության առանցքին», որը տարածաշրջանում հակաիսրայելական ուժերի դաշինքի անվանում է, որն իր մեջ ներառում է «Համասը», «Հեզբոլլահը», Եմենի հութիներին և տարբեր շիա զինված խմբավորումներ Իրաքում և Սիրիայում»:

«Այն փաստը, որ երկու սպանությունները տեղի են ունեցել այն վայրերում, որոնցից մեկը վերահսկվում է «Հեզբոլլահի» կողմից, իսկ մյուսը, համապատասխանաբար, գտնվում է Իրանի մայրաքաղաքում, անխուսափելի է դարձրել ինչպես Իրանի, այնպես էլ «Հեզբոլլահի» պատասխան հարվածը: Իսկ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի և «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի հետագա հրապարակային հայտարարություններն այս հարցի վերաբերյալ որևէ մեկի հետ բանակցություններ վարելու տեղ չեն թողնում խաղաղ կարգավորման հնարավորության շուրջ»,- ավելացնում է փորձագետը։

Իրոք, երեքշաբթի օրը Շեյխ Նասրալլայի հաջորդ ելույթում, որը համընկնում է այս խմբավորման զինյալ թևի ղեկավարի սպանության օրվանից մեկ շաբաթ լրանալու հետ, նա հայտարարեց, որ «Հեզբոլլահը» կպատասխանի «իսրայելական ագրեսիային» անկախ նրանից, թե դա ինչ հետևանքներ կունենա տարածաշրջանի համար՝ ընդգծելով, որ «Դիմադրության առանցքը» չի շտապում հարվածներ հասցնել՝ իսրայելցիներին ենթարկելով սթրեսի սպասումների պատժառով։

Միևնույն ժամանակ, ըստ «Հեզբոլլահի» առաջնորդի, խմբավորումը «պատրաստ է հզոր հարված հասցնել, նույնիսկ եթե ստիպված լինի գործել առանց Իրանի»։

Իսրայելն իսկապես ապրում է լարվածության մեջ, պատրաստվում է մեծ պատերազմի։

Այն բանից հետո, երբ Իսրայելը վերացրեց Իսմայիլ Հանիեին, «Համասի» առաջնորդը դարձավ Յահյա Սինվարը՝ հոկտեմբերի 7-ի իրադարձությունների կազմակերպիչներից և առաջնորդներից մեկը, ով «Համասի» քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության արդյունքում միավորեց ռազմական և քաղաքական ուժերը խմբավորման մեջ:

Բացի այդ, Սինվարը, ի տարբերություն Հանիեի, ֆիզիկապես գտնվում է Գազայի հատվածում, որտեղ, ըստ իսրայելական մամուլի, «թաքնվում է ստորգետնյա թունելների և կատակոմբների անկլավի ցանցում՝ շարժվելով իսրայելցի պատանդների հետ»:

Այնուամենայնիվ, ըստ իսրայելական Haaretz թերթի սյունակագիր Ամոս Հարելի, ով հրավիրվել էր Carnegie Endowment-ի կողմից Մերձավոր Արևելքում իրավիճակը գնահատելու համար, թվում էր, թե անհնար էր չհարվածել «Համասի» և «Հեզբոլլահի» առաջնորդներին: Սովորաբար հետախուզությունը հանկարծակի հայտնում է նման հնարավորության մասին և ղեկավարությանը պետք է անհապաղ որոշում կայացնի, պնդում է լրագրողը՝ խմբավորման ղեկավարների վրա հարձակումը բացատրելով որպես իսրայելական հասարակությանը շտապ ցույց տալու անհրաժեշտություն, որ իր զոհերի վրեժը կլուծվի։

Ի՞նչ նպատակներ է հետապնդում Ռուսաստանը՝ Իրանին զենք մատակարարելով՝ խոսելով «զսպվածության» մասին

Միևնույն ժամանակ, ըստ Ռանդա Սլիմի, այսօր Մերձավոր Արևելքում այսպես կոչված «Դիմադրության առանցքը», բացառությամբ «Համասի», շահագրգռված չէ լայնածավալ պատերազմ սկսելու մեջ։

«Իրանը գտնվում է իշխանության անցման ճգնաժամի մեջ, մինչդեռ «Հեզբոլլահը» և Լիբանանը բախվում են հսկայական տնտեսական ճգնաժամերի: Ոչ մի երկիր չի ցանկանում շեղել միջազգային հանրության ուշադրությունն ու աջակցությունը պաղեստինցիներից, և նրանք չեն ցանկանում ներքաշվել ԱՄՆ ուժերի մասնակցությամբ պատերազմի մեջ»,- պարզաբանել է փորձագետը:

Միևնույն ժամանակ, ինչպես բացատրում են ռուսական լրատվամիջոցները, ըստ «նախապես համաձայնեցված պլանի», Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն այցելել է Թեհրան, որտեղ բանակցություններ է վարել երկրի նորընտիր նախագահ Մասուդ Պեզեշկիանի և Իսլամական Հանրապետության ռազմական ղեկավարության հետ։

Reuters-ի փոխանցմամբ՝ ՌԴ պաշտպանության նախկին նախարարը փոխանցել է «ռուսական ղեկավարության ցանկությունները՝ զուսպ արձագանքել «Համասի» ղեկավարի վերացմանը» և «զերծ մնալ Իսրայելի խաղաղ բնակչության վրա հարձակումներից»։

Reuters-ը նաև հայտնում է, որ Իրանը, երկու երկրների միջև պայմանավորվածության համաձայն, շտապ «պահանջում է տրամադրել ռուսական հակահրթիռային պաշտպանության համակարգեր և Սու-35 ինքնաթիռներ»։ Որոշ չհաստատված տեղեկությունների համաձայն՝ Ռուսաստանն «արդեն Թեհրանին տրամադրել է էլեկտրոնային պատերազմի սարքավորումներ և «Իսկանդեր» հրթիռներ։

Իսրայելի 9-րդ ալիքի (ռուսալեզու) հեռուստատեսության միջազգային լրատվական բաժնի ղեկավար Դիանա Թոսունյանը, ինչպես և հեռուստաալիքում հայտնված որոշ քաղաքական գործիչներ և փորձագետներ, հակված են կարծելու, որ «Ռուսաստանն ամենաշահագրգիռ կողմն է Մերձավոր Արևելքի տարածաշրջանում հակամարտությունը հրահրելու հարցում», քանի որ, ըստ Կրեմլի ծրագրերի, «նա պետք է շեղի ԱՄՆ-ի և արևմտյան այլ երկրների ուշադրությունը Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմից»։

Ինչպիսի՞ն է ԱՄՆ-ի մարտավարությունը տարածաշրջանում

ԱՄՆ արտաքին քաղաքականության, Մերձավոր Արևելքի ինստիտուտի ավագ գիտաշխատող Բրայան Քաթուլիսը խոսել է ԱՄՆ վարչակազմի մարտավարության մասին՝ ընդգծելով, որ «Բայդենի վարչակազմը պատրաստվում է ընդլայնվող տարածաշրջանային պատերազմի, թեև շարունակում է խոսել խաղաղության մասին»։

Պենտագոնը հայտարարեց, որ լրացուցիչ ռազմանավեր, մարտական ինքնաթիռներ և հակահրթիռային պաշտպանության համակարգեր է ուղարկում Մերձավոր Արևելք՝ նախապատրաստվելու Իրանի, «Հեզբոլլահի» և Իրանի հետ կապված այլ խմբերի դեմ պայքարին։

Զորքերի տեղաշարժը տեղի է ունեցել «այն բանից հետո, երբ ամերիկացի պաշտոնյաները հայտնել են երեքշաբթի օրը Իրաքում գտնվող ռազմաբազայի վրա հրթիռակոծության մասին, ինչի հետևանքով ամերիկացի զինվորներ են վիրավորվել», հաղորդում է Associated Press գործակալությունը:

Ըստ Քաթուլիսի՝ «Մերձավոր Արևելքում ամերիկյան զորքերի հրամանատար գեներալ Մայքլ Կուրիլան ներկայումս գտնվում է տարածաշրջանում՝ խորհրդակցելով ԱՄՆ հիմնական գործընկերների հետ՝ նախապատրաստվելու Իրանի և նրա տարածաշրջանային ցանցի հարձակումների նոր փուլին»:

Վերլուծաբանը հիշեցրեց, որ նույնիսկ այն ժամանակ, երբ պատրաստվում էր տարածաշրջանում ավելի մեծ հակամարտության, Բայդենի վարչակազմը շարունակում էր առաջնահերթություն տալ դիվանագիտությանը և իրավիճակը հանդարտեցնելու քայլերին։

Իրոք, «Հեզբոլլահի» առաջնորդի՝ Իսրայելին ուղղված սպառնալիքներով ելույթի և Շոյգուի Թեհրան կատարած այցի նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կոչ արեց Իրանին և Իսրայելին «էսկալացիայից անցնել դեէսկալացիայի»:

Սակայն հաջորդ առավոտ լիբանանյան կողմից «Շահեդ» մարտական անօդաչուների միջոցով լիբանանյան կողմից իրականացվել է ևս մեկ հարձակում, ինչի հետևանքով, ըստ իսրայելական լրատվամիջոցների, «մի քանի մարդ վիրավորվել է, մեկը՝ զոհվել»։

Անցյալ հինգշաբթի նախագահ Ջո Բայդենը խոսեց Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, որը որոշ լրատվամիջոցներ որակեցին որպես «կոշտ» կոչ «հրադադարի համաձայնագրի գնալու և ավելի լայն տարածաշրջանային էսկալացիայից խուսափելու անհրաժեշտության մասին», հաղորդում է AP-ն:

Իսրայելական Haaretz թերթի ռազմական սյունակագիր, ռազմական փորձագետ Ամոս Հարելը Քարնեգի հիմնադրամի կազմակերպած հեռավար քննարկմանը Մերձավոր Արևելքում ստեղծված կացության մասին ընդգծում է, որ Իսրայելը երկար ժամանակ պատրաստվել էր նման զարգացումներին 2006 թվականի պատերազմից հետո: Ըստ վերլուծաբանի՝ այսօր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ձգտում է պահպանել իր իշխանությունը. «Նա ձգտում է մնալ իշխանության՝ իր դեմ հարուցված գործերը հետաձգելու համար: Նա դատարանի առջեւ է կանգնած կոռուպցիայի գործովով երեք տարբեր մեղադրանքներով, ուսստի ամեն գնով պետք է մնա իշխանության: Այդ պատճառով նա ամբողջովին ապավինում է երկու ծայրահեղ աջակողմյան կուսակցությունների աջակցությանը, որոնք դեմ են այսօրվա հրադադարին, և դա է հիմնական խնդիրներից մեկը»:

Վերլուծաբանը հենվելով Իսրայելի կառավարության ղեկավարին մոտ կանգնած աղբյուրներին, նշում է, որ Նեթանյահուն փորձում է ավելի մեծ ճնշում գործադրել «Համասի» վրա իր գործիչների դեմ մահափորձերի և այլ միջոցներով՝ ստիպելով նրանց գնալ համաձայնության Իսրայելի համար ավելի լավ պայմաններով:

Խոսելով Իրանի մասին՝ իսրայելցի վեերլուծաբանը ենթադրում է, որ Թեհրանը այնքան էլ հակված չէ լայնածավալ հակամարտության, ինչպես նախկինում: Նա մեջբերում է օրերս The Washington Post-ի հրապարակումը լրագրող Դեյվիդ Իգնաշիուսի հեղինակությամբ, ուր վերջինս մեջբերում է

Բայդենի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրները, որոնք վկայում են, որ Իրանը Վաշինգտոնից ուղերձներ է ստացել զգուշորեն գործելու մասին:

«Հետևաբար, ես կենթադրեի, որ սա [Իրանի հնարավոր հարվածը Իսրայելի դեմ] միգուցե նման կլինի ապրիլի 14-ին [Իրանի կողմից Իսրայելի հրթիռակոծմանը] և գուցե նույնիսկ դրանից ավելի նվազ գործողության, որովհետև կրկին, ի վերջո հարձակման զոհը պաղեստինցի էր, ոչ թե իրանցի»,- պնդում է Ամոս Հարելը:

«Դիմադրության առանցքի» ինչպիսի՞ քայլերն են առավել հավանական

Ամոս Հարելը կարծում է, որ «Հեզբոլլահը» «կփորձի հարվածել իսրայելական ռազմաբազաներին հյուսիսային սահմանին մոտ»։

Ըստ նրա՝ «Նրանք [«Հեզբոլլահը»] կարող են նույնիսկ փորձել տարբերել ռազմական և քաղաքացիական թիրախները և կարող են ակամա հարվածել քաղաքացիական անձանց: Այնուամենայնիվ, ես չեմ կարծում, որ «Հեզբոլլահը» միտումնավոր թիրախավորի իսրայելական քաղաքներն ու բնակավայրերը, քանի որ դա կնշանակի լայնածավալ պատերազմ։ Նասրալլան դա հասկանում է և այն անվանում է «հավասարում»: Նա բազմիցս հայտարարել է. «Եթե դուք հարվածեք Բեյրութին, ես կհարվածեմ Թել Ավիվին»: Միաժամանակ նա գայթակղություն ուներ հարվածելու Թել Ավիվին, բայց ստիպված կլիներ ռազմական թիրախ փնտրել։ Այս ամենը սարսափելի է թվում, բայց դա այդպես է: Եթե Իսրայելը հստակ գիտի, թե որտեղից սպասի հարվածը և պատրաստ լինի խոցել նրանց հրթիռները, իսկ նրանք ունեն մոտ 7000 հազար հրթիռ, և եթե նրանց հարձակման մեծ մասը ձախողվի, ապա Իսրայելը, հավանաբար, ավելի մեծ ազատություն կունենա՝ որոշելու, թե ինչպես վարվել հարձակման ի պատասխան։ Այս ամենը ասելով՝ ես վստահ չեմ, որ Նասրալլահը պատրաստվում է պատերազմ սկսել: Կարծում եմ՝ 2006 թվականից հետո նա զղջում է որոշման համար ու չի հարվածում»։

Ամենատհաճն, ըստ լրագրողի, այն է, որ եթե անգամ մեծ կոնֆլիկտ սկսվի, վերջանալուց հետո ոչինչ չի ավարտվի։

«Համասը» գոյատևում է: Այն կրկին չի կառավարի Գազան, բայց չի անհետանա, քանի որ չկա անվտանգության այնպիսի ճարտարապետություն, որը կարող է կիրառվել գոտում կայունությունը երաշխավորելու համար։ Պաղեստինի ինքնավարությունը ի վիճակի չէ որեւէ վերահսկողություն կամ իշխանություն ստանձնել Գազայում, և իսրայելցիները մտադիր չեն կարգի հրավիրել երկիրը՝ առանց Գազան դարձնելու իսրայելա-պաղեստինյան խնդրի լուծման ավելի լայն ծրագրի առաջին մասը: Այսպիսով, երկընտրանքը բավականին պարզ է. կամ այժմ գործեք արմատապես, կամ հետագայում։ Եվ հաշվի առնելով այն ամենը, ինչի միջով մենք ստիպված ենք եղել անցնել, հաշվի առնելով, որ երկիրը հյուծված է, որ պահեստազորը հյուծված է, որ բանակն այսքան ժամանակ կռվում է և այլն, մենք դեռ մեծ ընտրություն չունենք»,- ասում է լրագրողը՝ հավելելով, որ Բենիամին Նեթանյահուն լավ է հաշվարկել. «Քնեսեթը (Իսրայելի խորհրդարանը-խմբագրի նշումը) արձակուրդ է գնում և կվերադառնա միայն հոկտեմբերին»։

«Սա նշանակում է, որ Բենիամին Նեթանյահուն ի վիճակի կլինի գնահատելու, թե ով է լինելու Միացյալ Նահանգների հաջորդ նախագահը և ինչպես պետք է վարվի նրա կառավարությունը ի պատասխան», - ընդգծեց Ամոս Հարելը:

Ի՞նչ մտադրություններ ունեն Մերձավոր Արևելքի մյուս դերակատարները

«Անցած շաբաթավերջին Կահիրեում հրադադարի հնարավոր համաձայնագրի շուրջ բանակցությունները, ինչպես նաև Իսրայել-Եգիպտոս-Գազա սահմանի երկայնքով անվտանգության որոշ խնդիրներ, քիչ առաջընթաց գրանցեցին»,- հաղորդում է Reuters-ը:

Միրեթ Ֆ. Մաբրուկը՝ Եգիպտոսի ծրագրի ավագ գիտաշխատող և Մերձավոր Արևելքի ինստիտուտի հիմնադիր տնօրենը, ևս քննադատում է Իսրայելի ղեկավարությանը՝ պնդելով, որ «Իսրայելը սպանեց Հանիեին՝ հրադադարի բանակցություններում կարևոր դերակատարին»:

Ըստ Axios-ի, Mossad-ի տնօրեն Դեյվիդ Բարնեան և իսրայելական Shin Bet անվտանգության տնօրեն Ռոնեն Բարը պետք է անցած հինգշաբթի մեկնեին Եգիպտոս՝ բանակցություններ վարելու Եգիպտոսի հետախուզության տնօրեն Աբբաս Քամելի հետ: Եգիպտոսը որոշել է, որ հանդիպումը չի կարող կայանալ Հանիեի հուղարկավորությունից առաջ։ Այնուամենայնիվ, Մերձավոր Արևելքում Բայդենի գլխավոր խորհրդական Բրեթ ՄաքԳուրկը կարծես թե «դրդում է երկու կողմերին էլ շարունակել բանակցությունները հրադադարի շուրջ», հաղորդում է աղբյուրը։

Եգիպտացի բանակցողները բանակցությունները մասնավոր կերպով բնութագրել են որպես «մաղով ջուր տանելու փորձ»: Իսրայելցի բանակցողները նույնպես հիասթափված են: Նրանք Axios-ին ասացին, որ «Նեթանյահուն, ըստ երևույթին, շարունակում է փոխել պայմանները՝ ցանկացած գործարք կասեցնելու համար, և որ նա համաձայնել է բանակցություններին միայն Բայդենին հանգստացնելու համար»:

Թեև Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունները անշեղորեն վատթարացել են Գազայի պատերազմի ժամանակ, և Էրդողանն ավելի կոշտ դիրքորոշում է որդեգրել մարտի 31-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո, Հանիյեի սպանությունից հետո Թուրքիան դժվար թե ինքնուրույն որևէ արմատական քայլ ձեռնարկի, ասում է Մերձավոր Արևելքի ինստիտուտի գիտաշխատող Հովարդ Այսենստատը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ի սկզբանե, ըստ փորձագետի, չի ցանկացել վճռական քայլեր ձեռնարկել Իսրայելի դեմ։

«Առաջինը, նա չցանկացավ մրցակցել մերձավորարևելյան իր գործընկերների հետ, հատկապես Պարսից ծոցում, որոնք պաղեստինցիների հանդեպ իրենց մտահոգությունը հավասարակշռում էին «Համասի» նկատմամբ թշնամաբար տրամադրվածությամբ, և որոնք առաջին հերթին մտահոգված էին տարածաշրջանում Իրանի ազդեցության սահմանափակմամբ: Երկրորդ, Իսրայելի հետ առևտուրը շարունակվում էր անխափան և կարևոր էր ինչպես Թուրքիայի տնտեսության, այնպես էլ Անկարայի արևմտյան դաշնակիցների համար: Երրորդ՝ Էրդողանն ի սկզբանե կարծում էր, որ Թուրքիան կարող է ինչ-որ կենտրոնական դեր խաղալ հրադադարի հաստատման հարցում»,- բացատրում է հետազոտողը:

«Քիչ հավանական է, որ Թուրքիան ինքնուրույն կդիմի արմատական քայլերի, և քիչ հավանական է, որ նա ուղղակիորեն կաջակցի Իրանից կամ նրա վստահված անձանց կողմից որևէ պատասխան քայլի», - հավելել է վերլուծաբանը։

Մերձավոր Արևելքի ինստիտուտի Աֆղանստանի և Պակիստանի հետազոտությունների տնօրեն Մարվին Գ. Վայնբաումը կարծում է, որ թեև Քաբուլը և Իսլամաբադը խստորեն դատապարտել են «Համասի» քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությունը, երկու երկրներն էլ զուսպ կլինեն իրենց արձագանքներում:

XS
SM
MD
LG