Թրամփը կանգնեց Հոուել քաղաքի շերիֆի տեղակալների կողքին՝ մեղադրանքներ ուղղելով Սան Ֆրանցիսկոյի նախկին շրջանային դատախազ ու Կալիֆոռնիայի նախկին գլխավոր դատախազ Քամալա Հարիսի հասցեին և նրան անվանելով իրավապահ մարմինների դեմ «մարքսիստական հարձակման պարագլուխ»։
«Քամալա Հարիսն իր հետ կբերի հանցագործության աճ, քաոս, ավերածություններ և մահ։ Կտեսնեք հանցագործության այնպիսի մակարդակ, որին նախկինում երբեք ականատես չեք եղել...։ Ե՛ս կապահովեմ օրենքը, կարգը, անվտանգությունը և խաղաղությունը»,- հայտարարել է Թրամփը:
ԱՄՆ նախագահի հանրապետականների թեկնածուն նախորդ շաբաթներին ակնհայտորեն փորձում էր նվազեցնել այն ոգևորությունը, որն առաջացել է ընտրապայքարից Բայդենի դուրս գալուց և Հարիսի մուտքից հետո: Թրամփը չի խորշում ահասարսուռ կանխատեսումներից, թե ինչ կարող է նշանակել Հարիսի ընտրությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում։ Երեքշաբթի Միչիգանում թեման հանցագործությունն ու հասարակական անվտանգությունն էր:
ԱՄՆ նախկին նախագահի ելույթից առաջ նրա նախընտրական թիմի հրապարակած հաղորդագրության համաձայն՝ Թրամփը պահաջելու է մահապատժի ենթարկել երեխաներին բռնաբարողներին և թրաֆիքինգի ենթարկողներին։ Սպիտակ տան նախկին ղեկավարն իր խոսքում, սակայն, չանդրադարձավ այդ թեմային, փոխարենը զգալի մաս հատկացրեց անձամբ Հարիսին թիրախավորելու և քննադատելու նախագահ Ջո Բայդենին:
«Անցած գիշեր զարմացած դիտեցի, երբ նրանք փորձում էին ձևացնել, որ ամեն ինչ հիանալի է: Հիմարի մեկն է մեր նախագահը»,- հայտարարել է Թրամփը՝ անդրադառնալով երկրում առկա գնաճին, ամերիկա-մեքսիկական սահմանին ստեղծված իրավիճակին։
Դոնալդ Թրամփի ելույթում կարմիր թելի նման գնում էր այն միտքը, թե ինչ մռայլ ապագա է սպասվում Միացյալ Նահանգներին, եթե Սպիտակ տան ղեկավարի աթոռին բազմի Քամալա Հարիսը, թեև իր խոսքի հիմնավորումները աղքատիկ էին:
«Ուղղակի խելագարվել կարելի է․ չես կարող փողոցով քայլել՝ մի կտոր հաց գնելու համար, քեզ գնդակահարում են, թալանում, բռնաբարում են, ինչ ասես կարող է պատահել: Եվ դո՛ւ այդ տեսել ես, ե՛ս տեսել եմ։ Ժամանակն է փոփոխությունների»,- ասել է Թրամփը:
Նման բովանդակությամբ ԱՄՆ նախկին նախագահը, ըստ ամենայնի, փորձում է հակադարձել դեմոկրատների առաջ քաշած թեմային, թե Թրամփը ԱՄՆ առաջին նախկին նախագահն է, որը երբևէ դատապարտվել է հանցագործության համար և դեռ պետք է դիմագրավի բազմաթիվ մեղադրանքների, այդ թվում՝ 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքում իր պարտությունը ապօրինաբար չեղարկելու ջանքերի համար։
Տեխասից ընտրված դեմոկրատ կոնգրեսական Ժասմին Քրոքեթը երկուշաբթի Թրամփին անվանել է «փորձառու հանցագործ, որը կապ ունի 34 հանցագործությունների, երկու իմփիչմենթնի և պոռնոաստղի հետ» և ով Նյու Յորքում մեղադրվում է խարդախության համար:
Միմյանց մեղադրելու թեման, թերևս, հասավ գագաթնակետին, երբ դեմոկրատների համագումարի ժամանակ Հիլարի Քլինթոնը, որին Թրամփը հաղթեց 2016 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ, ժպիտը դեմքին հետքայլ արեց՝ Թրամփին հասեցագրված դեմոկրատ պատվիրակների գոչյունների ներքո՝ «Դատե՛ք նրան։ Դատե՛ք նրան»։ Ութ տարի առաջ Թրամփի կողմնակիցները այս բառերով էին դիմում Քլինթոնին, ով մեղադրվում էր ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում աշխատած ժամանակ պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունը մասնավոր ընկերության առաջարկած էլ․-փոստի միջոցով քննարկելու համար, թեև այդ արարքի համար Հիլարի Քլինթոնին երբեք պաշտոնական մեղադրանք չի ներկայացվել։