ԱՄՆ նախագահի և փոխնախագահի թեկնածուները համաձայնեցրել են հեռուստաբանավեճերի ժամկետները

Դոնալդ Թրամփ, Քամալա Հարիս

Ջեյ Դի Վենսը և Թիմ Ուոլցը պայմանավորվել են, որ իրենց հեռուստաբանավեճը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին, իսկ Քամալա Հարիսը համաձայնել է Դոնալդ Թրամփի հետ բանավեճին։

Մինեսոտայի դեմոկրատ նահանգապետ Թիմ Ուոլցը և Օհայոյից ընտրված
հանրապետական սենատոր Ջեյ Դի Վենսը պայմանավորվել են միմյանց հետ
բանավիճել հոկտեմբերի 1-ին` նման կերպ, փաստորեն, սկիզբ դնելով
ընտրություններին, քանի որ որոշ նահանգներում նախատեսված է վաղաժամ
քվեարկություն:

Զուգահեռաբար՝ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը Դոնալդ Թրամփի հետ
համաձայնեցրել է նախագահական թեկնածուների երկրորդ բանավեճի օրը, որը տեղի
կունենա սեպտեմբերի 10-ին։

Չորեքշաբթի X սոցհարթակում CBS-ը տեղեկացրել էր, թե ԱՄՆ փոխնախագահերի
թեկնածուների հեռուստաբանավեճը տեղի կունենա Նյու Յորքում՝ ներկայացնելով
բանավեճի չորս հնարավոր օրեր՝ սեպտեմբերի 17-ը, սեպտեմբերի 24-ը, հոկտեմբերի 1 -
ը և հոկտեմբերի 8-ը:

Ուոլցը վերահրապարակել է հաղորդագրությունը՝ հավելելով․ «Ջեյ Դի կհանդիպենք
հոկտեմբերի 1-ին»:

Ի հավելումն՝ դեմոկրատների նախընտրական թիմի՝ X-ում գործող էջերից մեկը ընդգծել
է, թե Ուոլցը «անհամբեր սպասում է Վենսի հետ բանավեճին, եթե նա հետ չկանգնի»:

Նույն հարթակում Վենսը արձագանքել է, որ «ընդունում է հոկտեմբերի 1-ի հրավերը»:
Նաև հավալել է, որ «պատրաստ էր հանդիպել սեպտեմբերի 18-ին»։

Բանավեճը սեպտեմբերի 18-ին անցկացնելու առաջարկի վերաբերյալ դեմոկրատները
չէին պատասխանել։ Սպասվում էր, որ ԱՄՆ փոխնախագահների թեկնածուների
հանդիպումը կարող էր հեռարձակվել CNN-ով: Հեռուստաընկերության
ներկայացուցիչները հաստատել էին, որ Վենսն ընդունել էր հեռուստաալիքի կողմից
նրան ուղարկված հրավերը։

Ինչևէ, CBS-ը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 1-ի բանավեճը կվարեն հաղորդավարներ
Նորա Օ'Դոնելը և Մարգըրեթ Բրենանը:

Պարզ չէ՝ արդյո՞ք Ուոլցն ու Վենսը ևս մեկ հեռուստաբանավեճ կանցկացնեն նոյեմբերի
5-ի ընտրություններից առաջ:

Փաստորեն, ԱՄՆ փոխնախագահի թեկնածուների բանավեճը տեղի կունենա
սեպտեմբերի 10-ին ABC News հեռուստաալիքում կայանալիք Հարիս-Թրամփ
բանավեճից երեք շաբաթ անց:

Թրամփը հայտնել է, որ պայմանավորվել է երեք տարբեր հեռուստաալիքների հետ՝
հեռուստաբանավեճի այլ օրերի համար: Օրինակ՝ Fox News-ն առաջարկել է Հարիսի և
Թրամփի բանավեճը հեռարձակել սեպտեմբերի 4-ին, NBC News-ը հակված էր
բանավեճն անցկացնել սեպտեմբերի 25-ին:

Միչիգանում ելույթի ժամանակ Հարրիսը նշել է, որ «ուրախ է շարունակել զրույցը»
լրացուցիչ հեռուստաբանավեճերի վերաբերյալ:

Ի հավելումն՝ Հարիսի նախընտրական թիմը հինգշաբթի տեղեկացրել է, որ Թրամփը
«ընդունել է երեք հեռուստաբանավեճեր անցկացնելու մեր առաջարկը»:

Հարիս-Ուոլց նախընտրական շտաբի խոսնակ Մայքլ Թայլերի խոսքով՝ սեպտեմբերի
10-ին ABC News-ում հեռուստաբանավեճը կկայանա այն պայմանով, որ հոկտեմբերին
«ամերիկյան ժողովուրդը ևս մեկ հնարավորություն կունենա» տեսնել նրանց բանավեճը՝
առանց կոնկրետ օր ու հեռուստաալիք նշելու։

Հանրապետականների ու դեմոկրատների նախընտրական թիմերն անպատասխան են
թողել հարցումը, թե արդյոք համաձայնեցված են նախագահական երրորդ բանավեճի
ամսաթիվը և հեռուստաալիքը