Մինչ Թրամփի նախընտրական թիմը բախվել է հաքերային հարձակման, Հարիսը խոստանում է վերացնել թեյավճարների հարկերը

ԱՄՆ Կապիտոլիում

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր նախընտրական թիմի կայքերից մեկը «կոտրել» են։ Մինչ մանրամասները պարզվում են, ԱՄՆ փոխնախագահի հանրապետականների թեկնածու Ջեյ Դի Վենսը կիրակի՝ իր մի քանի հարցազրույցների ժամանակ թիրախավորել է դեմոկրատ մրցակիցներին։

Թրամփի նախընտրական թիմի դեմ իրականացված հաքերային հարձակման մասին լուրերը շարունակում էին հայտնվել ամերիկյան լրատվամիջոցների գլխագրերում։ Լայն հանրությանը այդ մասին առաջին անգամ Թրամփը տեղեկացրեց շաբաթ օրը՝ իրեն պատկանող Truth սոցհարթակի միջոցով:

«Microsoft Corporation-ից նոր տեղեկացանք, որ մեր բազմաթիվ կայքերից մեկը «կոտրվել» է Իրանի կառավարության կողմից»:

Իրանցի պաշտոնյաները հերքել են մեղադրանքները։

Ըստ տեղեկությունների՝ հաքերային հարձակման հետևանքով արտահոսած փաստաթղթերը պարունակում էին տեղեկություններ սենատոր Ջեյ Դի Վենսի մասին: Նա կիրակի հայտնվել էր մի քանի լրատվական թողարկումներում։ Հարցերը, բնականաբար, նախագահական ընտրապայքարի մասին էին:

Օրինակ, ABC-ի եթերում Օհայոյից ընտրված հանրապետական սենատորը հակադարձեց նախկինում իր կողմից արված և ընտանեկան քաղաքականությանը վերաբերող վիճահարույց հայտարարություններին ուղղված քննադատությանը՝ իր հերթին քննադատելով այդ հարցերի առնչությամբ դեմոկրատ գործիչների մոտեցումները:

«Ինչո՞ւ չենք խոսում գնաճի մասին. Ինչո՞ւ չենք խոսում այն մասին, որ մթերքները մատչելի չեն՝ Քամալա Հարիսի քաղաքականության պատճառով»,- ասել է Ջեյ Դի Վենսը:

Դեմոկրատների քարոզարշաբի ժամանակ՝ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի շաբաթ օրը Լաս Վեգասում կայացած նախընտրական հանդիպմանը ևս գերակշռում էին տնտեսական հարցերը։

«Խոստանում եմ բոլորին՝ երբ նախագահ լինեմ, կշարունակենք մեր պայքարը հանուն Ամերիկայի աշխատավոր ընտանիքների։ Բարձրացնելու ենք նվազագույն աշխատավարձը, իսկ սպասարկման և հյուրընկալության ոլորտի աշխատակիցների համար չեղարկելու ենք թեյավճարներից գանձվող հարկերը»,- ասել է Հարիսը:

Հայտնի է, որ նախկինում նման խոստում տվել էր Թրամփը, և հանրապետական գործիչը առիթը բաց չի թողել Հարիսին մեղադրելու «թեյավճարները հարկերից ազատելու» իր քաղաքականությունը գողանալու մեջ:

Դեմոկրատ սենատոր Էմի Կլոբուչարը նկատում է՝ Հարիսի ասպարեզ գալով դեմոկրատների նախընտրական քարոզարշավը թափ է հավաքել։

«Նա ոգեշնչեց երկիրը՝ Ֆիլադելֆիայից մինչև Վիսքոնսինի սիրտը, մինչև Արիզոնա, ուր ավելի քան 15 հազար մարդ էր հավաքվել նրա հանրահավաքին: Մարդիկ ուզում են առաջ գնալ»,- ասել է սենատոր Կլոբուչարը:

Հարրիսը Վաշինգտոն կվերադառնա կիրակի՝ Սան Ֆրանցիսկոյում քաղաքական միջոցառման մասնակցելուց հետո: Սպասվում է, որ նա և նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի միասին հանդես կգան Մերիլենդում:

Չորեքշաբթի Դոնալդ Թրամփին սպասում են Հյուսիսային Կարոլինա նահանգի Էշվիլ քաղաքում, և, ըստ տեղեկությունների, ԱՄՆ նախկին նախագահը կենտրոնանալու է տնտեսական հարցերի վրա: