Թիմ Ուոլցը 1989 թվականին մեկ տարի դասավանդել է Չինաստանում, իսկ ավելի ուշ կազմակերպել ուսանողական ճամփորդություններ՝ տարիների ընթացքում այցելելով այդ երկիր ավելի քան 30 անգամ:
Հանրապետականներն ասում են, թե Ուոլցի երկարամյա կապերը Չինաստանի հետ նշանակում են, որ Պեկինի կողջունի նրա միանալը Քամալա Հարիսի թիմին՝ ակնկալելով, որ նա կթուլացնի ԱՄՆ քաղաքականությունը Չինաստանի հարցում:
«Նա ընտրեց Թիմ Ուոլցին, մի մարդու, ով ցանկանում է ավելի շատ աշխատատեղեր տեղափոխել Չինաստան»,- հայտարարել է ԱՄՆ փոխնախագահի հանրապետականների թեկնածու Ջեյ Դի Վենսը:
Վենսը, թերևս, նկատի ուներ Մինեսոտայի նահանգապետի պաշտոնում Ուոլցի նախաձեռնությունները՝ ամրապնդել առևտրային կապերը Չինաստանի հետ:
Ուշագրավ է, որ Թիմ Ուոլցը Չինաստանի մասին չհիշատակեց, երբ միանում էր Հարիսի քարոզարշավին, բայց Պեկինի հետ հարաբերությունների մասին խոսել է դեռ 2016 թվականին, երբ կոնգրեսական էր։
«Այն մարդկանցից չեմ, որոնք պնդում են, թե Չինաստանը հակառակորդ երկիր է: Համաձայն չեմ, թեև կարծում եմ, որ պետք է ամուր պահենք մեր դիրքերը Հարավչինական ծովում: Բայց համագործակցության շատ ոլորտներ կան, որոնց շուրջ կարող ենք աշխատել»,- ասել էր կոնգրեսական Ուոլցը:
2014 թվականին Թիմ Ուոլցը պատմել էր «Ամերիկայի ձայնին», թե ինչպես այնտեղ մեկ տարի ապրել՝ 1989 թվականի Պեկինի Տյանանմեն հրապարակում տեղի ունեցած արյունալի իրադարձություններից հետո, երբ խաղաղ ցուցարարների դեմ չինական բանակի գործողությունների հետևանքով հարյուրավոր մարդիկ սպանվեցին։
«Շատ հզոր էր [մարդկանց բողոքը]։ Պատիվ եմ ունեցել այնտեղ լինել և տեսնել չին ժողովրդի ոգին, որը փորձում էր հպարտանալ իր երկրով՝ նաև հասկանալով, որ ազատությունը պետք է շողա»,- ասել էր Ուոլցը:
Քամալա Հարիսին Թիմ Ուոլցի միանալուց ընդամենը ժամեր անց վերը նշված թեման Չինաստանում արագորեն հայտնվեց ուշադրության կենտրոնում: Կարծիքներ հնչեցին, թե Ուոլցը կարող է բարյացակամ լինել Պեկինի հանդեպ:
Սակայն չինացի որոշ օգտատերերի կարծիքով՝ Թիմ Ոիոլցն ավելի կոշտ դիրքորոշում կորդեգրի Չինաստանի նկատմամբ, քանի որ ԱՄՆ Կոնգրեսում աշխատելու ժամանակ աջակցել է մի շարք բանաձևերի, որոնք քննադատում են Չինաստանում մարդու իրավունքների վիճակը:
Եղան նաև մեկնաբանություններ, թե նախկին ուսուցիչը, իրականում, Չինաստանում զբաղվել է լրտեսությամբ:
Հատկանշական է, որ պաշտոնական Պեկինը տակավին հրապարակավ չի անդրադարձել ԱՄՆ փոնախագահի թեկնածուի դիրքում Ուլոցի ընտրությանը:
«Նա շատ անկեղծ էր՝ Չինաստանում մարդու իրավունքների վերաբերյալ իր քննադատության մեջ։ Կարծում եմ, այդ արել է այն արժեքների պատճառով, որոնք ցանկանում էր տարածել Չինաստանում»,- ասել է չինացի վերլուծաբան Կաիսեր Կուոն։
Չինացի որոշ դիտորդներ էլ համաձայն են, թե Հարիս-Ուոլց վարչակազմը, հիմնականում, կշարունակի Բայդենի և Թրամփի վարչակազմերի կողմից Չինաստանի դեմ տարվող խիստ քաղաքականությունը:
Այնուամենայնիվ, ի՞նչ են մտածում Պեկինում․․․ վերլուծաբան Ջիմ Ֆելոուսի հետևյալ կարծիքին է․ «Նրանք, ըստ էության, ապշած են և չգիտեն, թե ինչ անել այս մարդու հետ, ով այն չէ, ինչ նրանք սպասում էին»: