«Չեմ ձգտի և չեմ ընդունի, եթե իմ կուսակցությունը՝ որպես ձեր նախագահ առաջադրի իմ թեկնածությունը ևս մեկ ժամկետի համար»,- ժամանակին հայտարարել էր ԱՄՆ 36-րդ նախագահ Լինդոն Ջոնսոնը։
1968 թվականին արված Լինդոն Ջոնսոնի այս հայտարարությունը շատերի համար անակնկալ էր, թե ԱՄՆ այդ ժամանակվա նախագահը չի պատրաստվում վերընտրվելու հայտ ներկայացնել։
Նույն սենյակում՝ Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում, 56 տարի անց նախագահ Ջո Բայդենը հանդես եկավ ամերիկյան հանրության առջև, թե ինչու է որոշել դուրս գալ նախագահական ընտրապայքարից:
«Գիտեք, որ գոյություն ունի ժամանակ ու վայր, և ժամանակն է ու տեղն է նոր ձայների, թարմ ձայների համար, այո՛՝ ավելի երիտասարդ ձայների, և այդ ժամանակն ու վայրը հիմա են»,- ասել է նախագահ Ջո Բայդենը:
Ե՛վ Ջոնսոնը, և՛ Բայդենը իրենց նախագահության վերջին շրջանում չունեին բարձր հեղինակություն։ Այդ ժամանակ պառակտված Դեմոկրատական կուսակցությունը որպես երկրի հաջորդ նախագահի թեկնածու ընտրեց Ջոնսոնի օրոք ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը զբաղեցրած Հյուբերթ Համֆրիին։
«Պատրաստ եմ առաջնորդել մեր երկիրը»,- ամերիկացիներին դիմել էր Համֆրին։
1968 թվականին Հյուբերթ Համֆրին չկարողացավ համոզել ամերիկացի ընըտրողների մեծամասնությանը, և ԱՄՆ նախագահ ընտրվեց հանրապետական Ռիչարդ Նիքսոնը:
Այս անգամ՝ 2024 թվականին դեմոկրատներն արագ համախմբվեցին գործող փոխնախագահ Քամալա Հարիսի թիկունքում:
«Այսպիսով, այս ընտրապայքարում փոփոխություն է տեղի ունենում»,- հայտարարել է Հարիսը։
Ըստ Վիրջինիայի համալսարանի պրոֆեսոր Գայան ՄըքՔիի՝ դեմոկրատների նման համախմբումը Քամալա Հարիսի համար խթան հանդիսացավ՝ ձգտել հաղթանակ տանել ԱՄՆ նախագահի հանրապետականների թեկնածու, նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ:
«Ի տարբերություն Համֆրիի, նա կարողացել է (գոնե այս պահին) հաղթահարել ոչ այդքան էլ հանրաճանաչ լինելու հանգամանքը, ձևավորել սեփական քաղաքական ինքնություն և նոր թափ հաղորդել ընտրապայքարին»,- ասել է ՄըքՔին:
Անցած շաբաթ Ջոնսոնի անվան նախագահական գրադարանում Բայդենը հայտարարեց, թե տևական ժամանակ է, ինչ հիացած է ԱՄՆ 36-րդ նախագահի անցած ուղով՝ Տեխաս նահագնում գյուղական դպրոցի ուսուցչից մինչև սենատոր, այնուհետև՝ փոխնախագահ և, ի վերջո, երկրի նախագահ:
«Նրա փիլիսոփայությունը պարզ էր՝ մեծ հասարակության մեջ ոչ ոք չպետք է անտենսվի»,- ասել է նախագահ Ջո Բայդենը:
Նախագահ Լինդոն Ջոնսոնի «Մեծ հասարակություն» նախագիծը, որի շրջանակում քայլեր արվեցին քաղաքացիական իրավունքների ամրապնդման ուղղությամբ, կյանքի կոչվեցին սոցիալական ապահովության ծրագրեր, տեղերում` դպրոցները ստացան դաշնային ֆինանսավորում և իրականացվեցին այլ, այդ թվում՝ բնապահպանական ծրագրեր, ստվերի տակ հայտնվեց Վիետնամի պատերազմի պատճառով, որին ԱՄՆ-ն ակտիվորեն ներգրավվեց 1964 թվականից։
Այդուհանդերձ, ԱՄՆ 46 նախագահների շարքում Ջոնսոնը տեղ է զբաղցերել է բարձր վարկանիշ ունեցող առաջատարների խմբում, որը կազմել են մի շարք պատմաբաններ։
Միացյալ Նահանգների 46-րդ նախագահը՝ Ջո Բայդենը, թերևս, հիշվի Աֆղանստանից ամերիկյան զորքերի քաոսային դուրսբերմամբ, կլիմայի փոփոխության հետևանքների դեմ պայքարում գործադրած ջանքերի, ամերիկյան արդյունաբերության ամրապնդմանն ուղղված քայլերի պատճառով:
ՄըքՔիի խոսքով՝ Բայդենի թողած ժառանգությունը կարող է այլ գնահատական ստանալ, եթե, իհարկե, Վաշինգտոնի ջանքերը հաջողեն Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում։
«Շատ բան կախված է նրանից, թե արդյոք ժամանակի ընթացքում նրա ձեռքբերումները կաճեն և կգերազանցեն արդեն իսկ առկա հաջողութունների ցանկը, ինչը կամբողջացնի նրա թողած պատմական ժառանգությունը և կորոշի նրա տեղը ամերիկյան նախագահների շարքում»,- ասել է Գայան ՄըքՔին:
Անշուշտ, Լինդոն Ջոնսոնը և Ջո Բայդենը մեկ ժամկետ պաշտոնավարած ամերիկյան միակ ընտրյալ նախագահները չեն, ովքեր որոշեցին չառաջադրվել երկրորդ անգամ։ 1849 թվականին այդպես հեռացավ վատառողջ Ջեյմս Փոլքը և երեք ամիս անց մահացավ: Նախագահ Ջեյմս Բյուքենենը ևս պաշտոնավարել է մեկ ժամկետ՝ 19-րդ դարի կեսերին՝ ամերիկյան քաղաքացիական պատերազմի նախօրեին։ 20-րդ դարում նման կերպ վարվեց նախագահ Քելվին Քուլիջին, որի պաշտոնավարումը նախորդեց ԱՄՆ-ում տնտեսական մեծ անկմանը՝ Մեծ դեպրեսիային։ Սպիտակ տանը պաշտոնավարելու առաջին ժամկետից հետո նախագահ Հարի Թրումենը ևս որոշեց չշարունակել պայքարը՝ կորեական պատերազմի ֆոնին: