Կիրակի երեկոյան՝ Օլիմպիական խաղերի փակման արարողության ժամանակ
հոլիվուդյան դերասան Թոմ Քրուզը զարմացրեց հանդիսատեսին՝ պարանով իջնելով
Ֆրանսիայի գլխավոր մարզադաշտ՝ «Ստադ դը Ֆրանս», և ավելի քան 71 հազար
հանդիսատեսի առջև բարձրացնելով Օլիմպիական խաղերի դրոշը։ Այդպես մեկնարկեց
օլիմպիական խորհրդանիշի ճանապարհորդությունը դեպի Լոս Անջելես, որտեղ 2028
թվականին կանցկացվեն ամառային հաջորդ օլիմպիական խաղերը։
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը երկուշաբթի հայտարարել է, թե
Օլիմպիական խաղերը աշխարհին ցույց տվեցին «Ֆրանսիայի իրական դեմքը»:
Ֆրանսիացիներից շատերը համոզված են, որ խաղերի հաջողությունը գերազանցել է
սպասելիքները և շեղել Ֆրանսիայի ժողովրդին երկրում տիրող քաղաքական
լարվածությունից:
Մակրոնը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր օգնել են ապահովել
Օլիմպիական խաղերի հաջողությունը՝ ընդգծելով իրավապահ մարմինների գործը՝
մարզիկների և հանդիսատեսի անվտանգությունն ապահովելու հարցում։
«Կանխվել են հարյուրավոր միջադեպեր»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։
Մասնավորապես՝ դիվերսիայի փորձեր եղան ֆրանսիական երկաթուղիներում,
սակայն, ի վերջո, ոչինչ չկարողացավ ստվերել խաղերի ընթացքը։
Կիրակի՝ Օլիմպիական խաղերի փակման արարողությանը, որը ժամանակ հատուկ
ուշադրություն դարձվեց խաղաղությանը և աշխարհում համագործակցության
ամրապնդմանը վերաբերող ուղերձներին, Միջազգային օլիմպիական կոմիտեի
նախագահ Թոմաս Բախը բարձր է գնահատել 2024 թվականի Օլիմպիական խաղերը՝
դրանք անվանելով «սպորտի լավագույն դրսևորում»:
Մոտ 9 հազար մարզիկներ կիրակի երեկոյան «Ստադ դը Ֆրանսում» էին՝ Օլիմպիական
խաղերի փակման հանդիսավոր արարողությանը մասնակցելու համար: Գունագեղ
շոուին նաև մասնակցել են ֆրանսիական հայտնի՝ Air և Phoenix խմբերը, բելգիացի
երգչուհի Անջելեն և կամբոջացի ռեփեր VannDa-ն:
Արարողությանը ընթացքում նաև տրվեց Լոս Անջելեսում անցկացվելիք խաղերի
քառամյա հետհաշվարկի սկիզբը: Ամերիկացի հռչակավոր մարմնամարզուհի Սիմոն
Բայլսը ուղեկցում էր Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասին՝ Օլիմպիական դրոշի
հանձնման և ընդունման արարողության ժամանակ։
Լոս Անջելեսի քաղաքագլուխը խոստովանել է՝ 2024 թվականի Օլիմպիական խաղերը
բարձրացրել են նման միջազգային միջոցառման անցկացման չափանիշները, սակայն վստահություն է հայտնել որ տարբեր մշակույթներով լի հրեշտակների քաղաքը՝ Լոս
Անջելեսը, կկարողանա փայլուն կազմակերպել հաջորդ Օլիմպիական խաղերը:
«Մենք ունենք Հոլիվուդ, և անհամբեր սպասում եմ բազմաթիվ կախարդական
հնարավորությունների»,- ընդգծել է Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասը: