Չինաստանն ու Թուրքիան խորացնում են հարաբերությունները

Թուրքիա-Չինաստան հարաբերություններ

Չինական ավտոմոբիլաշինության հսկայի՝ BYD-ի ծրագրերը Թուրքիայում կառուցել մեկ միլիարդ դոլար արժողությամբ գործարան, կարող է շրջադարձային լինել երկու երկրների հարաբերություններում։ Պեկինը նման քայլի է գնում՝ Չինաստանում ույղուրներին Անկարայի ցուցաբերած աջակցության պատճառով

Այս հուլիսին չինական ավտոմոբիլաշինության հսկան՝ BYD-ը, պայմանագիր է ստորագրել՝ Թուրքիայում մեկ միլիարդ դոլար արժողությամբ գործարան կառուցելու վերաբերյալ: Գործարանը տարեկան կարտադրի 150 հազար ավտոմեքենա՝ հիմնականում Եվրամիության շուկայի համար։

Վերլուծաբաններն ասում են, որ պայմանավորվածությունը կարող է շրջադարձային լինել չին-թուրական հարաբերություններում:

Ստամբուլի Գեդիկ համալսարանի Ասիական-Խաղաղօվկիանոսյան բաժնի տնօրեն Սիբել Կարաբելն ասում է․ «Այս գործարքի արդյունքում կնվազի Թուրքիայի առևտրի դեֆիցիտը․ [երկիրը կսկսի ավելի շատ արտահանել]։ Չինաստանի համար այն կարևոր է, որովհետև այստեղ արտադրվող ապրանքները կազատվեն մաքսատուրքերից, քանի որ Թուրքիան ու Եվրամիությունը մաքսային միության մեջ են»։

Your browser doesn’t support HTML5

Չինաստանն ու Թուրքիան խորացնում են հարաբերությունները

Դիտորդների խոսքով, կառուցվելիք գործարանը Պեկինի համար գործուն միջոց է շրջանցել չինական մեքենաների նկատմամբ ԵՄ սահմանած նոր մաքսատուրքերը:

Եվրոպական քաղաքականության ուսումնասիրությունների կենտրոնում Չինաստանի գծով փորձագետ Սերեն Էրգենչը նշում է․ «[Չինական] ներդրումները Թուրքիայում մեծ չեն, և պատճառն այն է, որ Չինաստանը Թուրքիան ընկալում է որպես տարածաշրջանում բարձր քաղաքական ռիսկ ունեցող երկիր»:

Արտերկրում բնակվող ույղուրական համայնքներում անհանգստացած են, թե Թուրքիան կարող է շրջվել իրենցից:

Ժամանակին Անկարան քննադատում էր Պեկինին՝ Չինաստանի մահմեդական ույղուր փոքրամասնության նկատմամբ ճնշումներ գործադրելու համար, և շատերին ապաստան է առաջարկել Թուրքիայում:

Դիտորդների խոսքով, ույղուր այլախոհները մտահոգ են, որ Պեկինի ներդրումները Թուրքիայում, թերևս, գործարքի մասն են, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ձեռք է բերել վերջերս Չինաստան կատարած այցի ժամանակ:

Չեն բացառում նաև, որ նման քայլը Չինաստանի ռազմավարության մասն է՝ ԱՄՆ հետ մրցակցության պայմաններում ընդլայնել Պեկինի ազդեցությունը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայում:

Դիտորդները նաև հավելում են՝ Անկարան ու Պեկինը դիվանագիտական ընդհանուր լեզու են գտել միջազգային մի շարք հարցերում, օրինակ՝ Գազայի հակամարտության առնչությամբ։

Ստամբուլի Մարմարա համալսարանի վերլուծաբան Չագդաս Ունգորն ասում է․ «Ներկայում, Թուրքիայի և Չինաստանի քաղաքականությունը Գազայի հարցում համընկնում է, և այն շատ է տարբերվում արևմտյան երկրների մեծ մասի մոտեցումներից: Այնպես որ, տարածաշրջանային մակարդակով որոշակի հանգամանքներ կան, որոնց արդյունքում Չինաստանը շատ ավելի լավ գործընկեր է թվում, քան արևմտյան երկրները»։

Անկարան ողջունել է պաղեստինցի առաջնորդներին այս հուլիսին Պեկինում ցուցաբերած ընդունելությունը: Դիտորդների կարծիքով, Մերձավոր Արևելքում հակամարտության ընդլայնումը կարող է մերձեցնել Թուրքիային ու Չինաստանին։