Չինաստանի և Ռուսաստանի ռազմական օդանավերը նախորդ մի քանի տարիներին պարբերաբար համատեղ թռիչքներ են իրականացրել՝ այն կոչելով «համատեղ օդային պարեկություն»։ Սակայն այս տարվա հուլիսի 25-ին նրանց «պարեկությունը» առաջին անգամ այնքան է մոտեցել ԱՄՆ տարածքին, որ նրանց «որսալու» համար օդ է բարձրացվել ամերիկյան և կանադական ռազմաօդային ուժերի խումբը։
ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից ռուսական ռազմական ավիախմբեր «որսալու» դեպքերը սովորական դարձան, երբ Վլադիմիր Պուտինը դեռ 2007 թվականին վերսկսեց Ռուսաստանի ռազմավարական ավիացիայի թռիչքները ԱՄՆ մերձսահմանային տարածքներում։ 2019 թվականին ռուսական հրթիռակիրները և չինական ռմբակոծիչները համատեղ թռիչքներ սկսեցին Հեռավոր Արևելքի տարածաշրջանում, և նրանց նախորդ համատեղ թռիչքը նույնպես նոր երևույթ չէ։ Նորությունն այն է, որ եթե նախկինում ռուսական օդանավերը ուղեկցում էին չինականներին հեռավորարևելյան ծովերի վրա թռիչքների ժամանակ, որտեղ Պեկինը փորձում է հաստատել իր գերակայությունը, ապա այժմ Չինաստանը առաջին անգամ միացել է Ռուսաստանի ռազմավարական ավիացիայի թռիչքին դեպի ԱՄՆ ափեր։
Ըստ ռազմական դիտորդների, Պեկինի նման գործողությունները, թերևս, ի ցույց են դնում ԱՄՆ-ի հետ առճակատման հաջորդ քայլը՝ մի կողմից Թայվանին ցուցաբերվող Վաշինգտոնի աջակցության, մյուս կողմից՝ ուկրաինական պատերազմում Կրեմլին չինական օգնության պատճառներով։
Հարկ է նշել, որ Ալյասկայի շրջանում ռուս-չինական «պարեկությունը» տեղի է ունեցել Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի Չինաստան կատարած այցի վերջին օրը։ Ուկրաինայի նախարարին Չինաստանում ընդունել է նրա պաշտոնակից Վան Ին։ Նրանց հանդիպումը ոչ թե Պեկինում էր, այլ Գուանչժոուում, և արդյունքները դեռ պարզ չեն։
Այս ամենը տեղի է ունենում ռուս-չինական հարաբերությունների խորացման և Պեկինին ուղղված Արևմուտքի ուղերձի ֆոնին, թե այլևս մտադիր են էապես կոշտացնել դիրքորոշումը Չինաստանի նկատմամբ՝ Կրեմլին ցուցաբերվող աջակցության պատճառով։
Նշվածը ի ցույց դրվեց Վաշինգտոնում վերջերս կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Չինաստանի վերաբերյալ աննախադեպ կոշտ հայտարարությամբ, ուր ասված է, որ «Չինաստանը վերածվել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի կարևորագույն հանցակցի՝ «առանց սահմանափակումների» իրենց գործընկերության և Ռուսաստանի ռազմա-արդյունաբերական համալիրին ցուցաբերվող լայնածավալ աջակցության» պատճառով, ինչը «մեծացնում է այն սպառնալիքը, որը Ռուսաստանը ներկայացնում է իր հարևանների և եվրաատլանտյան անվտանգությանը»։
ՆԱՏՕ-ի հայտարարության մեջ նաև հստակ նախազգուշացում է հնչել Պեկինին. «Չինաստանը չի կարող նպաստել նորագույն պատմության մեջ Եվրոպայում ամենախոշոր զինված հակամարտությանը՝ առանց իր շահերի և հեղինակության համար բացասական հետևանքների»։
Ի պատասխան Չինաստանի ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ին մեղադրեց առճակատման գնալու մեջ. «ՆԱՏՕ-ի վաշինգտոնյան գագաթնաժողովի հռչակագիրը մեծացնում է լարվածությունը Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ ի ցույց դնելով Սառը պատերազմի մտածելակերպն ու ռազմատենչ հռետորաբանությունը։ Չինաստանին վերաբերող հատվածը լի է նախապաշարմունքներով, զրպարտություններով ու սադրանքներով։ Չափազանց դժգոհ ենք այս կապակցությամբ և կտրականապես դեմ ենք հանդես գալիս։ Պաշտոնական հայտարարություններ ենք արել ՆԱՏՕ-ի հասցեին։ Ուկրաինայի հարցում ՆԱՏՕ-ն ուռճացնում է Չինաստանի պատասխանատվությունը։ Դա իմաստազուրկ է և թելադրված չար մտադրություններով»։
Արդյո՞ք ռուս-չինական օդային և ծովային զորավարժությունների նպատակն է հասնել օպերատիվ մակարդակում համատեղ գործելուն
Չինացի և ռուս զինվորականները «համատեղ պարեկություն» են իրականացնում ոչ միայն օդում, այլև ծովում։ Այս տարվա հուլիսին Ռուսաստանի և Չինաստանի ռազմանավերը նման «պարեկություն» են իրականացրել Ֆիլիպինյան ծովում, իսկ հետո համատեղ զորավարժություններ են անցկացրել Հարավչինական ծովում, ընդ որում՝ գործի դնելով հրետանի։
Մոսկվան և Պեկինը համատեղ վարժանքների վաղեմի փորձ ունեն, իսկ նախորդ տարիներին զինվորականների շփումները ավելի են ակտիվացել՝ «Ամերիկայի ձայնին» հետ զրույցում նշում է Ասիայի երկրների ռազմական համագործակցության գծով ամերիկյան հեղինակավոր վերլուծական կլենտրոններից մեկի՝ RAND-ի, առաջատար փորձագետ Մարկ Քոզադը.
«Տեսնում ենք Ռուսաստանի և Չինաստանի ռազմական համագործակցության ակնհայտ աճ, որը սկսվեց Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից առաջ։ Այն հիմնականում դրսևորվում է զորավարժություններով և ցանկությամբ, հատկապես չինական կողմից, ընդլայնել կապերը ռուսաստանցի զինվորականների հետ՝ փորձով փոխանակվելու համար։ Հանդիպում են ոչ միայն առաջնորդները՝ Պուտինն ու Սի Ծինփինը, այլև ռազմական ղեկավարները, և նրանք պահպանում են այդ շփումները պատերազմի ժամանակ»։
Քոզադի կարծիքով, Ռուսաստանում և Չինաստանում ռազմաշինությունն ընթանում է տարբեր ուղղություններով. «Չինաստանն ու Ռուսաստանը կարող են ակնհայտ խնդիր ունենալ իրենց ռազմական կառույցների համատեղելիության հետ կապված։ Օրինակ, այսպես կոչված «Շոյգուի պլանը» նման է զինված ուժերի վերադարձին կիսախորհրդային ռազմական կառուցվածքին։ Դա արտահայտվում է նրանով, թե ինչպես են նրանք այժմ կառուցում բանակը, ինչպես են, ըստ էության, վերաբերվում զորահավաքին ու մարդկային ռեսուրսներին: Միևնույն ժամանակ, չինացի զինվորականները շարժվում են իրենց կարիքներին հարմարեցված արևմտյան հայեցակարգերի ուղղությամբ, թե ինչպես են իրականացվում ռազմական գործողությունները և ուժերի կառավարումը»։
Փորձագետի գնահատմամբ, Չինաստանի և Ռուսաստանի զինվորականները պատրաստ չեն միասին գործել իրական լայնածավալ պատերազմի դեպքում. «Ծայրահեղ սցենարներ դիտարկելիս (Չինաստանը պատերազմում է ԱՄՆ-ի հետ Թայվանի պատճառով, Ռուսաստանն ընդլայնում է պատերազմը Եվրոպայում՝ Ուկրաինայի պատճառով) պետք է հաշվի առնել միմյանց նկատմամբ երկու երկրների զինվորականների միջև վստահության մակարդակը։ Եվ այստեղ արձանագրում եմ, որ նույնիսկ համատեղ գործողություններ ծրագրելիս՝ Ռուսաստանն ու Չինաստանը բավականին հետ են մնում, օրինակ, ՆԱՏՕ-ից։ Եթե նրանք հետ են մնում սովորական համատեղ պլանավորման հարցում, ապա ի՞նչ կարելի է ասել համատեղ համակցված գործողությունների հնարավորության մասին։ ՆԱՏՕ-ն ունի կայուն և փորձված օպերատիվ փոխգործակցություն, տարբեր մասնակիցների ռազմական համակարգերի համատեղելիություն՝ ընդհուպ մինչև շարքային հրամանատարության մակարդակում»։
Այդուհանդերձ, Մարկ Քոզադը նշում է, որ «հանգամանքները կարող են ստիպել Ռուսաստանի և Չինաստանի զինվորականներին շատ ավելի արագ շարժվել իրենց օպերատիվ համատեղելիության ուղղությամբ, ինչը սովորաբար պահանջում է մարտի դաշտում համատեղ գործողություններ»։
«Բարեկամություն առանց սահմանների», բայց կասկածանքով
Անսահման բարեկամության մասին արտահայտությունը, որը 2022 թվականի փետրվարից կրկնում են Մոսկվայի և Պեկինի պաշտոնական ներկայացուցիչները, աչք է ծակում, սակայն, իրականում, ինչպե՞ս են վերաբերվում ռուսական բարեկամությանը Չինաստանում։
«Ամերիկայի ձայնի» չինական բաժնի ավագ խմբագիր Սի Յանգի խոսքով, «չինացիների մեծ մասը համարում է, որ իրենք պետք է կանգնեն Ռուսաստանի կողքին, քանի որ ԱՄՆ-ն և Արևմուտքը փորձում են «զսպել» Չինաստանին», բայց եթե չինացիներին հարցնեք, թե ուր են ուզում ուղարկել իրենց երեխաներին՝ Ռուսաստա՞ն, թե՞ ԱՄՆ, նրանց մեծ մասը կնախընտրի ԱՄՆ-ն»։
Յանգը նշում է, որ չինացիների մեծ մասը բարյացակամորեն է վերաբերվում Վլադիմիր Պուտինին, «բայց այս առումով միշտ առկա է կասկածանքի չափաբաժին՝ երկու երկրների միջև պատմական հակամարտությունների պատճառով»։
Այդ հակամարտությունների մասին հիշողությունը չի անհետացել, չնայած «անսահման բարեկամությանը»՝ շարունակում է լրագրողը. «Ռուս-չինական սահմանային՝ Հեյլունցզյան նահանգում գտնվող Այհուեյի պատմական թանգարանը ներկայացնում է այդ դրվագները չինական տեսանկյունից։ Այնտեղ ներկայացված ցուցադրությունը կարծես կոչված է ամրապնդել Չինաստանի հավակնությունները Ռուսաստանի Հեռավոր Արևելքի նկատմամբ։ Ավելին, չինական հասարակության մեջ լայնորեն շրջանառվում է այն կարծիքը, թե ռուսական Հեռավոր Արևելքը անարդարացիորեն խլել են Չինաստանից (խոսքը 19-րդ դարի ռուս-չինական պայմանագրերի մասին է, որոնց արդյունքում Ռուսական կայսրության վերահսկողության տակ է անցել մոտ մեկուկես միլիոն քառակուսի կիլոմետր տարածք՝ ծնթ․ խմբ.)»։
Այնուամենայնիվ, ըստ Յանգի, «Պեկինը համարում է, որ Ռուսաստանը կարևոր է, երբ խոսքը ԱՄՆ-ի ղեկավարությամբ համաշխարհային կարգի դեմ պայքարի մասին է»։ Բացի այդ, Չինաստանի իշխանությունները վաղուց բացասաբար են վերաբերվում ՆԱՏՕ-ին, երբ 1999 թվականին ալյանսի ուժերը Բելգրադի ռմբակոծության ժամանակ ռմբահարեցին նաև Հարավսլավիայում Չինաստանի դեսպանատունը, ինչի հետևանքով երեք մարդ զոհվեց և առնվազն 20-ը վիրավորվեցին։
«Չինական լրատվամիջոցներում և սոցցանցերում մարդիկ մինչև հիմա ասում են, որ «ՆԱՏՕ-ն չի վճարել այդ արյան գինը», իսկ ՆԱՏՕ-ի նախորդ գագաթնաժողովից հետո դաշինքի մասին բացասական նյութերի քանակը ակնհայտորեն աճել է»,- նշում է Սի Յանգը։
«Չինաստանի կրտսեր գործընկերը»
Վաշինգտոնում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո, որի ժամանակ ալյանսի երկրների համատեղ դիրքորոշումը Ռուսաստանին Չինաստանի օգնության վերաբերյալ արտացոլվեց հայտարարության մեջ, Արևմուտքում ավելի կոշտ սկսեցին խոսել այդ օգնության մասին, քան նախկինում էր։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հուլիսի 19-ին Կոլորադո նահանգի Ասպեն քաղաքում Անվտանգության հարցերով ամենամյա համաժողովի ժամանակ հայտարարեց, թե «Ռուսաստանը հետզհետե ավելի է մտերմանում Չինաստանի հետ՝ որպես նրա կրտսեր գործընկեր»։
«Ընդհանուր առմամբ, պատկերն այնքան էլ հաճելի չէ. Չինաստանը շարունակում է մնալ ռուսական ռազմական մեքենայի համար երկակի նշանակության բաղադրիչների հիմնական մատակարարը։ «Երկակի նշանակության բաղադրիչը», կարծես, ինչ-որ վերացական եզրույթ է, բայց իրականում դրանք միջոցներ են, որոնք օգտագործվում են ուկրաինացիներին սպանող զենքերում և Ուկրաինային հպատակեցնելու համար»,- ասել է Ջեյք Սալիվանը ֆորումի բաց քննարկման ժամանակ։
Ազգային անվտանգության հարցերով նախագահ Բայդենի օգնականը հիշատակել է նաև նոր պատժամիջոցների հնարավորության մասին. «Չինաստանը չպետք է խաղա Ռուսաստանի թիմում, երբ հարցը վերաբերում է Ուկրաինայի պատերազմին…։ Մենք, ըստ էության, պատրաստ ենք պատժամիջոցներ կիրառել առանձին ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ, ինչպես Չինաստանում, այնպես էլ այլ երկրներում։ Այս պահին ավելացնելու ոչինչ չունեմ, բայց կարծում եմ, որ կարող եք տեսնել նոր պատժամիջոցներ, եթե այսպես շարունակվի առաջիկա շաբաթներին»։
Սալիվանը հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահը «շատ լայն ու աննախադեպ լիազորություններ է տվել [Միացյալ Նահանգների] ֆինանսների նախարարությանը, որպեսզի այն կարողանա պատժամիջոցներ սահմանել տարբեր բանկերի, այդ թվում՝ չինական բանկերի դեմ, որոնք նպաստում են գումարների փոխանցմանը ռուսական ռազմամեքենայի համար»։
Այդ մասին Ասպենում ավելի վաղ խոսել էր նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը.
«Ռուսաստան ներմուծվող մեքենաների ու մեխանիզմների 70%-ը Չինաստանից է։ Չինաստանից է գալիս նաև Ռուսաստան ներմուծվող միկրոէլեկտրոնիկայի 90%-ը, և այն օգտագործվում է հրթիռների, տանկերի և այլ սպառազինության արտադրության համար։ Չինաստանին մեր մտահոգությունն ենք հայտնել այդ կապակցությամբ։ Արդեն պատժամիջոցներ ենք սահմանել չինական ընկերությունների դեմ, բայց ոչ միայն մենք, այլև, որ ավելի կարևոր է, Եվրոպան նույն կերպ վարվեց բառացիորեն երկու շաբաթ առաջ։ Չինաստանը չի կարող համատեղել խաղաղության ձգտելու մասին խոսակցությունները Ռուսաստանի՝ պատերազմին սատարող գործողությունների հետ։ Նա չի կարող լավ հարաբերություններ ցանկանալ Եվրոպայի հետ այն դեպքում, երբ յուղ է լցնում Սառը պատերազմի ավարտից ի վեր եվրոպական անվտանգության ամենամեծ սպառնալիք դարձած կրակին»։
Վաշինգտոնի կողմից չինական բանկերի հասցեին հնչած սպառնալիքը կարող է նշանակել, որ վերջին շրջանում ռուսական և չինական ընկերությունների միջև հաշվարկներում ծագած խնդիրները միայն ավելանալու են։
Ալեքսանդր Կոլյանդրը՝ յուանից ռուսական կախվածության մասին
Յուանից ռուսական բանկային համակարգի կախվածության մասին արդեն սկսել են խոսել պաշտոնական մակարդակով։ Այդ մասին Ռուսաստանի կենտրոնական բանկը խոստովանեց դեռ այս ապրիլին՝ հայտարարելով ոչ պետական կենսաթոշակային ֆոնդերի սթրես-թեստավորման ծրագրի մասին, որոնց կայունությունը այժմ կստուգվի յուանի բարձր տատանողականության պայմաններում, և այդպիսի տատանողականությունը Ռուսաստանի ԿԲ-ն համարում է հավանական։
Վաշինգտոնում Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի (CEPA) հրավիրյալ փորձագետ Ալեքսանդր Կոլյանդրը «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում կարծիք է հայտնել, որ յուանից կախվածությունը Ռուսաստանի կենտրոնական բանկի կամավոր ընտրությունը չէր. «Այն պատժամիջոցների արդյունք է, հարկադրված միջոց, և այն մեծացնում է գործարքային ծախսերը. եթե Ռուսաստանի բոլոր ներմուծումները լինեին միայն Չինաստանից և վաճառվեին միայն յուանով, խնդիր չէր առաջանա, բայց այդպես չէ։ Միևնույն է, այլ արժույթներ են պետք՝ մյուս երկրներից ներմուծվող ապրանք գնելու համար»։
CEPA-ի վերլուծաբանը հիշեցնում է, որ Ուկրաինա ներխուժելու պատճառով սահմանված արևմտյան ֆինանսական պատժամիջոցներից առաջ դոլարը Ռուսաստանի բանկի դրամավարկային քաղաքականության հիմքն էր, և «երբ նավթը թանկ է, շուկայից դոլար են գնում, իսկ երբ նավթը էժան է, կենտրոնական բանկը ու ֆինանսների նախարարությունը, ընդհակառակը, դոլարային ինտերվենցիա են իրականացնում շուկայում, և, այդպիսով, հարթում ռուբլու տատանումները»։
«Այժմ այդ դերը տրվել է յուանին, սակայն յուանը ազատ փոխարկելի արժույթ չէ։ Դրա փոխարժեքը քիչ թե շատ սահմանվում է Չինաստանի ֆինանսական իշխանությունների կողմից (թեև, իհարկե, տնտեսական ցուցանիշների հիման վրա)։ Այսպիսով, Ռուսաստանի կենտրոնական բանկը և ֆինանսների նախարարությունը իրենց գործողություններում այժմ կախված են ոչ թե ազատ շուկայի որոշումներից, և նույնիսկ ոչ այնքան յուանից, որքան Չինաստանի քաղաքական իշխանությունների որոշումներից»,- ասում է Ալեքսանդր Կոլյանդրը։
Փորձագետը ներկայացնում է այդպիսի կախվածության ուղղակի հետևանքները.
«Եթե չինական խոշոր բանկերը որոշեն չզայրացնել Վաշինգտոնին և Ռուսաստանին չտրամադրել իրացվելիություն՝ օրինակ, Մոսկվայի բորսայում գործարքներ կատարելու համար, ապա Մոսկվայի բորսայում արժութային գործարքները փաստացի կավարտվեն։ Բացի այդ, դոլարից զգալիորեն ավելի պակաս իրացվելի արժույթից մեծ կախվածությունը նշանակում է, որ դրա օգտագործումը դառնում է ավելի թանկ։ Չինաստանն էլ հզոր գործիք է ստանում Ռուսաստանի և նրա քաղաքական ու տնտեսական որոշումների վրա ազդելու համար»։
«Լավ է, երբ երկու երկրների կամ երկու մարդկանց միջև անսահման սեր և ընդհանուր հաշիվներ կան, բայց երբ խնդիրներ են սկսվում, ապա ընդհանուր հաշիվները կամ չափազանց ֆինանսական կախվածությունը միայն ավելացնում են խնդիրները»,- նշում է Կոլյանդը։
Տնտեսագետի կարծիքով՝ Չինաստանը տեսանելի ապագայում մտադիր չէ մեծ ներդրումներ կատարել Ռուսաստանում. «Չինաստանը առայժմ ռուսական տնտեսությունում զգալի ներդրումներ չի անում ակտիվների գնման մակարդակով։ Նախ՝ չտեսնելով ակտիվներ գնելու իմաստը, որոնք կարող են հայտնվել պատժամիջոցների տակ։ Երկրորդ, մտածելով իր ֆինանսական ինստիտուտների ճակատագրի մասին, որոնք կմասնակցեն դրան։ Բացի այդ, տնտեսական առումով Չինաստանին ավելի ձեռնտու է իր շապիկները վաճառել Ռուսաստանին, քան դրանք արտադրել Ռուսաստանում, նույնիսկ սեփական ձեռնարկությունում»։