Մատչելի հղումներ

Կրեմլը խոստանում է «հայելային պատասխան», եթե ԱՄՆ-ն հրթիռներ տեղակայի Գերմանիայում


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կարող է նոր «հարվածային զենքեր» տեղակայել՝ ի պատասխան Գերմանիայում միջին հեռահարության հրթիռներ տեղադրելու ԱՄՆ-ի ծրագրի: Ե՛վ Միացյալ Նահանգները, և՛ Ռուսաստանը ազդարարեցին միջին հեռահարության սպառազինություն տեղակայելու պատրաստակամության մասին:

Ռուսական պետական հեռուստատեսությամբ հեռարձակվել են Սանկտ Պետերբուրգի մոտ խարիսխ նետած երկրի ռազմական նավատորմի կադրերը։ Ռազմանավերը այցելել են Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք՝ ռուսական ռազմածովային նավատորմի օրվան նվիրված տոնակատարության առթիվ: Ներկա էին այլ՝ 31 պետությունների պատվիրակություններ՝ Չինաստանից, Հնդկաստանից, Իրանից, Հարավային Աֆրիկայից և այլն:

Ռուսական ռազմանավերը ի ցույց են դրել իրենց կարողությունները։

2026 թվականին Գերմանիայում ամերիկյան միջին հեռահարության հրթիռների տեղակայումը ակնհայտորեն անհանգստացրել է Կրեմլին:

«Իրավիճակը հիշեցնում է Սառը պատերազմի դարաշրջանի իրադարձությունները։ Եթե ԱՄՆ-ն իրականացնի այդ ծրագիրը, մեզ ազատ կհամարենք փոքր ու միջին հեռահարության հարվածային համակարգերի տեղակայումն արգելող պարտավորությունից: [Նաև] հայելային միջոցներ կձեռնարկենք»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Կրեմլը խոստանում է «հայելային պատասխան», եթե ԱՄՆ-ն հրթիռներ տեղակայի Գերմանիայում
please wait

No media source currently available

0:00 0:02:27 0:00

ՆԱՏՕ-ի վաշինգտոնյան գագաթնաժողովի ժամանակ Սպիտակ տանը հնչած համատեղ հայտարարության համաձայն, ԱՄՆ-ն ու Գերմանիան ընդգծել էին, որ նման կարողությունների տեղակայումը ցույց կտա կողմերի հավատարմությունը ՆԱՏՕ-ին:

Այս ամենին զուգահեռ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը սկսել է հրապարակել տեսանյութեր, ուր պատկերված են միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների փորձարկումները 2022 թվականին Ուկրաինա ներխուժումից օրեր առաջ:

Գաղտնիք չէ, որ արևմտյան երկրները շարունակում են Կիևին ցուցաբերել անհրաժեշտ ռազմական ու ֆինանսական աջակցության առյուծի բաժինը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը այս ամսվա սկզբին ելույթ ունենալով Վաշինգտոնում՝ նշել էր. «Այս աջակցությունն Ուկրաինային կդարձնի ավելի ուժեղ և ավելի ունակ: Այն ամենը, ինչ մենք անում ենք, հիմքեր ստեղծեց Ուկրաինայում իրավիճակը կայունացնելու համար»:

Ինչևէ, դիտորդները չեն թաքցնում իրենվ մտահոգությունը, թե միջին հեռահարության հրթիռների տեղակայման հարցում ԱՄՆ ու Ռուսաստանի փոխված մոտեցումները կարող են սպառազինության նոր մրցավազք առաջացնել:

XS
SM
MD
LG