Օլիմպիական խաղերին մասնակցող մարզիկներն անկասկած աշխարհի լավագույններն են, սակայն երբ խոսքը վերաբերում է մարմնամարզությանը, բոլորի շուրթերին, կարծես, մեկ անուն է՝ Սիմոն Բայլս: Ունենալով 9 օլիմպիական և 30 աշխարհի առաջնության մեդալներ՝ 27-ամյա կինը պատմության մեջ ամենաշատ պարգևատրված մարմնամարզուհին է և համարվում է բոլոր ժամանակների մեծագույն մարմնամարզիկներից մեկը:
2022 թվականի հուլիսի 7-ին Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ նախագահ Ջո Բայդենը Բայլսին շնորհեց Ազատության նախագահական մեդալը, որը ԱՄՆ քաղաքացիական բարձրագույն պարգևն է:
«Ուզում եմ հատել սահմանները: Ուզում եմ տեսնել, թե որքան հեռու կարող եմ գնալ: Ուզում եմ տեսնել, թե դեռ ինչի եմ ընդունակ, նախքան սպորտից հեռանալը: Ուզում եմ իսկապես գոհ լինել իմ կարիերայից և ասել, որ արել եմ հնարավորը»,- ասում է Բայլսը:
Փառքի ճանապարհը Բայլսի համար բնավ հարթ չի եղել։ Նրա կենսաբանական մայրը ալկոհոլային կախվածություն է ունեցել և ի վիճակի չէր հոգ տանել իր չորս երեխաների մասին։ Հայրը հայտնի չէ: Սիմոն Բայլսին և նրա քրոջը՝ Ադրիա Բայլսին, որդեգրել են Ռոնալդ և Նելլի Բայլսերը Տեխասից։ Նրանց երկու ավագ քույրերին որդեգրել են Օհայոյում: Դեռահաս տարիքում ոտնձգությունների է ենթարկվել, ԱՄՆ մարմնամարզության նախկին բժիշկ Լարի Նասսարի կողմից, որը 2018 թվականին դատապարտվել է 40-ից 175 տարվա ազատազրկման:
Your browser doesn’t support HTML5
Վեց տարեկանից մարմնամարզությամբ զբաղվող Բայլսը իր աշխատասիրության և նվիրվածության շնորհիվ նորանոր հաջողությունների է հասել։ Այսօր նրա անունով են կոչվում մի շարք հնարքներ որոնք միչ օրս կարող է կատարել միայն ինքը:
Այլևս հանրաճանաչ Բայլսի համար փորձություն էին Տոկիոյի օլիմպիական խաղերը, երբ ստիպված էր խոստովանել, որ չի կարող շարունակել մրցապայքարը մտավոր լարվածության պատճառով:
«Հսկայական թվով մարդկիկ ինձ ասել են, որ իմ շնորհիվ որոշել են իրենց կարիերայում ընդմիջում վերցնել։ Իրոք, հրաշալի է, որ իմ փորձը դրական է անդրադարձել նրանց վրա»։
Սիմոն Բայլսի գերմարդկային կարողությունները նրան դարձրել են մարմնամարզության լեգենդ, սակայն Փարիզի օլիմպիական խաղերում հանդես եկող թիմակիցները ամենից շատ գնահատում են նրա մարդկային հատկանիշները:
«Ավելի շատ հիանում եմ նրա մարդկային հատկանիշներով, և պատճառն այն է, որ նրան ավելի խորն եմ ճանաչում, քան շատերը: Նա շատ համեստ է, շատ հոգատար և միշտ աջակցում է ինձ, ինչն, իրոք, գնահատում եմ»,- ասում է ԱՄՆ ազգային հավաքականի անդամ, մարմնամարզուհի Զոի Միլլերը:
«Նա այնքան անհավանական մարզիկ է։ Լինելով բոլոր ժամանակների մեծագույն մարմնամարզուհին՝ նա զարմանալի անձնավորություն է: Միշտ պատրաստ է օգնել, եթե նրա կարիքն ունեք: Քաջալերում է մեզ, աջակցում, և, իրոք, միշտ մեր կողքին է»,- ասում է ԱՄՆ ազգային հավաքականի անդամ, մարմնամարզուհի Տիանա Սումանասեկերան:
Բայլսն ամուսնացած է ամերիկյան ֆուտբոլի Chicago Bears թիմի մարզիկ Ջոնաթան Օուենսի հետ:
«Ամուսնացած լինելը, տուն ունենալը, [Փարիզի օլիմպիական խաղերը] շատ են տարբերում Տոկիոյից: Աջակցում եմ նաև ամուսնուս՝ Ջոնաթանին: Այս պահին կյանքումս շատ տարբեր բաներ կան, որոնք միայն ինձ և մարմնամարզությանը չեն վերաբերում: Կարծես, կիսում եմ սպորտային տարածքը ամուսնուս հետ»,- ասում է Բայլսը:
Ինչ վերաբերում է Փարիզի օլիմպիական խաղերին, ապա մարմնամարզուհու հազարավոր երկրպագուներ հետևում են նրան՝ չթաքցնելով ուրախությունը, որ վերադարձել է օլիմպիական ասպարեզ:
«Նա պարզապես ամենահզոր մարմնամարզուհին է, որը մենք երբևէ տեսել ենք: Ֆանտաստիկ էր, երբ նրան դիտում էի այսօր: Արժեր հասնել այստեղ»,- ասում է Սիմոն Բայլսի երկրպագու Լեա Պարենտոն, ով ԱՄՆ-ից եկել է Փարիզ՝ Բայլսին դիտելու համար:
«Կատարելություն է: Երազանք: [Զգացվում է, որ] շատ աշխատանք է արված, և շատ գեղեցիկ է: Հուսով եմ, նա կոգեշնչի երիտասարդներին սպորտով զբաղվել»,- ասում է ֆրանսիացի երկրպագու, բժիշկ Ջուլիետ Վիալան:
Թեև Բայլսը շարունակում է մնալ բոլոր ժամանակների լավագույնը՝ նույնիսկ մարզաձևի համար պատկառելի համարվող 27 տարեկանում, նրա վերաբերմունքը, կարծես, փոքր ինչ փոխվել է:
«Երբ փոքր էի, բաց թողեցի անգամ դպրոցի ավարտական երեկոն, և նման բաներն ինձ համար կարևոր չէին: Բայց հիմա կարոտում եմ իմ ընկերներին, երբ բաց եմ թողնում նրանց ամուսնանալը, երեխաներ ունենալը և այլն: Այո՛, այս տարիքում մի տեսակ ավելի դժվար է, որովհետև այն բաները, որոնք բաց էի թողնում երիտասար ժամանակ, կարող էի փոխարինել կարմիր գորգին երևալով, գեղեցիկ զգեստով: Բայց հիմա այլ է։ Իմ ընկերները միայն մեկ անգամ են ամուսնանալու»,- ասում է Բայլսը:
Ապագայի ծրագրերի մասին Բայլսն առայժմ լռում է:
Նյութում օգտագործվել են Associated Press-ի և Agence France-Presse-ի
հրապարակումները: