Մատչելի հղումներ

Հարիսը կողմ է վերարտադրողական իրավունքի պահպանմանը, Թրամփը՝ դեմ


Քամալա Հարիսն ու Դոնալդ Թրամփը
Քամալա Հարիսն ու Դոնալդ Թրամփը

Գաղտնիք չէ, որ աբորտ կատարելու իրավունքնի հարցը ԱՄՆ նախագահական մրցավազքի գլխավոր թեմաներից է: Հայտնի է, որ Քամալա Հարիսն աջակցում է այդ իրավունքի պահպանմանը, մինչդեռ Դոնալդ Թրամփը շարունակում է աբորտ կատարելու իրավունքի դեմ իր հանրային արշավը:

ԱՄՆ փոխնախագահ և երկրի նախագահի դեմոկրատների թեկնածու Քամալա Հարիսի նախընտրական միջոցառումների ժամանակ կանանց վերարտադրողական իրավունքների հարցը քննարկումների կենտրոնում է։

«Մենք՝ ովքեր հավատում ենք աբորտ կատարելու ազատությանը, վերջ կտանք Դոնալդ Թրամփի սահմանած ծայրահեղ արգելքներին, որովհետև կանայք պետք է որոշումներ կայացնեն իրենց մարմնի վերաբերյալ, այլ ոչ թե կառավարությունն ասի, թե ինչ անել»,-ասել է Հարիսը:

Մինչդեռ, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը բարձր է գնահատում 2022 թվականին երկրի գերագույն դատարանի հայտնի որոշումը, որը, փաստորեն, դաշնային մակարդակով չեղարկեց աբորտ կատարելու իրավունքը՝ հարցը թողնելով նահանգներին։ Թրամփը ընդգծում է՝ կողմ է, որ ԱՄՆ յուրաքանչյուր նահանգ ինքնուրույնաբար որոշի՝ թույլատրե՞լ, թե՞ ոչ աբորտ կատարելը:

Հարիսը կողմ է վերարտադրողական իրավունքի պահպանմանը, Թրամփը՝ դեմ
please wait

No media source currently available

0:00 0:02:48 0:00

«Դեմոկրատներն իսկապես ծայրահեղ են, բայց ոչ բոլորը, քանզի նրանցից շատերը համաձայն են մեզ հետ: Մինչդեռ, մեր դիրքորոշումն է, որ աբորտը հանձնվի նահանգների որոշմանը»,- ասել է Թրամփը:

Այդուհանդերձ, Թրամփը և ԱՄՆ Հանրապետական կուսակցությունը վերջերս մեղմացրել են խնդրի վերաբերյալ իրենց հռետորաբանությունը:

Ըստ Ռաթգերսի համալսարանում սոցհարցումների գծով փորձագետ Էշլի Քոնինգի, նշվածը պատահական չէ. «Միջանկյալ ընտրությունների ժամանակ հղիության արհեստական ընդհատման հարցը ուղղակիորեն կամ անուղղակիորեն առկա էր քվեաթերթիկում, և արդյունքերը ցույց տվեցին, որ ընտրողները հետաքրքրված են վերարտադրողական առողջության և աբորտի խնդիրներով»:

Ինչպես հայտնի է, դեմոկրատները կողմ են աբորտի իրավունքի պահպանմանը: Հուլիսի 23-ին ԱՄՆ փոխնախագահ Հարիսի ամուսինը՝ Դագ Էմհոֆը, այցելել էր Վիրջինիա նահանգի Մաքլին քաղաքի վերարտադրողական առողջության կենտրոն:

Կենտրոնի տնօրեն Ջեսիկա Ռուբինոն ասում է. «Կարծում եմ, սա ընտրությունների ամենակարևոր թեմաներից է։ Իրոք, կարևոր է, որ փոխնախագահը կենտրոնանա սրա վրա, շարունակի համագործակցել մեզ հետ և աշխատանքի ծրագիր մշակելու ուղղությամբ»:

Աբորտի դեմ պայքարող խմբերից որոշները թերահավատ են, թե վերարտադրողական իրավունքների հարցը նոյեմբերին մարդկանց կդրդի գնալ քվեարկության։

«Կարծում եմ, պետք է խոսել այն մասին, որ չծնված երեխան հանդիսանում է մարդկային ընտանիքի անդամ, որն արժանի է պաշտպանության»,- ասում է Կյանքի իրավունքի ազգային կոմիտեի նախագահ Քերոլ Թոբիասը։

Դիտորդների խոսքով, Թրամփի նախընտրական թիմը կշարունակի առաջնահերթություն տալ տնտեսությանը վերաբերող հարցերին, քանզի պատմականորեն դրանք են եղել ամերիկացիների գլխավոր մտահոգությունը նախագահական ընտրությունների ժամանակ:

XS
SM
MD
LG