Դրա մասին հաղորդում է Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային ուժերի հրամանատարությունը՝ X հարթակում գրառման միջոցով, ուր մասնավորապես ասված է.
«Այսօր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում մեկնարկել է Արծիվ գործընկեր-2024 (Eagle Partner 2024) համատեղ հայ - ամերիկյա զորավարժությունները։ ԱՄՆ բանակը հանձնառու է Հայաստանի հետ գործընկերությանը և ԱՄՆ-ի ռազմավարական հարաբերությունների ամրապնդմանը»,- ասված է գրառման մեջ:
Հայաստանի ՊՆ նախարարության փոխանցմամբ՝ զորավարժությունների մեկնարկին զինծառայողներին ողջույնի խոսքով են դիմել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։ Ըստ ՀՀ պաշտպանական գերատեսչության՝ «Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ։
Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը:»
Your browser doesn’t support HTML5
Իր հերթին ԱՄՆ-ի դեսպանությունը X հարթակում կատարած գրառման միջոցով տեղեկացնում է, որ «դեսպան Քվինը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ ներկա է եղել «Eagle Partner 2024» զորավարժությունների բացման արարողությանը: «Eagle Partner 2024» զորավարժությունները Հայաստանի հետ մեր երկարամյա գործընկերության վկայությունն են և հենվում են անվտանգության ոլորտում տասնամյակների հաջող համագործակցության վրա՝ հիմնված [ԱՄՆ-ի] պաշտպանության նախարարության պետական գործընկերության ծրագրի ներքո Կանզաս նահանգի հետ Հայաստանի երկարատև հարաբերությունների վրա»,- նշված է դեսպանության գրառման մեջ:
Դեսպանության հաղորդմամբ հուլիսի 15-ին մեկնարկած զորավարժությունները կավարտվեն հուլիսի 24-ին։