Հայաստանն աննպատակահարմար է համարում ընթացիք տարում Հայաստանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) զորավարժությունների անցկացումը, երեքշաբթի օրը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«ՀՀ պաշտպանության նախարարն արդեն իսկ ՀԱՊԿ միավորված շտաբին գրավոր տեղեկացրել է, որ մենք ՀՀ-ում նման զորավարժություններ անցկացնելն այս իրավիճակում նպատակահարմար չենք համարում: Եվ այդ զորավարժությունները ՀՀ-ում, համենայն դեպս, այս տարի չեն կայանա», - հայտնել է վարչապետը։
Ավելի վաղ հունվարի 1-ին Ռուսասատնի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ը 2023 թվականին Հայաստանում կանցկացնի իր ամենամյա զորավարժությունները, որոնք կրում են «Անկոտրում եղբայրություն» անվանումը։
Ի պատասխան Փաշինյանի հայտարարության արձագանքել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, ով ասել է. «Սա Հայաստանի վարչապետի բավականին նոր հայտարարություն է, կարծում եմ, որ ՀԱՊԿ գործընկերները կապի մեջ կլինեն, կհստակեցնեն Հայաստանի դիրքորոշման մանրամասները, ամեն դեպքում Հայաստանը մեր շատ մոտ դաշնակիցն է, մենք կշարունակենք երկխոսությունը, այդ թվում այն հարցերի շուրջ, որոնք այժմ շատ բարդ են»,- մեկնաբանել է Փաշինյանի խոսքերը Կրեմլի խոսնակը։
Վարչապետի խոսքով՝ Հայաստանում ՀԱՊԿ հնարավոր զորավարժությունները կարող են սպառնալիք ստեղծել Թուրքիա-Ադրբեջան տանդեմին: Ըստ վարչապետի՝ ՀԱՊԿ-ի երկրները զորավարժությւոններից հետո կհեռանան տարածաշրջանից՝ Հայաստանին միայնակ թողնելով թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ: Վարչապետը շեշտել է՝ դրա համար է Հայաստանը պահանջում, որ ՀԱՊԿ-ը հստակեցնի իր պատասխանատվության գոտին:
«Փաստորեն ճի՞շտ է, որ ՀԱՊԿ-ի վրա հույս չեք դնում, բայց հավատում եք Թուրքիայի ու Ադբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը»,- Փաշինյանին հարց է հղել լրագրողը:
«Ես ՀԱՊԿ-ի վրա հույս դնում եմ, այլ բան է, որ ՀԱՊԿ-ը կարող է հուսախաբ անել: Իսկ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը հավատում եմ մի պատճառով, որովհետև որևէ բան անելուց առաջ անհրաժեշտ է հավատալ դրան: Եթե չես հավատում, ապա ինչու՞ ես անում դա: Եթե չենք հավատում, ապա ինչու ենք բանակցում»,- արձագանքել է վարչապետը:
Այս զարգացումները տեղի են ունենում այն ժամանակ, երբ Երևանի ու Մոսկվայի հարաբերություններն արագընթաց անկում են ապրում, գրում է վերլուծաբան Ջոշուա Կուցերան «Eurasianet» պարբերականում իր «Հայաստանը հրաժարվում է հյուրընկալել ՀԱՊԿ-ի զորավարժությունները» վերնագրով հոդվածում:
Վերլուծաբանի կարծիքով՝ անգամ առանց Ռուսաստանի հետ հարաբերությունների պաշտոնական խզման, Հայաստանը նկատելիորեն ընդլայնել է իր շփումները եվրոպական երկրների և ԱՄՆ-ի հետ։ Ըստ Կուցերայի՝ ՀԱՊԿ-ի զորավարժություններից հրաժարումը Ռուսաստանի դեմ ուղղված Հայաստանի՝ մինչ այժ կատարած ամենակտրուկ քայլերից է:
Կուցերան նկատում է, որ այս «հայտարարությունն ուղեկցվել է երկրում ռուսական ռազմական ներկայության վերաբերյալ բուռն քննադատությամբ», ներառյալ օրերս Գյումրիում ռուսական ռազմակայանի մոտ տեղի ունեցած բողոքի ցույցն ու լրագրողների հետ հանդիպմանը վարչապետ Փաշինյանի այս առումով արված մի շարք հայտարարությունները։
Հայաստանի հրաժարումը զորավարժություններից մի շարք հրապարակումներում ևս դիտարկվել է որպես Երևանի ու Մոսկվայի միջև հարաբերությունների վատթարացում: «Associated Press» գործակալությունը գրում է, որ վարչապետ Փաշինյանի այս հայտարարությունն «արտացոլում է Մոսկվայի հետ Հայաստանի կառավարության հարաբերությունների աճող լարվածությունը», իսկ լրագրող Դեյվիդ Սադլերը բրիտանական «The Globe Echo» պարբերականում հրապարակած իր «Հայաստանը չեղարկել է Ռուսաստանի հետ համատեղ զորավարժությունների ծրագրերը» հոդվածում շեշտում է՝ «այդ քայլը դիտարկվում է որպես Հայաստանի կառավարության և Մոսկվայի միջև լարվածության աճի ևս մեկ ազդանշան»: Ըստ Սադլերի՝ Երևանը, որը մեծապես կախված է Մոսկվայից անվտանգության հարցում բազմիցս մեղադրել է Ռուսաստանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության պայմաններում անգործության մեջ՝ հիշեցնելով, որ աշնանը Փաշինյանը հրաժարվեց ստորագրել ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի վերջնական փաստաթուղթը։
Իր հերթին, ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովը, որը 1975 թվականին ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հելսինկյան եզրափակիչ ակտի և ԵԱՀԿ-ի այլ պարտավորությունների կատարումը վերահսկելու և խրախուսելու համար ստեղծված ամերիկյան անկախ պետական մարմին է, կոչ է արել «անհապաղ» վերաբացել Լաչինի միջանցքը, որի փակումը ստեղծում է մարդասիարկան աղետի վտանգ: Հանձնաժողովը քննադատել է Ռուսասատնին՝ շեշտելով՝ «անհանգստացնող այս իրավիճակը ևս մեկ վկայություն է, որ Ռուսաստանը հուսալի անվտանգության մատակարար չէ, և ոչ էլ լեգիտիմ միջնորդ խաղաղության համար Հարավային Կովկասում կամ այլուր։ Հերթական անգամ Մոսկվան որպես գործիք է օգտագործում հայկական և ադրբեջանական տառապանքները սեփական ցինիկ, դաժան շահեր հետապնդելու համար»,- ընդգծել է հանձնաժողովը թվիթերյան գրառումների միջոցով: