Վարչապետ Փաշինյանը դեկտեմբերի 26-27-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցեց ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Հանդիպեցին Փաշինյանն ու Պուտինը նաև եռակողմ չնախատեսված հանդիպում կայացավ։ Վերջին անգամ Պուտինը, Ալիևը և Փաշինյանը հանդիպել են հոկտեմբերի վերջին Սոչիում, իսկ դեկտեմբերի 9-ին` ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակում, Բիշքեկում առանձնազրույց են ունեցել Ռուսաստանի նախագահն ու Հայաստանի վարչապետը։
«Յուրաքանչյուր ռուսաստանյան հանդիպումից հետո Հայաստանի համար ոչ բարենպաստ զարգացումներ են լինում»․ ասում է ռազմաքաղաքական փորձագետ Արմինե Մարգարյանը, նշելով, որ այդ ամենի հիմքում նոյեմբերի 9-ի հայտարարությունն է, որի դրույթները կատարում է միայն Հայաստանը։ Ադրբեջանը դրանք շարունակաբար խախտում է, իսկ Ռուսաստանը այդ խախտումները չտեսնելու է տալիս։ Արմինե Մարգարյանը կարևոր է համարում, որ վարչապետ Փաշինյանը ուղիղ տեքստով շեշտեց ստեղծված իրավիճակում Ռուսաստանի պատասխանատվությունը։ Վարչապետը Պուտինի հետ հանդիպման լուսաբանման համար բաց հատվածում ասաց․ «Գիտեք, արդեն գրեթե 20 օր է Լաչինի միջանցքը փակված է: Դա Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է: Ցանկանում եմ հիշեցնել, որ համաձայն ՌԴ նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարության` Լաչինի միջանցքը պետք է լինի ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, և Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորել է ուղևորների, բեռների, մարդկանց անխոչընդոտ տեղաշարժը Լաչինի միջանցքով»:
Այսպիսով, կողմերը հետզհետե բարձրացնում են խաղադրույքները և խոսում են բաց տեքստով, գնահատում է փորձագետը, վկայակոչելով նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների գնահատականները, առ այն, որ Հայաստանին պարտադրվում են իր շահերից չբխող քայլեր, որոնք մերժելը հանգեցնում է որոշակի պատժամիջոցների, ինչպես, օրինակ, Լաչինի միջանցքի արդեն 16 օր շարունակվող արգելափակումը։ Նա օրինակ բերեց օրերս ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը, որում նա շեշտում է, որ կա Հայաստանի վրա ճնշում` Միութենական պետություն մտնելու և Սյունիքով էքստերիտորիալ միջանցք տրամադրելու առումով։
Միութենական պետության մեջ Հայաստանին ներգրավելու պահանջները, որոնք ձևակերպել է նաև Բելառուսի դեսպանը Հայաստանում, հերքել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը։ Բայց ռազմաքաղաքական փորձագետը գտնում է, որ առաջին անգամ չէ, երբ Բելառուսի շուրթերով Ռուսաստանն է խոսում, և դա բավականին շոշափելի պահանջ է, որը կարող է շատ ավելի առարկայական բնույթ կրել ապագայում։ Չնայած Հայաստանը հայտարարությունների մակարդակում իր անհամաձայնությունն է արտահայտում՝ դա գնահատելով սուվերենության կորուստ, ինչն անընդունելի է․ «Այդքանով հանդերձ, հայտարարությունները բավարար չեն,- կարծում է Արմինե Մարգարյանը,- վտանգավոր է, եթե այդ հայտարարությունների հետևում չկա գործուն քաղաքականություն»։
Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքը բացելու նախապայմաններից մյուսին՝ Սյունքիով միջանցքի տրամադրման պահանջին, ապա քաղաքագետներն արդեն ոչ մեկ անգամ են զգուշացրել, որ դա չի բխում Հայաստանի շահերից, և արևմուտքն այսօր դիվանագիտական ճանապարհով, ինչպես սոցիոլոգ Կարեն Սարգսյանն է նշում․ «պահում է Սյունիքը և թույլ չի տալիս Ռուսաստանին իրագործել այդ պլանը»։
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը ևս բազմիցս շեշտել է, որ Զանգեզուրի միջանցքի պլանը, որը Ռուսաստանն ուզում է ստանալ Հայաստանից, կարող են կասեցնել միայն արևմտյան ուժային կենտրոնները, և արևմուտքի հետ հարաբերությունների զարգացման գծից շեղումը, ըստ նրա, կարող է ճակատագրական լինել Հայաստանի համար։
Հայաստանում 2018 թվականից սկսվել է շատ լուրջ ժողովրդավարացման գործընթաց, և Միութենական պետությանն անդամակցությանը դրդելու մեթոդը այս պարագայում մնում է Ադրբեջանի ռազմական ագրեսիայի միջոցով պարտադրանքը, գտնում է փորձագետ Արմինե Մարգարյանը։ Նա պնդում է, որ Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից, քանի որ «այն կապում է մեր ձեռքերը, և թույլ չի տալիս ինստիտուցիոնալ ճանապարհով ռազմաքաղաքական հարաբերություններ զարգացնել արևմտյան ուժային կենտրոնների հետ։ Իսկ մեր պաշտպանական կարողությունների վերականգնման համար ինստիտուցիոնալ հիմքով ռազմաքաղաքական հարաբերությունների կայացումը շատ կարևոր է, որպեսզի կարողանանք նաև ուժային բալանսը վերականգնել Ադրբեջանի հետ։ Հետևաբար, մենք շատ արագ տեմպերով պետք է գնանք ՀԱՊԿ-ը լքելու ճանպարհով և, առհասարակ, պետք է վերանայենք Ռուսաստանի հետ միջպետական հարաբերությունները»։
Սոցիոլոգ Կարեն Սարգսյանը ևս գտնում է, որ ուժային բալանսի և արևմտյան ուժային կենտրոնների հետ կայուն հարաբերությունների հաստատման հիմքում ՀԱՊԿ-ից հեռանալն է։ Դա, ըստ նրա, ենթադրոմ է մոտ 400 օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի փոփոխություն, որոնց համար անհրաժեշտ կլինի 1,5-2 տարի՝ օրենսդրական դաշտը կարգի բերելու համար։ «Այնուհետև, անմիջականորեն պետք է կառուցել արդեն գոյություն ունեցող մոդելի հիման վրա նոր գործընկերային հարաբերություններ, բացատրում է Կարեն Սարգսյանը,- դրա հիմքը հարավարևելյան Եվրոպայի անվտանգային համակարգն է՝ Ֆրանսիայի գլխավորությամբ և ԱՄՆ-ի հովանու ներքո»։