Մատչելի հղումներ

Հայաստանում կանցկացվեն հայ-ամերիկյան համատեղ զորավարժություններ


Հայաստանի ու ԱՄն-ի դրոշներ
Հայաստանի ու ԱՄն-ի դրոշներ

Սեպտեմբերի 11-ից 20-ը Հայաստանում կանցկացվեն «EAGLE PARTNER 2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը՝ ՀՀ պաշտպանության նախարարությանը հղումով։

Նախարարությունը պարզաբանել է, որ զորավարժությունները կանցկացվեն միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցելու նախապատրաստական աշխատանքների շրջանակում։
«Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը ՆԱՏՕ/ Գործընկերություն հանուն խաղաղության «Օպերատիվ կարողությունների հայեցակարգ»-ի պլանային գնահատման համար», - ասված է հաղորդագրությունում։»,- ասված է ՀՀ ՊՆ-ի հաղորդագրության մեջ։

Հայաստանը ՀԱՊԿ ռազմական բլոկի մաս է՝ Ռուսաստանի և մի քանի այլ երկրների հետ։ Միաժամանակ Երևանը գործընկերային հարաբերություններ է պահպանում ՆԱՏՕ-ի հետ։ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև առաջին համատեղ զորավարժությունները անցկացվել են դեռևս 2013թ.:

Այս զորավարժությունների առանձնահատկությունն այն է, որ դրանք հայտարարվել են Մոսկվայի և Երևանի միջև լարված հարաբերությունների փուլում, երբ կողմերը հանդես են գալիս փոխադարձ կոշտ հայտարարություններով միմյանց հասցեին: Մյուս առանձնահատկությունն է հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող լարվածությունը:

Պաշտոնական Մոսկվան մտահոգիչ է որակել ԱՄՆ-ի ու Հայաստանի համատեղ զորավարժությունների մասին լուրերը։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը զգուշացրել է, որ Մոսկվան կհետևի այս զարգացումներին:

«Նման լուրերը մտահոգության տեղիք են տալիս՝ հատկապես ներկա իրավիճակում։ Մենք խորությամբ կվերլուծենք այդ տեղեկությունները», - ասել է Դմիտրի Պեսկովը։

2023 թվականի հունվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանն աննպատակահարմար է համարում այս տարի երկրում ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնելը։ Բացի այդ, Երևանը հրաժարվել է մասնակցել Բելառուսում ընթացող ՀԱՊԿ-ի զորավարժությւոններին:

Մի քանի օր առաջ La Repubblica-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Փաշինյանն ասել էր, որ անվտանգության համար Ռուսաստանին լիովին ապավինելը «ռազմավարական սխալ» էր, և թվում է, որ Ռուսաստանը կարող է հեռանալ Հարավային Կովկասի տարածաշրջանից։ Այս խոսքերին ևս արձագանքել է Կրեմլի խոսնակ Պեսկովը՝ նշելով, որ Ռուսաստանը չի պատրաստվում լքել Հարավային Կովկասը՝ հավելելով, որ Ռուսաստանում ավելի շատ էթնիկ հայեր են ապրում, քան Հայաստանում:

Բացի այդ, չորեքշաբթի օրը հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, Կիևում մասնակցում է Առաջին տիկնանց և ամուսինների երրորդ գագաթնաժողովին, որն անցկացվում է Ուկրաինայի նախագահի տիկնոջ՝ Ելենայի Զելենսկայայի նախաձեռնությամբ։ Հանդիպմանը մասնակցում են Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի, Թուրքիայի, Իսպանիայի, Չեխիայի, Դանիայի, Իսրայելի և մի շարք այլ երկրների ղեկավարների տիկնայք և ամուսիններ։

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո Հայաստանն առաջին անգամ մարդասիրական օգնություն է ուղարկել այս երկիր, որը Աննա Հակոբյանը ենթադրաբար կփոխանցի ուկրաինական կողմին։

XS
SM
MD
LG