Մատչելի հղումներ

Բլինքենն Ալիևին է փոխանցել ԱՄՆ-ի մտահոգությունը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի լուսանկարները
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի լուսանկարները

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը տեղեկացրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցի մասին, ուր ամերիկկացի պետքարտուղարը հորդորել է Ալիևին վերաբացել Լաչինի միջանցքը: Հաղորդագրության մեջ նշվում է. 

«Սեպտեմբերի 1-ին պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ հայտնելով Միացյալ Նահանգների մտահոգությունը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ։ Նա կրկնել է մեր կոչը՝ վերաբացել Լաչինի միջանցքը մարդասիրական, առևտրային և մարդկանց փոխադրումների համար՝ միաժամանակ գիտակցելով Ադրբեջանի կողմից լրացուցիչ երթուղիների կարևորությունը։ Պետքարտուղարն ընդգծել է երկխոսության և փոխզիջման անհրաժեշտությունը և կողմերի միջև վստահության ձևավորման կարևորությունը։ Նա խոստացել է ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը խաղաղ գործընթացին»,- ասված է հաղորդագրության տեքստում:

Նախօրեին, ԱՄՆ պետքրատուղարության փոխխոսնակ Վեդանտ Փաթելը լրագրողների հետ ճապազրույցի ընթացքում շեշտել է, որ Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում հումանիտարի իրավիճակի վատթարացմամբ, որը հետևանք է սննդամթերքի, դեղորայքի ու այլ առաջին անհրաժեշտության ապրանքների շարունակական արգելափակմանը: Իր խոսքում նա, մասնավորապես, ասել է.

«ԱՄՆ-ը վերջին մի քանի շաբաթների ընթացքում շարունակաբար աշխատել է կողմերի հետ, որպեսզի հումանիտար օգնությունը հասնի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, և մենք կրկնում ենք մեր կոչը՝ անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը մարդասիրական, առևտրային, ինչպես նաև մարդկանց փոխադրումների համար», - հայտարարել է պետքրատուղարության փոխխոսնակը։

XS
SM
MD
LG