Իր խոսքում, գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն ընդգծեց Հյուսիսատլանտյան դաշինքի համար Հարվային Կովկասի տարածաշրջանի կայունության կարևրությունը և աջակցություն հայտնեց ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներգրավվածությամբ Երևանի ու Բաքվի միջև խաղաղ գործընթացին: «Վճռականորեն աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, խաղաղության [հաստատման] բանակցություններին և նրանց միջև երկարատև խաղաղության համաձայնագրի կնքմանը։»,- ասել է Կոլոմինան:
Ստորև ներկայացնում ենք հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին վերաբերող հատվածը:
«Ամերիկայի ձայն». «Շատ շնորհակալ եմ հարցազրույցի համար: Հայաստանի վերաբերյալ հարց ունեմ իմ հայ գործընկերներից, եթե թույլ տաք։ Գիտենք, որ հանդիպել եք Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնյաներին։ Ո՞րն է ՆԱՏՕ-ի դերակատարությունը երկու երկրների միջև ընթացող խաղաղ գործընթացում»։
Խավիեր Կոլոմինա. «Աջակցում ենք կարգավորման գործընթացին, և դրա մասին ասել ենք հենց սկզբից: Վճռականորեն աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, խաղաղության [հաստատման] բանակցություններին և նրանց միջև երկարատև խաղաղության համաձայնագրի կնքմանը։ Այս օրերին կապի մեջ էի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Մենք աջակցում ենք Եվրամիության և Միացյալ Նահանգների ջանքերին, որոնք գործընթացի գլխավոր միջնորդներն են։ Փորձում ենք մեր գործընկերներին մղել ճիշտ ուղի: Իսկ մեզ համար ճիշտ ուղին հարաբերությունների կարգավորումն է, քանզի այն կայունություն կբերի Կովկասում»։
Your browser doesn’t support HTML5
«Ամերիկայի ձայն». «Եվս մեկ հարց, որո՞նք են ՆԱՏՕ-ի շահերը տարածաշրջանում»։
Խավիեր Կոլոմինա. «Կովկասը սևծովյան տարածաշրջանի վրա ուղիղ ազդեցություն ունի։ Եվ, ինչպես ասացինք, Մադրիդի ռազմավարական հայեցակարգում, Սև ծովը [ՆԱՏՕ-ի համար] ռազմավարական հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջան է։ Ուստի, տարածաշրջանում մեր շահն է, որ այն լինի կայուն, քանի որ տարածաշրջանի անկայունությունն ազդում է մեզ վրա»։
«Ամերիկայի ձայն». «Սակայն կարելի է ասել, որ դուք որևէ դերակատարում չեք ունեցել ղարաբաղյան հարցի կարգավորման հարցում։ Իսկ տեսնո՞ւմ եք առաջընթաց Հայաստան-Ադրբեջան գործընթացում։ Խաղաղության այս գործընթացը ձգձգվում է: Արդյո՞ք նշաններ տեսնում եք, որ կողմերը մոտ են համաձայնության»։
Խավիեր Կոլոմինա. «Դրական մտածող մարդ եմ։ Հույս է ներշնչում այն առաջընթացը, որը նրանք գրանցում են: Այդ մասին ինձ երեկ տեղեկացրել են արտգործնախարարները։ [Կողմերի միջև] եռակողմ հանդիպում է տեղի ունեցել պետքարտուղար Բլինքենի մասնակցությամբ։ Եվ ես հավատացած եմ, որ առաջընթաց կա: Չգիտեմ, թե այն մեզ ուր կբերի։ Բայց մենք կշարունակենք աջակցել գործընթացին, որքան կարող ենք։ Շնորհակալություն»։
Նշենք նաև, որ գագաթնաժողովի ընթացքում Խավիեր Կոլոմինան գրառում է կատարել իր X հարթակի էջում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման մասին:
Գրառման մեջ նշվում է. «Վաշինգտոնում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում, ուրախ էի հանդիպել [Ադրբեջանի] արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Քննարկել ենք ՆԱՏՕ-Ադրբեջան երկկողմ համագործակցության և [հայ-ադրբեջանական] խաղաղ բանակցությունների ներկա կարգավիճակը: ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ու երկարատև խաղաղության համաձայնագրի [կնքմանը]»,- իր գրառման մեջ գրել է Խավիեր Կոլոմինան: