Բայդենը քննադատել է ԱՄՆ գերագույն դատարանի որոշումը՝ նախագահական անձեռնմխելիության վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը

ԱՄՆ նախագահն ասել է, թե «հարգելու է իշխանության սահմանները»։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի քննադատել է նախագահական անձեռնմխելիության վերաբերյալ երկրի գերագույն դատարանի որոշումը, որը իր գլխավոր մրցակից՝ հանրապետական Դոնալդ Թրամփը ներկայացնում է որպես իր հաղթանակ։

«Այս երկիրը ստեղծվել է այն սկզբունքով, որ Ամերիկայում թագավորներ չկան»,- հայտարարել է է Բայդենը՝ հավելելով, որ ոչ ոք օրենքից վեր չէ, սակայն գերագույն դատարանի որոշումը նշանակում է, որ այդ սկզբունքն այլևս փոխվել է:

Բայդենի խոսքով, հասարակությունը «իրավունք ունի իմանալ» 2021 թվականի հունվարի 6-ի խռովության գործում Թրամփի դերի մասին, որին, հավանաբար, հնարավոր կլինի հասնել այս նոյեմբերի ընտրություններից հետո:

ԱՄՆ նախագահը հավելել է, թե ինքը «հարգելու է իշխանության սահմանները», սակայն ընդգծել է՝ գերագույն դատարանի որոշումը վտանգավոր նախադեպ է ստեղծում:

«Գիտեմ, որ կհարգեմ նախագահական լիազորությունների սահմանները, ինչպես արել եմ նախորդ երեքուկես տարիներին, բայց այժմ ցանկացած նախագահ, ներառյալ՝ Դոնալդ Թրամփը, ազատ կլինի անտեսել օրենքը»,- նշել է նա:

Հիշեցնենք, ԱՄՆ գերագույն դատարանը երկուշաբթի որոշել է, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն անձեռնմխելի է, եթե քրեական հետապնդումն իրականացվում է իր նախագահության օրոք ձեռնարկված պաշտոնական որևէ գործողության առնչությամբ, որին նա դիմել է՝ խուսափելու 2020 թվականի նախագահական ընտրություններում պարտությունից։ Միաժամանակ, Թրամփը զուրկ է անձեռնմխելիությունից, եթե խոսքը ոչ պաշտոնական գործողությունների մասին է:

Երկրի բարձրագույն դատարանը ստորադաս դատական ատյաններին է թողել որոշումը, թե որ դեպքերում Թրամփը կարող է պատասխանատվության ենթարկվել: Այս տարեսկզբին Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ բոլոր նախագահները պետք է անձեռնմխելիություն ունենան մեղադրանքներից, այլապես Սպիտակ տան ցանկացած նոր ղեկավար կարող է մեղադրանքներ հրահրել իր նախկին հակառակորդների դեմ:

Հայտնի է, որ Ջո Բայդենը խստորեն քննադատում է իր մրցակցի գործողությունները, որոնք առնչություն ունեն 2021 թվականի հունվարի 6-ին ԱՄՆ Կապիտոլիումի՝ Կոնգրեսի շենքի վրա Թրամփի կողմնակիցների հարձակման հետ և որոնց պատճառը Դոնալդ Թրամփի պնդումն էր, թե, իրականում, ինքն է հաղթել 2020 թվականի նախագահական ընտրություններում։

Նշվածի շուրջ 81-ամյա Բայդենը ելույթ է ունեցել Սպիտակ տանը, ուր առաջին անգամ էր հանդես գալիս՝ անցած շաբաթ Թրամփի հետ ունեցած իր բանավեճից հետո, որը, ինչպես հայտնի է, պատճառ է հանդիսացել, որպեսզի դեմոկրատների շարքերից կոչեր հնչեն, թե կուսակցությունը պետք է հրաժարվի Ջո Բայդենին առաջադրել ԱՄՆ նախագահի թեկնածու։