Մատչելի հղումներ

Ռուսական քարոզչությունը փորձում է ներկայացնել, թե ՆԱՏՕ-ն, Արևմուտքը և Ուկրաինան ներքաշվել են «վտանգավոր» ու «սադրիչ» գործողությունների մեջ


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը

Կրեմլը ձգտում է օգտվել Ուկրաինայի պատերազմում ՆԱՏՕ-ի հնարավոր մասնակցության մասին խոսույթից՝ ապացուցելու իր վաղեմի թեզը, թե «Արևմուտքն է պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ՝ օգտագործելով Ուկրաինան»։

Ուկրաինայում մոտ 28 ամիս է պատերազմ է, և Կիևի արևմտյան դաշնակիցները վերանայում են Ուկրաինային ցուցաբերվող աջակցության բնույթը։

Դիտորդներն ուշադրություն են հրավիրում՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վերջերս հայտարարել է, որ թեև ԱՄՆ-ն չի խրախուսում ուկրաինական զորքերին ամերիկյան զենքով հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին, բայց «ի վերջո Ուկրաինան ինքը պետք է որոշումներ կայացնի, թե ինչպես է պատրաստվում վարել այս պատերազմը»։

Ռուսաստանում Կրեմլի պրոպագանդիստներն այլ երանգ են հաղորդել Բլինքենի խոսքերին։

Կրեմլին հարող ռուսաստանցի մեկնաբաններից Ալեքսանդր Գրիշինն, օրինակ, գրել է, թե Բլինքենի խոսքերը նշանակում են, որ Վաշինգտոնը Կիևին «փաստացի թույլտվություն է տվել ամերիկյան զենքով հարվածներ հասցնել «ավանդական» Ռուսաստանի» տարածքին։

Գրիշինը թարգմանել է Նիլ Յանգի Rockin in the Free World երգի բառերը և պնդում արել, թե այն երգելով Կիևի ակումբներից մեկում՝ ԱՄՆ պետքարտուղարը «խոստովանել է, որ ինքը սատանա է», և դրանք «Բլինքենի երբևէ հնչեցրած միակ ազնիվ խոսքերն» են, իսկ ուկրաինացիներին մատուցած նրա բոլոր ընծաները «սատանայի ընծաներն են»։

Իր հերթին՝ մոսկովյան Известия պարբերականը որոշել է առանձնացնել Բլիքնեի խոսքերի միայն մի մասը, թե ԱՄՆ-ն «չի խրախուսում»՝ դարձնելով այն նյութի վերնագիր։ Միաժամանակ, Известия-ն մեջբերում է ռուսաստանցի դիվանագետներին, որոնք Վաշինստոնին մեղադրում են Ռուսաստանի տարածքում իրականացվող «Կիևի ահաբեկչական գործողությունները հովանավորելու» մեջ։

Հայտնի է, որ այս փետրվարին, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարեց Ուկրաինա զորք ուղարկելու տեսական հնարավորության մասին, «որպեսզի Ռուսաստանը չկարողանա հաղթել այս պատերազմում»: Մակրոնի խոսքերից հետո ռուսական բարձրաստիճան պաշտոնյաներն ու պետական լրատվամիջոցները լծվել են արդեն ամիսներ շարունակվող քարոզչության։

Երկու ամիս անց՝ մայիսի 2-ին, Մակրոնը հավելեց, թե ՆԱՏՕ-ի անդամ-երկրները «պետք է լեգիտիմ կարգով» քննարկեն Ուկրաինա զորք ուղարկելու հնարավորությունը, «եթե ռուսները ճեղքեն առաջնագիծը, և եթե Ուկրաինան նման խնդրանքով դիմի»՝ նշելով, սակայն, թե «այսօր այդպիսի հարց չկա»։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ևս ընդգծել է, որ Ուկրաինան չի դիմել ալյանսին՝ զորքեր ուղարկելու խնդրանքով։

ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն չեն պատրաստվում զորք ուղարկել Ուկրաինա՝ հայտարարել էր ԱՄՆ պետքարտուղարությունը Մակրոնի հայտարարությունից անմիջապես հետո։ Նույն օրը համանման հայտարարությամբ հանդես եկան Մեծ Բրիտանիան, Իսպանիան և Ֆինլանդիան։

Այդուհանդերձ, «ի պատասխան արևմտյան որոշ պաշտոնյաների սադրիչ պնդումների ու սպառնալիքների», Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց Ուկրաինայի հետ սահմանին մարտավարական միջուկային զենքի զորավարժություններ անցկացնելու մասին։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պարզաբանել է, որ Ռուսաստանի միջուկային զորավարժությունները «հրահրել են պարոն Մակրոնը, Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները» և «ԱՄՆ Սենատի ներկայացուցիչները»՝ ակնարկելով «Ուկրաինա զորքեր ուղարկելու մտադրությունների» մասին։

Արևմտյան դաշնակիցները հաշվի են առնում միջուկային սրացման ռիսկը և չեն պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ՝ ասել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, թեև հավելել է, որ ՆԱՏՕ-ի սահմանափակ թվով զինվորներ, դիտորդներ և ինժեներներ արդեն իսկ Ուկրաինայում են։

Այդ խոսքերից մեկ ամիս առաջ Տուսկը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի անմիջական մասնակցությունն Ուկրաինայում «անհավանական չէ»։

Ռուսաստանն անմիջապես որոշեց օգտագործել ուկրաինական պատերազմում ՆԱՏՕ-ի հնարավոր ներգրավածության մասին խոսքերը՝ որպես «ապացույց», թե «Արևմուտքը պատերազմ է հրահրել Ռուսաստանի դեմ՝ օգտագործելով Ուկրաինան»։

Այս թեզը սկսեցին ակտիվորեն տարածել ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաները։

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դեռ ապրիլին կեղծ պնդում էր արել, թե մոտ 1 500 ֆրանսիացի զինվորականներից բաղկացած գումարտակը ապրիլին կարող է մարտական պատրաստության բերվել՝ Ուկրաինա ուղարկվելու համար։

Կրեմլամետ ռուսաստանյան լրատվամիջոցներն ակտիվորեն տարածեցին կեղծիքը։

Ռուսաստանյան Рен ТВ հեռուստաալիքը, վկայաբերելով երկրի արտաքին հետախուզական ծառայությունը, հայտնել է, որ «Ֆրանսիան 2 հազար զինծառայող է պատրաստում»՝ Ուկրաինա, ռազմական գործողությունների գոտի ուղարկելու համար։

Նույն օրը Ռուսաստանի պետական Спутник լրատվական գործակալությունը հաղորդեց, թե Ֆրանսիան արդեն տեղակայել է «ֆրանսիական օտարերկրյա լեգեոնի առաջին՝ մոտ 100 հոգուց բաղկացած ստորաբաժանումները»՝ Ուկրաինայի արևելքում՝ «ռուսական բանակի դեմ մարտական գործողություններին մասնակցելու համար», և «օգնելու ուկրաինական բանակին պաշտպանել Սլավյանսկը, երբ ռազմաճակատի գիծը տեղաշարժվի քաղաքի ուղղությամբ»։

Այս ամենի ֆոնին՝ ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի նախկին օգնական Սթիվեն Բրայենը Հոնկոնգի Asia Times-ում հանդես եկավ հրապարակմամբ, թե ֆրանսիական զորքերն արդեն իսկ Ուկրաինայի արևելքում են, ինչի հետևանքով կարող է «ավելի լայնածավալ եվրոպական պատերազմ ծագել»։

Ռուսական պետական լրատվամիջոցները հաճախ են մեջբերում Բրայենին, քանզի նրա մեկնաբանությունները արտացոլում են Կրեմլի խոսույթները։

Ապրիլի 15-ին РИА Новости ռուսաստանյան պետական լրատվական գործակալությունը և Հարավաֆրիկյան Հանրապետությունում Ռուսաստանի դեսպանատունը կեղծ պնդում արեցին, թե ռուսական զինված ուժերը հարված են հասցրել Ուկրաինայի արևելքում՝ Սլավյանսկ քաղաքում գտնվող «ֆրանսիացի վարձկանների» դիրքերին։

Ռուսաստանյան պարբերականներից ոչ մեկը չի ներկայացրել վստահելի աղբյուրներ, թե ֆրանսիական զորքերը մասնակցել են Ուկրաինայում ռազմական գործողություններին։

Ֆրանսիայի կառավարությունը հերքում է Ուկրաինա զորք ուղարկելու մասին լուրը։

Ռուսական քարոզչությունը «օտարերկրյա վարձկանների» մասին խոսույթը տարածում է 2014 թվականին Ղրիմի բռնակցումից և Ուկրաինայի արևելք գաղտնի ներխուժումից ի վեր։ Իրականում, Ուկրաինան իր զինված ուժերում հավաքագրում է օտարերկրյա կամավորների և աշխատավարձ է վճարում նրանց, ինչը սովորական երևույթ է պատերազմ վարող որևէ երկրի համար, բայց այդ ստորաբաժանումները կանոնավոր զորքի մաս են, ոչ թե վարձկաններ։

Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը, որն այժմ երկրի Անվտանգության խորհրդի փոխնախագահն է, վերստին սպառնալիքներով է հանդես եկել X-ում և Telegram-յան իր ալիքում՝ գրելով, որ եթե ՆԱՏՕ-ի զորքերը հայտնվեն Ուկրաինայում, Ռուսաստանը պետք է պատասխան հարված հասցնի՝ միջուկային զենքով «հարվածելով արևմտյան մայրաքաղաքներին»։

Հարավաֆրիկյան Հանրապետությունում Ռուսաստանի դեսպանատան երկու գրառումները X-ում ևս կեղծ էին, թե Ֆրանսիայի օտարերկրյա լեգեոնը «հավանաբար, կրել է առաջին կորուստները» Ուկրաինայի արևելքում։

Կրեմլը նաև փորձել է տարածել առցանց խնդրագիրը, որը տեղադրված է Ուկրաինայի նախագահական վեբ-կայքում և հորդոր է Վոլոդիմիր Զելենսկուն՝ երկիր հրավիրել ՆԱՏՕ-ի զորքերին՝ օգնելու պաշտպանել Ուկրաինան ռուսական ագրեսիայից։

Մայիսի 7-ին մասնավոր անձի կողմից հրապարակված այդ խնդրագիրը մինչ օրս հավաքել է 4 հազարից էլ պակաս ստորագրություն, այնինչ որպեսզի այն դիտարկվի նախագահ Զելենսկու կողմից, պետք է ստանա առնվազն 25 հազար ստորագրություն։ Քիչ հավանական է, որ խնդրագիրը բավարար ձայներ կհավաքի, քան մյուս մոտ 2 հազար խնդրագրերը, որոնք հաղթահարել են 25 հազարի շեմը և այժմ վեբ-կայքի «սպասման մեջ» բաժնում են։

Նույնիսկ եթե այդ տեղի ունենա, Ուկրաինայի նախագահը ստիպված կլինի այն ուղարկել խորհրդարան՝ հավանության, ինչը ցույց է տալիս, թե որքան ժամանակ է խլելու առցանց խնդրագրերի հետ կապված իրավական գործընթացը։

Այդուհանդերձ, Պեսկովը խնդրագիրն անվանել է «վտանգավոր քայլ» և «Կիևի անկանխատեսելի ռեժիմի վրդովեցուցիչ սադրանք»՝ հայտարարելով, որ Կրեմլը «ուշադիր հետևում է իրավիճակին»։ Ռուսաստանյան պետական լրատվամիջոցները, բնականաբար, հրապարակեցին լուրը, թե իբր Արևմուտքը, ՆԱՏՕ-ն և Ուկրաինան ներքաշվել են «աղաղակող», «վտանգավոր» ու «սադրիչ» գործի մեջ։

Հանրահայտ է, որ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն, կազմակերպության անդամ-պետություններն իրավունք ունեն հավաքական ինքնապաշտպանության՝ «Միավորված ազգերի կազմակերպության որևէ անդամի հարձակման ենթարկվելու դեպքում, քանի դեռ Անվտանգության խորհուրդը չի ձեռնարկել միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման միջոցառումներ»։

Թեև Կրեմլն այսօր էլ չի ընդունում, որ Ուկրաինան ևս նման իրավունք ունի՝ այլ երկրների դիմելու ռազմական օգնության, սակայն Պուտինը ՄԱԿ-ի այդ նույն կարգը օգտագործեց՝ Սիրիա ներխուժելու և շարունակվող քաղաքացիական պատերազմում Բաշար Ասադին աջակցելու համար։ 2015 թվականի սեպտեմբերի 30-ին Ռուսաստանի ռազմաօդային ուժերը սկսեցին Սիրիայում հարվածներ հասցնել Ասադի դեմ հանդես եկող ստորաբաժանումներին։

Ռուսաստանը մինչ օրս պահպանում է իր ռազմական ներկայությունը Սիրիայում՝ պարբերաբար հրթիռակոծելով և ռմբակոծելով Բաշար Ասադի ռեժիմի հակառակորդներին։

Զուգահեռաբար՝ Պուտինը շարունակ փորձում է օրինականացնել Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումը՝ այն ներկայացնելով որպես Ռուսաստանի կողմից օկուպացված ուկրաինական Դոնեցկի և Լուգանսկի մարզերի անունից 2022 թվականին ներկայացված օգնության խնդրանքի արձագանք։

Պուտինը անգամ հայտարարել է, թե Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմը «լիովին համապատասխանում է» ՄԱԿ-ի կանոնադրությանը։

Սակայն հայտնի է, որ ՄԱԿ-ը Պուտինի պնդումը համարել է անօրինական՝ պահանջելով, որ Մոսկվան հեռանա Ուկրաինայից և դադարեցնի պատերազմը, որը խլել է հարյուր հազարավոր ուկրաինացիների և ռուսների կյանքեր։

XS
SM
MD
LG