Այս հունիսի 27-ին Շանհայի համագործակցության կազմակերպության Տարածաշրջանային հակաահաբեկչական կառույցի ռուսալեզու կայքում մի հրապարակում հայտնվեց՝ ««Իսլամական պետություն-Խորասանի» գլոբալ սպառնալիքի աճի մասին» վերտառությամբ: Հոդվածը արտատպվել է ռուսաստանյան Մերձավոր Արևելքի ինստիտուտի կայքէջից և վերաբերում է իսլամիստական «Վիլայաթ Խորասան» զինված խմբավորմանը, որը սերտ առնչություն ունի ահաբեկչական «Իսլամական պետության» հետ։
Հոդվածի հեղինակը՝ ինստիտուտի գիտաշխատող Լարիսա Շաշոկը անդրադարձ է կատարել «Իսլամական պետություն-Խորասանի» աճող ակտիվության դեմ ԱՄՆ, Գերմանիայի, Ֆրանսիայի, անգամ ԱՊՀ որոշ երկրների ու միջազգային կազմակերպությունների պայքարին, սակայն այս համատեքստում որևէ հիշատակում չկա Ռուսաստանի մասին, թեև այս մարտի 22-ին մերձմոսկովյան Crocus City Hall-ի դեմ իրականցված արյունալի հարձակման պատասխանատվությունը ստանձնեց հենց «Իսլամական պետություն-Խորասան» ահաբեկչական կազմակերպությունը, ինչի հետևանքով սպանվեցին առնվազն 145 հոգի։
Ուշագրավ է, որ Շաշոկի ծավալուն հրապարակման երկրորդ մասը հայտնվեց Մերձավոր Արևելքի ինստիտուտի կայքում հունիսի 23-ին, այն օրը, երբ Դաղստանում զինված խմբավորումը գրոհեց տեղի ուղղափառ եկեղեցին ու սինագոգը՝ գնդակահարելով մոտ մեկուկես տասնյակ ռուսաստանցի ոստիկանների։
«Ուկրաինայի հատուկ ծառայություններ» և «ամերիկացիների համակարգող կենտրոն»
Անշուշտ, Շաշոկի նյութում «Իսլամական պետություն-Խորասանի» դեմ պայքարում Մոսկվայի ջանքերի մասին հիշատակման բացակայությունը պատահական չէ։ Ռուսաստանի իշխանությունները բազմիցս փորձել են համոզել երկրի քաղաքացիներին, որ երկրում իսլամիստական շարժումը գործնականում ոչնչացվել է: Ռուսաստանի կովկասյան շրջանները ներկայացվում են որպես զբոսաշրջային գրավիչ ուղղություն։ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը մի քանի տարի առաջ Մոսկվային զեկուցեց, թե «Չեչնիայի Հանրապետությունում վերջ է տրված ավազակների գործունեությանը»:
Այդահանդերձ, դիտորդների ներկայացմամբ, իրականությունն այլ է, և օրինակ իսլամիստական «Վիլայաթ Կովկաս» կազմակերպությունը, որը ստեղծվել էր 2015 թվականին նրանց կողմից, ովքեր կռվել են Ռուսաստանի դեմ երկրորդ չեչենական պատերազմում, պարբերաբար պատասխանատվություն էր ստանձնում Ռուսաստանի կովկասյան հանրապետություններում ահաբեկչական գործողությունների համար, մինչև 2021 թվականին ռուսաստանյան անվտանգության ուժերը ոչնչացրեցին խմբավորման ղեկավարությանը։
Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմին զուգահեռ՝ ռուսական հատուկ ծառայությունները շարունակաբար մեղադրում են Կիևին Մոսկվայի դեմ ահաբեկչական գործողությւոններ իրականացնելու մեջ։ Այս գործում ակտիվ դեր ունեն նաև ռուսաստանցի պրոպագանդիստները, և նպատակը՝ պարզ ռուսաստանցիների շրջանում Ուկրաինայի ու արևմտյան երկրների դեմ բացասական տրամադրությունների սերմանումն է ու նման կերպ փորձել «հավասարակշռել» ռուսական բանակի ռազմական հանցագործությունները Ուկրաինայում։
Հունիսի 23-ին Դաղստանում տեղի ունեցած հարձակումից հետո, նշվածը կրկնվեց՝ ռուսաստանյան մի շարք քաղաքական գործիչներ, պաշտոնյաներ և պրոպագանդիստներ անմիջապես հայտարարեցին արևմտյան և ուկրաինական հետքի մասին։
Մասնավորապես, Դաղստանից ընտրված Պետդումայի պատգամավոր Աբդուլխակիմ Գաջիևը ռուսաստանյան պետական հեռուստատեսության եթերում հայտարարեց. «Դրա հետևում կարող են կանգնած լինել Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի երկրների հետախուզական ծառայությունները...։ Որովհետև մենք հաջողություններ ենք գրանցում հատուկ ռազմական գործողության բոլոր ճակատներում, ինչը նշանակում է, որ իրավիճակը պետք է ցնցել մեր երկրի ներսում»։
Ռուս ծայրահեղական, աջ հեղինակ Ռոման Անտոնովսկին, որի գրչին են պատկանում «Ռուս սուպերհերոսներ» ու «Ալֆա-տղամարդ. սպանիր նրանց, նախագա՛հ» վեպերը, և որը հաճախ է հյուրընկալվում ռուսաստանյան քարոզչական հարթակներում, իր՝ ավելի քան 60 հազար բաժանորդ ունեցող Telegram-յան ալիքում գրել է. «Վստահ եմ, հարձակումները Սևաստոպոլի, Աբխազիայի հետ սահմանին, Դաղստանում ուղղափառ եկեղեցու և սինագոգի վրա կազմակերպվել են ամերիկյան համակարգող կենտրոնի կողմից։ Վաղուց գրել էի, որ ժամանակի հարց է, թե երբ Արևմուտքը կօգտագործի… իսլամիստներին՝ ինչպես միգրանտներին, այնպես էլ բնիկ մահմեդականներին, գրոհելու Ռուսաստանը»:
Միաժամանակ, գրողը կոչ է արել «վերջ տալ Արևմուտքից եկող վտանգին» և «ապամոնտաժել ուկրաինական պետությունը»։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նույնպես հրապարակավ հանդես եկավ Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչության ու Արևմուտքի միջև կապի օգտին․ «Դաղստանում հերթական ահաբեկչությունն է տեղի ունեցել։ կան զոհեր։ Իրավասու մարմիններն անում են ամեն ինչ՝ պատվիրատուներին անհապաղ բացահայտելու համար։ Չենք կասկածում, որ ներգրավված են ԱՄՆ-ն ու [Վաշինգտոնի] ուկրաինացի խամաճիկները»:
Սակայն այս անգամ ի հայտ եկավ տարբերություն։ Օրինակ, ՆԱՏՕ-ում Ռուսաստանի նախկին դեսպան, Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի անդամ Դմիտրի Ռոգոզինը սոցցանցում գրեց, որ «եթե յուրաքանչյուր ահաբեկչություն, որը կապված է ազգային և կրոնական անհանդուրժողականության, ատելության և ռուսատյացության հետ վերագրենք Ուկրաինային և ՆԱՏՕ-ին, ապա այս վարդագույն մառախուղը մեզ մեծ խնդիրներ կբերի»։
Արդյո՞ք կապ կա հարձակումների միջև
Դաղստանի հարձակումից ընդամենը մեկ շաբաթ առաջ Դոնի Ռոստովի մեկուսարաններից մեկում հարձակում գործեցին տեղի անվտանգության ծառայության աշխատակիցներին նկատմամբ՝ պատանդառնելով ոմանց և ի ցույց դնելով կապը «Իսլամական պետության» հետ։
Riddle հարթակի սյունակագիր և ռուսաստանյան Կովկասում ծայրահեղականության հիմնախնդրով զբաղվող Հարոլդ Չեմբերսը «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում նշել է, թե տեղի ունեցածը այն դեպքերից էր, երբ գրոհայինների պատկանելությունը կասկած չի հարուցում. «Դեռ 2023 թվականին երեք ուսանող՝ երկուսը Ինգուշեթիայից և մեկը Դաղստանից, թողեցին Աստրախանի բժշկական ակադեմիան և հեռացան անտառներ։ Այնուհետև, [իրավապահները] խուզարկության իրականացրեցին նրանց բնակարանում, և պարզվեց, որ կապեր կան «Իսլամական պետության» հետ ու հարձակում էին ծրագրում Կարաչայ-Չերքեզիայում։ Ի վերջո, նրանք ձերբակալվեցին, և այս տարի տեղեկանում ենք, որ նրանք բոլորը փորձել են փախչել Դոնի Ռոստովի մեկուսարանից: Պարզ էր, որ կապված են «Իսլամական պետության» հետ»։
Միաժամանակ, Չեմբերսը ընդգծել է, որ դեռ հստակ կապ չկա Մախաչկալայում և Դերբենտում տեղի ունեցած հարձակումների ու «Իսլամական պետության» հետ․ «Դեռ որևէ կապ չի հաստատվել որևիցե միջազգային իսլամիստական խմբավորման և Դաղստանում հարձակում գործածների միջև, ինչը չի նշանակում, որ նման կապ չկա»։
Այդուհանդերձ, փորձագետը հիշեցնում է, որ իսլամիստական ավանդույթները բավականին վաղուց են արմատավորված Դաղստանում. «Արժե հիշել Դաղստանը 1999 թվականին։ Բոլորը հիշում են Շամիլ Բասաևի արշավանքը և Դաղստանի գյուղերի շուրջ բախումները, որոնք վահաբականություն և շարիաթի օրենքներ էին ընդունել: Այն ժամանակ Դաղստանից սկսվեց տարածաշրջանային պատերազմը, որը հանգեցրեց Վլադիմիր Պուտինի վերելքին»:
Кавказский узел պարբերականի գլխավոր խմբագիր Գրիգորի Շվեդովն «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում զուգահեռներ է անցկացրել Դոնի Ռոստովում տեղի ունեցած միջադեպի և ընդամենը մեկ շաբաթ անց Դաղստանում արյունահեղության միջև․ «Մենք՝ Кавказский узел-ում կապում ենք Դոնի Ռոստովում պատանդառությունը Դաղստանում տեղի ունեցածի հետ։ Երկու դեպքում էլ առկա է «Իսլամական պետության» հետքը»։
Որպես հիմնավորում Շվեդովը ներկայացնում է Դերբենտի սինագոգի դռան վրա գրոհայինների թողած թվերը, որոնք, շատերի կարծիքով, հղում են կատարում Ղուրանի կոնկրետ հատվածներին, ուր նշված է․ «Պայքարեք նրանց հետ, մինչև գայթակղությունը չվերանա և մինչև կրոնն ամբողջությամբ չնվիրվի Ալլահին»:
«Հրահանգ կա հետքերը փնտրել Ռուսաստանից դուրս»
Շվեդովի ներկայացմամբ, իսլամիստների իրականացրած հարձակումներին Ուկրաինայի իբր մասնակցության մասին Ռուսաստանում տարբեր չինովնիկների կողմից հնչող հայտարարությունները, իրականում, շփոթեցնում են իրավապահներին, որոնք ի վիճակի են արդյունավետ պայքարել ահաբեկչական այդ խմբավորումների դեմ. «Կենտրոնից առաջադրանքներ են իջեցվում տեղի ունեցողը կապել արտաքին ուժերի, տվյալ դեպքում՝ Ուկրաինայի [հետ]։ Եվ տեղերում՝ հատուկ ծառայությունների մարդիկ ինչպե՞ս կարող են աշխատել, եթե կարգադրություններ են ստանում ամենավերևից՝ նայեք Ռուսաստանից դուրս»։
Кавказский узел-ի գլխավոր խմբագիրը օրինակներ է բերում, երբ ռուսական հատուկ ծառայություններն իրենք են հայտնաբերել կապ Crocus City Hall-ի ահաբեկչության և Դաղստանում տեղի ունեցածի միջև․ «Երբ հատուկ ծառայությունների ղեկավարները հայտարարեցին Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչությունում ուկրաինական հետքի մասին, միևնույն ժամանակ, անսպասելիորեն, հատուկ գործողություններ տեղի ունեցան Հյուսիսային Կովկասում, որոնցից մեկը՝ Դաղստանում։ Եվ Անվտանգության դաշնային ծառայությունը մամուլի հաղորդագրություն տարածեց, թե այն սովորական գործողություն չէր, այլ Դաղստանում հայտնաբերել են կոնկրետ մարդկանց՝ Crocus City Hall-ի ահաբեկիչներին աջակցելու համար: Այսինքն, տեղեկություններ կային, որ Դաղստանից ինչ-որ մեկը կապ ունի Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ, ինչը ուղղակի հակասում էր ուկրաինական վարկածին»։
Militant Wire հարթակի հիմնադիր և Soufan վերլուծական կենտրոնի փորձագետ Լուկաս Ուեբերը «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում պնդել է՝ Կրեմլը «ուկրաինական հետքը» կիրառում է քարոզչական նպատակներով. «Կարծում եմ, Ռուսաստանի իշխանությունները փորձում են մարդկանց ուշադրությունն շեղել դեպի Ուկրաինա։ Ամեն ինչում մեղադրում են Ուկրաինային՝ փորձելով դրդել ռուսաստանցիներին աջակցել Կրեմլի գործողությունները Կիևի դեմ։ Միջազգային հանրությունն, իհարկե, տեղյակ է, որ Ուկրաինան այս ամենի հետ կապ չունի, և որ իրականում Ռուսաստանը կանգնած է ծայրահեղականության շատ լուրջ խնդրի առաջ, որն իր հերթին պատասխան է Սիրիայում, Աֆրիկայում Ռուսաստանի գործողություններին»։
Արդյո՞ք հարկ է սպասել սրացման
SOVA վերլուծական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Վերխովսկու խոսքով, Դաղստանում տեղի ունեցածը դժվար թե հանգեցնի ողջ Հյուսիսային Կովկասում իսլամիստական պայթյունի, որովհետև արյունահեղության հետևում կանգած ուժերը լայն աջակցություն չունեն տեղի բնակչության շրջանում․ «Իհարկե, տեղի անվտանգության ուժերը պետք է հսկեին կասկածելի խմբերին, բայց այստեղ նրանք վրիպեցին։ Հավանաբար, պատճառն այն էր, որ [գրոհայինները] տեղի չինովնիկներից մեկի հարազատներն էին: Դաղստանում նոր երևույթ չէ [սուննի իսլամում տարածված] սալաֆիների և սուֆիների թշնամանքը, որին գումարվում է հակասությունները որոշ շրջաններում գործող կամ ցեղային կլանների միջև, և դեռ պարզ չէ, թե տեղի ունեցածը որքանով է հղի ինչ-որ պատասխան գործողությամբ»։
Այնուամենայնիվ, Հարոլդ Չեմբերսը կարծում է, որ Հյուսիսային Կովկասում իսլամիստների կողմից զինված ապստամբության համար առկա են որոշ գործոններ, որոնք միայն ամրապնդվում են Ուկրաինայում ռուսական ագրեսիայի ֆոնին. «[Ռուսաստանում իրականացվող] զորահավաքի և պատերազմի ազդեցությունը կովկասյան հանրապետություններում նկատելի է։ Հատկապես՝ Դաղստանում, որտեղ պաշտոնյաները փորձում էին առաջանցիկ տեմպերով իրականացնել զորահավաքը։ Իսկ Դաղստանում տեղյակ էին, թե ինչ է պատահում նրանց հետ, ովքեր մեկնում են Ուկրաինա։ Հիշեցնեմ, որ հենց Դաղստանում տեղի ունեցան Ռուսաստանում զորահավաքի դեմ ամենազանգվածային բողոքի ցույցերը»։
«Տեղի ունեցողը բողոք է Գազայում Իսրայելի գործողությունների դեմ»
Հարոլդ Չեմբերսի խոսքով, «Դաղստանում առկա է ավելի զարգացած՝ «թվային ընդդիմություն», քան ռուսաստանյան Կովկասի մյուս հանրապետություններում է, որն արտահայտվում է Telegram-յան ալիքներում զորահավաքի դեմ հնչող բողոքի տեսքով»։
«Ամենատարածված պատումը, ինչպես նաև միավորող թեզը պաղեստինցիների և Գազայի հատվածի հետ համերաշխությունն է՝ ընդդեմ Իսրայելըի: Տեղի շրջանների ղեկավարները, կենտրոնից վախենալով, թույլ չեն տալիս մարդկանց հրապարակային հավաքնել անել, և դա ավելացրել է լարվածությունը։ Այս դեպքում մարդիկ մտնում են համացանց ու այնտեղ դառնում արմատական»,- ասում է Չեմբերսը։
Գրիգորի Շվեդովը հիշում է Մախաչկալայի օդանավակայանում տեղի ունեցած ջարդը, երբ ջարդարարները «հրեաներ էին որոնում», ինչը, ըստ Кавказский узел-ի գլխավոր խմբագրի, տանում է դեպի վտանգավոր զարգացումներ․ «Հարձակումներ եղան ռաբբիների վրա: 2023 թվականի աշնանը [Մախաչկալայի] օդանավակայանում հարձակումները իրականացվեցին առանց զենքի, իսկ 2024 թվականի ամռանը՝ արդեն զենքով։ Վստահ եմ, որ Դաղստանում շատերն են աջակցում են սինագոգների վրա հարձակումներին»։
Ալեքսանդր Վերխովսկու խոսքով, «Համասի» ու հութիների օրինակը կարող է վարակիչ լինել. «Անցած տարի Մախաչկալայի օդանավակայանում տեղի ունեցած ջարդը հենց տեղի արմատական և քաղաքականացված խմբավորումների գործողությունների արդյունքն էր։ Տարբեր իսլամիստական ուժեր, որոնք աջակցում են «Համասին», օրինակ՝ հութիները, կարող են ոգեշնչող օրինակ լինել: Նրանք իրենց երկրներում տիրապետություն ունեն մեծ տարածքների նկատմամբ, կրակում են ամերիկյան ավիակիրների վրա, և նրանց դեմ ոչինչ չի արվում»։
«Ռուսաստանն այժմ դյուրին թիրախ է»
Փորձագետների կարծիքով, փորձելով շեղել ռուսաստանյան հանրության ուշադրությունը երկրում առկա իսլամիստական խնդիրներից և տեղի ունեցողը կապելով Ուկրաինայի հետ, Կրեմլը, իրականում, բթացնում է հասարակության զգոնությունը աճող սպառնալիքի նկատմամբ, ինչից, ըստ Չեմբերսի, կարող են օգտվել իսլամիստները. «Ռուսաստանն այժմ դյուրին թիրախ է նման հարձակումների համար։ Բոլորն այժմ գիտեն, որ ռուսական հետախուզական ծառայությունները, նախ, այնքան էլ կոմպետենտ չեն, և երկրորդ՝ չեն վստահում Արևմուտքից եկող որևէ նախազգուշացման։ Միաժամանակ, այն դեռ միջուկային տերություն է, և նրա դեմ ցանկացած գործողություն, [լուրջ] գովազդ է այն իրականացնողի համար»։
Լուկաս Ուեբերը նույն կարծիքին է. «Իրադարձությունների ողջ ընթացքը ցույց է տալիս, որ իսլամիստական խմբավորումները կենտրոնացել են Ռուսաստանի ուղղությամբ և փորձ են անում ընդլայնել իրենց ազդեցությունը ռուսաստանյան տարածքում՝ շփվելով տեղի ծայրահեղական զանգվածի հետ։ Կարծում եմ, ականատես կլինենք նման հարձակումների շարունակմանը, քանզի իսլամիստների համար Ռուսաստանն այժմ դարձել է դյուրին թիրախ․ [Կրեմլի] բոլոր ռեսուրսներն ուղղված են Ուկրաինայի դեմ, և այնտեղ է ուղղված նաև [ռուսաստանյան] հատուկ ծառայությունների ուշադրությունը»։