Ռուսաստանն ու Արևմուտքը պայքարում են Վրաստանի համար

Ցույց Վրաստանում

Անցած տարի Եվրամիությունը Վրաստանին միությանը անդամակցելու թեկնածու-երկրի կարգավիճակ շնորհեց, սակայն դիտորդներն ասում են, որ Վրաստանի ամենահարուստ մարդու գլխավորած կառավարությունը 2022 թվականին Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո շրջվում է դեպի Ռուսաստան։

Վրացիները «ապակե ամրոց» են անվանում Վրաստանի ամենահարուստ օլիգարխ և իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի հիսուն միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը՝ Թբիլիսիին նայող տեսարանով ու ուղղաթիռի հարթակով։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ Ջորջիա» հակակոռուպցիոն կազմակերպության ղեկավար Էկա Գիգաուրին ասում է․ «Իվանիշվիլին այս երկրի իրական տիրակալն է։ Նրան է պատկանում Վրաստանի ՀՆԱ-ի մեկ երրորդը, և նա իր հարստությունը վաստակել է Ռուսաստանում 1990-ականների վերջին: Նա դեռ հետաքրքրություններ ունի Ռուսաստանում՝ իր օֆշորային ընկերությունների միջոցով, և ոչ միայն ինքը, այլ նաև իր ընտանիքի անդամները: Արդյո՞ք իրատեսական է ակնկալել նման անհատից, թե նա ամեն ինչ կանի, որպեսզի Վրաստանը դառնա ԵՄ և ՆԱՏՕ անդամ։ Այդպես չեմ կարծում»։

Վրաստանի ապագայի համար պայքարն ընթանում է Թբիլիսիի փողոցներում:

Ռուսաստանյան համանուն օրենքի կրկնօրինակը համարվող վրացական «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը բուռն դժգոհություն է առաջացրել վրաց հանրությունում՝ այս հոկտեմբերին կայանալիք ընտրություններից առաջ:

Օրենքն ընդունվեց իշխող ուժի նախաձեռնությամբ, և զանգվածային հուզումների պատճառով վրացական քաղաքական օրակագում վերստին մեջտեղ եկավ Իվանիշվիլիի հարցը:

«Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա ինչ-որ կերպ նրան դրեց ավելի հստակ դիրքորոշում ունենալ: Ի վերջո, շարժվեց ռուսական ուղղությամբ, թեև «Վրացական երազանքը» փորձում է այդ թաքցնել: Իվանիշվիլին ռազմավարական որոշում է կայացրել, որ Ռուսաստանը կհաղթի այդ պատերազմում, ուստի Վրաստանը պետք է միանա հաղթողին»,- ասում է քաղաքական վերլուծաբան Գիա Նոդիան։

Կառավարության քննադատների ներկայացմամբ, «Վրացական երազանքը» պարզապես շահարկում է մարդկանց վախերը:

Վերլուծաբան Ակա Զարկուան ասում է․ «Նրանք փորձում են Արևմուտքը և արևմտյան երկրները, հատկապես՝ Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը ներկայացնել որպես վրացական ավանդական շահերի և ընտանեկան արժեքների թշնամի»:

Իշխանամետները հերքում են մեղադրանքները։ Իշխանակն պատգամավոր Ֆրիդոն Ինջիան ասում է, թե Վրաստանի կառավարության հիմնական նպատակն է խաղաղության պահպանումը:

Ընդդիմության ներկայացուցիչների խոսքով, Արևմուտքը պետք է ավելի կտրուկ վերաբերմունք ցուցաբերի «Վրացական երազանքի» նկատմամբ:

«Եվրոպական Վրաստան» կուսակցության նախագահ Գիգա Բոկերիան նշում է․«Այս ամենը [արևմտյան] ուշադրության պակասի հետևանք է։ Թյուրիմացություն։ Այն, ինչ կատարվում է Վրաստանում, [Արևմուտքի ու] Ռուսաստանի միջև դիմակայության մասն է»:

Ըստ դիտորդների, «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունումը քաղաքական առումով ակտվիացրել է երկրի երիտասարդներին, որոնք կարող են վճռական դեր խաղալ այս հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններում՝ իշխանափոխություն պարտադրելով «Վրացական երազանքին»:

Հնչում են նաև կարծիքներ, որ դժվար թե Իվանիշվիլին զիջի առանց պայքարի: