Մատչելի հղումներ

Վրաստանի խորհրդարանը հաստատել է «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը


Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։ Քվեարկությունը տեղի է ունեցել խորհրդարանի շենքի դիմաց հազարավոր մարդկանց բողոքի ակցիայի ֆոնին։
Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։ Քվեարկությունը տեղի է ունեցել խորհրդարանի շենքի դիմաց հազարավոր մարդկանց բողոքի ակցիայի ֆոնին։

Ընդդիմադիր պատգամավորները բոյկոտ են հայտարարել

Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։ Քվեարկությունը տեղի է ունեցել խորհրդարանի շենքի դիմաց հազարավոր մարդկանց բողոքի ակցիայի ֆոնին։ Արդյունքում իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորները հատուկ նշանակության ջոկատների օգնությամբ կարողացել են լքել օրենսդիր մարմնի շենքը։ Ընդդիմադիր պատգամավորների մեծամասնությունը միաժամանակ հայտարարեց, որ այսուհետ անցնում է բոյկոտի ռեժիմի և ի նշան բողոքի դադարեցնելու է խորհրդարանական գործունեությունը։

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումից հետո հատուկ ջոկատայինները սկսել են ցուցարարներին դուրս մղել խորհրդարանի հարակից տարածքից՝ օգտագործելով հատուկ միջոցներ։ Միաժամանակ ձերբակալվել են որոշ ցուցարարներ։

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արդեն զգուշացրել է, որ վետո կդնի օրենքի վրա, թեև իշխող կուսակցությունը բավականաչափ ձայներ ունի խորհրդարանում այն շրջանցելու համար:

Վիճահարույց օրինագիծը կպահանջի այն կազմակերպություններից, որոնք ստանում են իրենց ֆինանսավորման ավելի քան 20%-ը արտերկրից, գրանցվել որպես օտարերկրյա ազդեցության գործակալ: «Վրացական երազանք»-ն ասում է, որ օրենքը նպատակ ունի ապահովել առավելագույն թափանցիկություն: Միևնույն ժամանակ, իշխանությունների ընդդիմախոսները պնդում են, որ իրականում իշխանության մեջ գտնվող կուսակցությունը կփորձի օգտագործել օրենքը՝ զսպելու ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների կողմից հնչող քննադատությունը, նույն կերպ, ինչպես եղավ Ռուսաստանում։ Ընդդիմադիրները նաև կարծում են, որ «Վրացական երազանքը» փորձում է փոխել Վրաստանի արտաքին քաղաքական կուրսը։

Օրենքի հակառակորդները ապրիլի 15-ից ամենօրյա բողոքի ակցիաներ են անում։ Մայիսի 14-ին օրենքի ընդունումից հետո ցուցարարները կոչ արեցին համազգային անհնազանդության, իսկ արևմտյան գործընկերներին՝ պատժամիջոցներ կիրառել երկրի «ոչ պաշտոնական կառավարչի»՝ իշխող կուսակցության պատվավոր նախագահ և հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի դեմ։

Խորհրդարանի կողմից «Օտարերկրյա գործակալների» կամ, ինչպես Վրաստանում անվանում են «ռուսական օրենքի» ընդունումը համընկավ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենի Վրաստան կատարած այցի հետ։ Օ՛Բրայենը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին։ Վրաստանի վարչապետի վարչակազմի տվյալներով՝ մայիսի 14-ին Իրակլի Կոբախիձեի և Ջեյմս Օ’Բրայենի հանդիպմանը, ի թիվս մի շարք հարցերի, քննարկվել է նաև «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։

«Իրակլի Կոբախիձեն Ջիմ Օ'Բրայենին բացատրել է օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենքի ընդունման անհրաժեշտությունը և ևս մեկ անգամ հայտնել է իշխող թիմի պատրաստակամությունը՝ ուշադիր դիտարկելու միջազգային գործընկերների բոլոր իրավական մեկնաբանությունները որպես վետոյի ընթացակարգի մաս»,- ասվում է կառավարության վարչակազմի մամուլի հաղորդագրության մեջ։

Մայիսի 12-ին կայացած ճեպազրույցում նախագահ Զուրաբիշվիլին հայտարարեց, որ մտադիր չէ «խաղերի մեջ մտնել» իշխող կուսակցության հետ, այսինքն՝ իր մեկնաբանությունները ներկայացնել որպես վետոյի ընթացակարգի մաս, «քանի որ օրենքը ունի միայն մեկ պատճառ և նպատակ՝ ժողովրդի մեջ որոշակի թյուրիմացություն և տարակուսանք մտցնել»։

Հարկ է նշել, որ Վրաստանի վարչապետն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը ցանկություն է հայտնել հանդիպել «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի հետ Վրաստան կատարած այցի ընթացքում, թեև, ըստ Իրակլի Կոբախիձեի, Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպումից։

Մերժման պատճառը, որը Կոբախիձեն հայտնել է մայիսի 13-ի ճեպազրույցում, կապված է դավադրության տեսության հետ, որը բազմիցս հնչել է «Վրացական երազանք»-ում, այդ թվում՝ անձամբ Իվանիշվիլիի կողմից։ Մասնավորապես, այս դավադրության տեսության էությունը կայանում է նրանում, որ իբր գոյություն ունի որոշակի «գլոբալ պատերազմի կուսակցություն» (չի նշվում, թե կոնկրետ ով է այդ «կազմակերպության» շարքերում), որն իբր տիրացել է երկու միլիարդ դոլարին, որը պատկանել է Իվանիշվիլիին և շանտաժի է ենթարկում նրան: Այս անգամ Կոբախիձեն չի ասել, թե դրա դիմաց ինչ են պահանջում միլիարդատիրոջից։

Միևնույն ժամանակ, ավելի վաղ քարոզիչները, ինչպես նաև «Վրացական երազանքի» ներկայացուցիչները հայտարարել էին, որ Իվանիշվիլիից «համաշխարհային պատերազմի կուսակցությունում» պահանջվում են միանալ Վրաստանին Ռուսաստանի հետ առճակատման հարցում և երկրում բացել երկրորդ ճակատ՝ ուկրաինականին զուգահեռ։

Հիշեցնենք, որ դեռևս երկուշաբթի օրը, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին, ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Վեդանտ Պատելը դատապարտեց Վրաստանի իշխող կուսակցության և նրա ղեկավարության ցանկությունները՝ ընդունել «օտարերկրյա ազդեցության մասին օրենքը», որը սահմանափակում է երկրի քաղաքացիների իրավունքներն ու ժողովրդավարական ազատությունները:

«Այդ գործողությունները, որոնք մենք տեսնում ենք, անհամատեղելի են վրաց ժողովրդի ինքնադրսևորման և նկրտումների հետ: Վրաստանի ժողովրդի ավելի քան 80 տոկոսը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին։ Մենք սատարում ենք այս ձգտումը և խրախուսում ենք Վրաստանի կառավարությանը շարունակել Եվրամիության հետ ինտեգրման ճանապարհը... Վրաստանի կառավարությունը հայտարարել է, որ ցանկանում է անդամակցել ԵՄ-ին և հարաբերություններ ունենալ անդրատլանտյան դաշինքների հետ, ինչպիսին է ՆԱՏՕ-ն, բայց այդպիսի օրենսդրական քայլեր, որոնք այս կառավարությունը հետապնդում է, չեն համապատասխանում իր հայտարարած նպատակներին»։

Պատելն ասել է, որ «այդ գործողությունները կունենան հետևանքներ»՝ միաժամանակ հրաժարվելով հստակեցնել այն քայլերը, որոնք կարող է ձեռնարկել ԱՄՆ վարչակազմը։

XS
SM
MD
LG