Ուկրաինայի հարցով բյուրգենշտոկյան խաղաղության համաժողովի արդյունքները

Բյուրգենշտոկ առողջարանային քաղաքում կայացած խաղաղության համաժողովը

Անցած կիրակի շվեյցարական Բյուրգենշտոկ առողջարանային քաղաքում կայացած խաղաղության համաժողովը նոր թափ է հաղորդել Ուկրաինայում խաղաղության հասնելու շուրջ քննարկումներին։

Շվեյցարիայի արտգործնախարար Ինյացիո Կասիսը նշել է, որ Ուկրաինայի հարցով խաղաղության հերթական ֆորումը կարող է կայանալ մինչ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները՝ այս նոյեմբերին։

Մինչդեռ, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կոչ է արել Պեկինին՝ ուղղակի փոխանցել սեփական առաջարկները Կիևին՝ պատերազմը դադարեցնելու մասին, ոչ թե այդ անել լրատվամիջոցներով։

Զելենսկին ընդգծել է՝ Չինաստանը Ուկրաինայի թշնամին չէ, չնայած Ռուսաստանի հետ Պեկինի սերտ կապերին, և կոչ է արել Չինաստանին կառուցողական դիրքորոշում որդեգրել խաղաղության առաջարկների մշակման հարցում։ Միաժամանակ, Ուկրաինայի նախագահը հույս է հայտնել, որ Պեկինը կարող է դրական դեր խաղալ այդ ուղղությամբ։

Հիշեցնենք, համաժողովին չմասնակցեցին ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Չինաստանը։ Մոսկվան հրավեր չէր ստացել, իսկ Պեկինը վերջին պահին հրաժարվել էր մասնակցել։

Պագտերազմին վերջ տալու իր առաջարկներով էր հանդես եկել Ռուսաստանի նախագահը՝ արժանանելով Ուկրաինայի, արևմտյան երկրների և Միացյալ Նահանգների մերժումին։ Վաշինգտոնում ընդգծել էին՝ Մոսկվան «պատրաստ չէ լուրջ, բարեխիղճ քննարկումների»։

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի խոսքով, Պուտինը «մաքսիմալիստական ևս մեկ հայտարարություն է արել՝ կոչ անելով Ուկրաինային նախքան բանակցություններ սկսելը հանձնել ավելի շատ ինքնիշխան տարածքներ, քան Ռուսաստանը մինչ այժմ օկուպացրել է»:

«Նախագահ Պուտինը պահանջել է, որ Ուկրաինան համաձայնի զինաթափմանը, որպեսզի այն խոցելի լինի Ռուսաստանի ապագա ագրեսիայի համար»,- ասել է Միլլերը՝ հավելելով, թե «ոչ մի պատասխանատու երկիր չի կարող ասել, որ դա խաղաղության [համար] ողջամիտ հիմք է»։

«Սա հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանը։ Հակասում է բարոյականության հիմունքներին: Հակասում է ողջախոհությանը»,- ընդգծել է Միլլերը։

Ուկրաինային հարկավոր չէ խաղաղությունը Ռուսաստանի պայմաններով՝ ասում է New Geopolitics Research Network-ի տնօրեն և ռազմական վերլուծաբան Միխայիլ Սամուսը։

«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ընդգծել է՝ խաղաղության նշաններ դեռ նշմարելի չեն․ «Ինչպես նաև չկան նախադրյալներ, որ Մոսկվայի դիրքորոշումը Կիևի հետ բանակցությունների հարցում կարող է լրջորեն փոխվել դեպի ողջամտություն։ Ուկրաինային ոչ թե ամեն գնով խաղաղություն է պետք, այլ առաջին հերթին՝ տարածքային ամբողջականության վերականգնում։ Գլխավորն այն է, որ ռուսական զորքերը լքեն օկուպացված հողերը, իսկ հետո [քայլեր արվեն]՝ ըստ պահանջների ցանկի, որոնք լավ հայտնի են և առկա ուկրաինական խաղաղության բանաձևում։ Հետևաբար, երբ արտաբերվում է «խաղաղություն» բառը, սահմանումները կարևոր են։ Հատկապես՝ Պուտինի վերջնագրային հայտարարության համատեքստում՝ [Բյուրգենշտոկի համաժողովի նախօրեին]»։

Ըստ Սամուսի, պատրանք է ակնկալել, որ շվեյցարական ֆորումից հետո խաղաղ գործընթացը կարագանա․ «Կրեմլի մոտեցումը նման գործընթացներին վաղուց հայտնի է՝ սկսած 2014 թվականից, երբ ռուսական զորքերը հարձակվեցին Ուկրաինայի վրա։ Այնպես որ, խաղաղության հարցը, բնականաբար, կորոշվի ռազմաճակատում։ Դա միակ ճանապարհն է։ Բացի այդ, կան մի քանի այլ կարևոր կետեր, որոնք պետք է հաշվի առնել: Քանի դեռ Ռուսաստանը նավթի վաճառքից կարող է տարեկան վաստակել 400 միլիարդ դոլար, ստանում է միկրոէլեկտրոնիկա, հաստոցներ և ռազմա-արդյունաբերական համալիրի անխափան աշխատանքի համար անհրաժեշտ ամեն ինչ, իհարկե, կարելի է խոսել խաղաղության մասին, բայց այդ ամենը բարի մտադրություններ են... ։ Անհրաժեշտ են տեխնոլոգիաների վերաբերող խիստ սահմանափակումներ: Առանց թվարկված ոլորտներում առաջընթացի՝ խաղաղության մասին խոսելը ժամանակի վատնում է։ Պուտինը հետո կշարժվի Բալթյան երկրների դեմ»։

Փորձագետը նաև կասկած է հայտնել, որ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար կարելի է լրջորեն հույս դնել Պեկինի վրա․ «Անմիջապես հարց է ծագում՝ ինչո՞ւ է դա հարկավոր Չինաստանին, որը միշտ և ամենուր բացառապես իր շահն է հետապնդում, և նրա օգտին է, որ Ուկրաինան պարտվի։ Երբ Զելենսկին ասում է, որ Չինաստանը մեր թշնամին չէ, նա նկատի ունի, որ Ուկրաինան չի պատրաստվում որևէ մեկի հետ թշնամանալ։ Բայց այն, ինչ անում է Չինաստանը, չի կարելի անվանել բարեկամական գործողություններ Ուկրաինայի նկատմամբ։ Այո, Պեկինն ուղղակիորեն զենք չի մատակարարում Մոսկվային, բայց գիտենք, թե ինչ է անում՝ Ռուսաստանում ռազմական արտադրությանը նպաստելու համար։ Բացի այդ, Չինաստանն, ավանդաբար, աջակցում է, այսպես կոչված, չարի առանցքին՝ [Մոսկվա-Թեհրան-Փհենյան], որտեղ Ռուսաստանին վերապահված է կարևոր դեր՝ հենց ԱՄՆ-ին հակազդելու համար»։

Հիշեցնենք նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի երեկվա հայտարարսությունը, թե Արևմուտքը չպետք է անհետևանք թողնի Պեկինի քաղաքականությունը, որը լուրջ աջակցություն է ցուցաբերում Մոսկվային։ Ստոլտենբերգի խոսքով, Պեկինը Մոսկվային մատակարարում է զենքի արտադրության համար անհրաժեշտ միկրոէլեկտրոնիկայի 90%-ը։

Շվեյցարիայի համաժողովը դժվար թե ուղիղ ճանապարհ բացի դեպի խաղաղություն՝ կարծիք է հայտնել քաղաքական վերլուծաբան Մաքսիմ Գլիկինը՝ հավելելով, թե ֆորումի արդյունքում, սակայն, հնարավոր է ակնկալել միջազգային հանրության կողմից Պուտինի նկատմամբ ճնշման աճ։

«Թվում է, թե դա կազդի Պուտինի միջազգային մեկուսացման վրա։ Կարևոր ազդանշան Մոսկվային՝ Հունգարիան, Սլովակիան և Սերբիան՝ Ռուսաստանին բավականին բարեկամ երկրներ, որոնք դեմ էին Ուկրաինային արևմտյան սպառազինության մատակարարմանը, նույնպես ստորագրել են շվեյցարական համաժողովի եզրափակիչ հռչակագիրը՝ ի ցույց դնելով ուկրաինական խնդրում իրենց մոտեցումների որոշակի փոփոխությունը։ Սա նույնպես վատ նշան է Կրեմլի համար»,- «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասել է Գլիկինը։

Բայց, ընդհանուր առմամբ, սկզբունքային փոփոխություններ չեն սպասվում՝ հավելել է Մաքսիմ Գլիկինը. «Այո, կան բանակցային գործընթացը մեռած տեղից շարժելու փորձեր։ Շվեյցարիան հերթական քայլն է արել այս ուղղությամբ։ Բայց դա չի կարող արմատապես փոխել իրավիճակը։ Դժվար է ասել, թե ինչը կարող է ստիպել Պուտինին նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Ճիշտն ասած, այստեղ դեռ հեռանկար չեմ տեսնում։ Կցանկանայի սխալվել: Գուցե, ընդհակառակը, ինչ-որ բան անսպասելիորեն փոխվի դեպի լավը։ Աշխարհաքաղաքական մեծ խաղ է ընթանում, որի ելքը դժվար է կանխատեսել, և, կարծես, կողմերը փակուղում են»։

Հավանաբար, Պեկինը, եթե ցանկանա, կարող է ազդել Մոսկվայի վրա և համոզել նրան խաղաղություն հաստատել, բայց առայժմ նման ցանկություն նկատելի չէ՝ եզրափակել է վերլուծաբանը։

Շվեյցարիայի արտգործնախարար Ինյացիո Կասիսի խոսքով, իր երկիրը ցանկանում է քննարկել խաղաղության համաժողովի արդյունքները Ռուսաստանի, Չինաստանի և այլ երկրների հետ, որոնք չեն մասնակցել ֆորումին։

Կասիսը հիշեցրել է, որ Շվեյցարիան Մոսկվայում դեսպանություն ունի, և իրենք «երկու շաբաթը մեկ» շփվում են Ռուսատանի արտգործնախարարության ղեկավարի հետ։