Շվեյցարիայում հավաքված 101 երկրների և կազմակերպությունների ղեկավարներ ամփոփել են երկօրյա համաժողովը, որի ընթացքում մասնակիցների մեծամասնությունը միասնաբար հանդես է եկել Ուկրաինայի նկատմամբ Կրեմլի սանձազերծած ագրեսիվ պատերազմի դեմ։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կոչ է արել դիվանագիտական լուծում գտնել պատերազմին։
«Այսօր այստեղ ենք՝ հանուն դիվանագիտության: Ուկրաինան միշտ հավատացել է դիվանագիտության ուժին: Պատերազմը մեր ընտրությունը չէ: Այն Պուտինի ընտրությունն է: Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի սկսենք շարժվել դեպի իրական խաղաղություն»,- ասել է Զելենսկին:
Ռուսաստանը, ինչպես հայտնի է, հրավիրված չէր համաժողովին, սակայն շվեյցարական հանդիպման նախօրեին Պուտինը հրապարակավ պահանջեց, որ Ուկրաինան դուրս բերի իր զորամիավորումներն այն շրջաններից, որոնք Մոսկվան այլևս համարում է իրենը, ինչպես նաև հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու նպատակից:
ԱՄՆ ու համաժողովին մասնակցող այլ երկրների ներկայացուցիչներ այդ պահանջները որակեցին որպես վերջնագիր, ինչը վկայում է, որ Ռուսաստանը մտադիր չէ հասնել խաղաղության:
«Նա բանակցությունների կոչ չի անում, [այլ] կոչ է անում հանձնվել: ԱմերիկանՈւկրաինայի կողքին է ոչ թե բարեգործությունից ելնելով, այլ որովհետև դա բխում է մեր ռազմավարական շահերից: Մենք կանգնած ենք ավելի քան 90 երկրների պատվիրակությունների հետ, որոնք նույնպես ունեն ռազմավարական շահեր՝ Ուկրաինայում արդար խաղաղության հասնելու հարցում»,- հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը:
Չինաստանը նույնպես չէր մասնակցել համաժողովին։
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդում Եվրոպայի հարցերով ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերի խոսքով, չմասնակցելով՝ Պեկինը նպատակ ունի ի ցույց դնել իր աջակցությունը Ռուսաստանին, շարունակելով Կրեմլին առաքել բաղադրիչներ ռազմա-արդյունաբերության համար:
«Խոսում ենք այնպիսի բաղադրիչների մասին, ինչպիսիք են նիտրոցելյուլոզը, միկրոպրոցեսորները, օպտիկայի և այլ սարքավորումները, որոնք ուղղակիորեն օգտագործվում են ռուսական սպառազինության արտադրության համար, և որն էլ կիրառվում է ոչ միայն Ուկրաինայում, այլև մեր եվրոպացի գործընկերների դեմ: Կարևոր է հասկանալ, որ սա երկարաժամկետ վտանգ է եվրոպական անվտանգությանը»,- ասել է Քարփենթերը։
Համաժողովին ներկա էին նաև աֆրիկյան երկրների ղեկավարներ, որոնց Շվեյցարիա էր բերել ռուսական ագրեսիայի պատճառով ուկրաինական հացահատիկի առաքումների դադարները, ինչը պարենային լուրջ խնդիրներ է ստեղծում աֆրիկյան ողջ մայրցամաքի համար։ Ելույթ ունենալով համաժողովի ավարտին՝ Գանայի նախագահը հայտարարեց, թե Կրեմլի սանձազերծած պատերազմի հետևանքները զգացվում են նաև Եվրոպայից դուրս:
«Աֆրիկան դարձել է հակամարտության ամենամեծ զոհը: Հաշվի առնելով միջազգային առևտրի և մատակարարումների շղթաների խաթարումը՝ {տեղի ունեցողը] կործանարար ազդեցություն է ունեցել մեր տնտեսությունների և կենսամակարդակի վրա՝ հանգեցնելով պարենային ապրանքների գնաճի»,- ասել է Գանայի նախագահ Նանա Ակուֆո-Ադդոն:
Շվեյցարիայի համաժողովի մասնակիցների մեծ մասը ստորագրել է համաժողովի եզրափակից հայտարարությունը, թեև որոշ երկրներ՝ Հարավային Աֆրիկան, Բրազիլիան, Հնդկաստանը, Սաուդյան Արաբիան, Հայաստանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները ձեռնպահ են մնացել:
Ուկրաինայի ներկայացուցիչները հայտարարել են հաջորդ գագաթնաժողովի նախապատրաստման մեկնարկի մասին, որը մտադիր են կազմակերպել մինչև ԱՄՆ նախագահական ընտրությունները՝ այս նոյեմբերին։ Որոշ երկրներ հույս են հայտնել հաջորդ համաժողովին տեսնել Ռուսաստանի ներկայացուցիչներին: