Մատչելի հղումներ

Ուկրաինայի զինուժի գլխավոր շտաբը հայտնել է Ղրիմում ռուսական С-400 և С-300 համալիրները թիրախավորելու մասին


Ռուսական կողմը չի կարողացել որսալ ուկրաինական հրթիռներից որևիցե մեկը, որից հետո С-400 և С-300 համալիրների ռադարները դադարել են գործել՝ ասված է ուկրաինական կողմի հաղորդագրությունում։

Ուկրաինայի զինուժի գլխավոր շտաբի հաղորդմամբ, հունիսի 10-ի գիշերը ուկրաինական ուժերը Ղրիմի Ջանկոյ շրջանում թիրախավորել են ռուսական С-400 մեկ և С-300 երկու համալիրներ՝ Չեռնոմորսկի մոտ։

Ռուսական ուժերը չեն կարողացել որսալ արձակված ուկրաինական հրթիռներից ոչ մեկը, որից հետո С-400 ու С-300-ների ռադարները դադարել են գործել։ Ի հավելումն, այդ վայրերում գրանցվել են զինամթերքի պայթյուններ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դեռ չի մեկնաբանել հաղորդագրությունը։

Astra Telegram-յան ալիքը, հղում կատարելով անանուն աղբյուրին, գրել է, թե թերակղզին հարձակման է ենթարկվել ATACMS առնվազն տասը հրթիռներով։ Բոլորը հարվածել են Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերի 31-րդ դիվիզիայի դիրքերին, որնցից չորսը տեղակայված են Ջանկոյ և Սակի շրջաններում, երկուսը` Չեռնոմորսկի մոտ:

Astra-ի տվյալներով, վնասվել են չորս ռադիոտեղորոշիչ կայաններ, զոհվել է մեկ զինծառայող, վեցը վիրավորվել են։

Հունիսի 10-ի գիշերը պայթյունների ուժեղ ձայներ են լսվել Ռուսաստանի բռնազավթած Ղրիմի մի շարք բնակավայրերում՝ գրում են ռուսական Telegram-յան ալիքները։

Ըստ տեղեկությունների, պայթյուններ են հնչել Ջանկոյ, Եվպատորիա, Չեռնոմորսկ, Ռազդոլնենսկի և Սակի շրջաններում։ Ռուսական Telegram-յան ալիքները պնդում են, որ ռուսական հակաօդային պաշտպանությունը Ղրիմի օդային տարածքում առնվազն չորս բալիստիկ հրթիռ է խոցել, սակայն այս տեղեկությունը հաստատված չէ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը և բռնակցված Ղրիմի ռուսական իշխանությունները լուռ են գիշերվա ընթացքում թերակղզում տեղի ունեցածի վերաբերյալ։

2022 թվականի օգոստոսից ի վեր պայթյունների ձայները գրեթե ամեն օր լսելի են բռնակցված Ղրիմի տարբեր բնակավայրերում։ Ռուսական իշխանությունները դա բացատրում են ուկրաինական անօդաչուների ուղղությամբ արձակված կրակով կամ զորավարժություններով։ Թերակղզում ահաբեկչական սպառնալիքի բարձր՝ դեղին մակարդակ է։ Փակ է Սիմֆերոպոլի օդանավակայանը։

Կիևն շարունակում է կիրառել արևմտյան սպառազինություն՝ բռնակցված Ղրիմը թիրախավորելու համար, որը միջազգայնորեն ճանաչված Ուկրաինայի տարածք է։

XS
SM
MD
LG