Նախագահ Էմանյուել Մակրոնը կիրակի օրը ցրել է Ազգային ժողովը՝ երկրի խորհրդարանի ստորին պալատը, և արտահերթ ընտրություններ նշանակել այս ամսվա վերջին։ Պատճառը՝ Եվրախորհրդարանի ընտրություններում Մակրոնի ղեկավարած կուսակցության պարտություն է ծայրահեղ աջերին՝ «Ազգային հավաքին»։
Դիտորդների պնդմամբ, Մակրոնի այս՝ անսպասելի որոշումից է այլևս մեծապես կախված նրա քաղաքական ապագան՝ նախագահական ժամկետի ավարտից երեք տարի առաջ։ Եթե «Ազգային հավաքը» երկրում ստանա խորհրդարանական մեծամասնություն, ապա Էմանյուել Մակրոնը զգալիորեն կսահմանափակվի ներքաղաքական խնդիրների լուծման հարցում։
Ֆրանսիայի նախագահի ներկայացմամբ, ԵՄ ընտրությունների արդյունքները վատ նորություն են իր կառավարության համար, և ինքը չի կարող անտեսել այն։ Երկրին ուղղված ուղերձում հայտարարել է, թե խորհրդարանի ստորին պալատի ընտրությունները նշանակվում են այս հունիսի 30-ին, իսկ քվեարկության երկրորդ փուլը տեղի կունենա հուլիսի 7-ին։
«Սա կարևոր պահ է՝ իրավիճակը հստակեցնելու համար։ Ականջալուր եմ եղել ձեր ուղերձին, ձեր մտահոգություններին և դրանք անպատասխան չեմ թողնի…։ Ֆրանսիային անհրաժեշտ է հստակ մեծամասնություն՝ հանգիստ և ներդաշնակ գործելու համար», - ասել է Մակրոնը:
Եվրախորհրդարանի ընտրություններում՝ երեկ, 28-ամյա Ջորդան Բարդելայի գլխավորած «Ազգային հավաք» կուսակցությունը ստացել է ձայների մոտ 32%-ը, ինչը ավելի քան կրկնակի է, քան հավաքել է Մակրոնի առաջնորդած կուսակցությունը՝ գրեթե 15%-ը: Ֆրանսիացի սոցիալիստներին բաժին է հասել քվեների շուրջ 14%-ը:
Լը Պենը, ով մտադիր է մասնակցել 2027 թվականի նախագահական ընտրություններին, որոնց Մակրոնն այլևս չի կարող մասնակցել, ողջունել է Ֆրանսիայի նախագահի որոշումը։
«Պատրաստ ենք իշխանությունը վերցնել մեր ձեռքը, եթե ֆրանսիացիները մեզ վստահեն գալիք համապետական ընտրություններում»,- հայտարարել է նա։
Մակրոնի խորհրդականների խոսքով, նախագահը որոշումը կայացրել է Երկրորդ աշխարհամարտի ժամանակ՝ 1944 թվականին, Ֆրանսիայի հյուսիսում՝ Նորմանդիայում, արևմտյան ուժերի կողմից ափհանման հայտնի գործողության՝ D-Day-ի 80-ամյակին նվիրված տոնակատարությունների ժամանակ, երբ փողոցում շփվել է մարդկանց հետ, ովքեր նրան փոխանցել են, թե հոգնել են խորհրդարանում անվերջ քաղաքական բախումներից:
Լը Պենը և Բարդելան ԵՄ ընտրությունների արդյունքները ներկայացնում են որպես Մակրոնի նկատմամբ վստահության հանրաքվե, թե երկրում դժգոհություն կա ներգաղթի, հանցավորության և երկարատև գնաճի պատճառով: