Մատչելի հղումներ

Արդյո՞ք Դոնալդ Թրամփը կհայտնվի բանտում


Դոնալդ Թրամփ
Դոնալդ Թրամփ

Չի բացառվում, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտնվի ճաղերի հետևում այն բանից հետո, երբ Նյու Յորքի դատարանի երդվյալ ատենակալները նրան մեղավոր ճանաչեցին հաշվապահական գրառումները կեղծելու մեջ: Այս հարցի շուրջ ստեղծված անորոշությունն իր ազդեցությունն է թողնում ամերիկյան ներքին քաղաքականության վրա։

Անցած հինգշաբթի Նյու Յորքում երդվյալ ատենակալները Թրամփին մեղավոր ճանաչեցին հաշվապահական փաստաթղթեր կեղծելու մեջ՝ 2016 թվականի ընտրություններից առաջ պոռնոաստղին լռեցնելու նպատակով կատարված վճարումը թաքցնելու համար: Այդ տարի Դոնալդ Թրամփը հաղթեց նախագահական ընտրություններում։

Նախագահական ընտրարարշավի ժամանակ Թրամփի դեմ արձակված վճիռը հարցեր է առաջացնում։ Օրինակ, եթե նրան բանտ ուղարկեն, ինչպե՞ս է շարունակելու քարոզարշավը:

Նախկին դաշնային դատախազ Սթիվեն Քոհենը քիչ հավանական է համարում, որ Դոնալդ Թրամփը կհայտնվի ճաղերի հետևում։

«Կլինեն ինտենսիվ հետդատական միջնորդություններ, հետո՝ վերաքննիչ բողոք, և այդ բողոքարկումը կտևի ամիսներ, եթե ոչ՝ ավելի քան մեկ տարի: Ուստի, կարծում եմ, որ այս պատմությունը կծառայի քաղաքականությանը, քան առնչություն կունենա Դոնալդ Թրամփի ճակատագրին։ Առնվազն սկզբնական շրջանում»,- ասում է Քոհենը:

Թրամփի դատավճիռը հրապարակվելու է մոտ մեկ ամսից՝ հուլիսի 11-ին։ Իրավական հարցերով փորձագետների խոսքով, ազատազրկման ժամկետը, ըստ ամենայնի, ավելի քիչ կլինի, քան մեղադրանքով նախատեսված առավելագույն 20 տարին:

«Հաշվի առնելով նրա տարիքը, քրեական անցյալի բացակայությունը, իրականում մեծ պատժաչափ, նշանակալի պատժաչափ պետք չէ սպասել»,- ասում է քրեական գործերով փաստաբան Ջոզեֆ Թուլին:

Մյուսները, հիշատակելով Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Քոհենի բանտարկված լինելը, խոսում են արդեն իսկ առկա նախադեպի մասին:

«Հազվադեպ է պատահում, որ դավադրության մեջ մեղադրվող կատարածուն բանտարկվի, իսկ [դավադարության] հեղինակը՝ ոչ: Դոնալդ Թրամփը այդ հանցավոր դավադրության գլուխն էր, իսկ Մայքլ Քոհենը ամիսներ շարունակ բանտում էր։ Ուստի, սա որոշակի նախադեպ է դատավորի համար՝ պարոն Թրամփին ազատազրկելու»,- ասում է Ջորջթաունի համալսարանի իրավունքի գծով պրոֆեսոր, փաստաբան Էբ Սմիթը։

Թրամփի համար բանտարկության այլընտրանք կարող է լինել պայմանական ազատազրկումը, տնային կալանքը կամ տուգանքը: Սակայն, ամենայն հավանականությամբ, որևէ պատիժ կյանքի չի կոչվի մինչև բողոքարկման գործընթացի ավարտը, որը կարող է տևական ժամանակ շարունակվել՝ անցնելով այս նոյեմբերին կայանալիք ընտրությունները:

Բայց մյուս կողմից, ինչ դատավճիռ էլ կայացվի, այն կարող է որպես հիմք ծառայել Թրամփին առնչվող մյուս երեք քրեական գործերին, որոնք ընթացքի մեջ են:

«Նման դատավճիռը հետագայում՝ այլ գործերի շրջանակում կհանգեցնի ավելի լուրջ դատապարտման: Ուստի, այն իր հետևանքը կունենա, քանի որ նա՝ [Թրամփը] այլևս կունենա քրեական անցյալ: Իսկ պատիժ նշանակելիս՝ հաշվի են առնում քրեական գործերը»,- ասում է նախկին դատախազ Փրիթ Բհարան։

Ինչպես ասացինք, Դոնալդ Թրամփին դեռ սպասվում են այլ դատավարություններ՝ դաշնային և նահանգային մեղադրանքների հիման վրա, և այդ շարքում Ֆլորիդայի դատավարությունը, որը վերաբերում է պետական գաղտնի փաստաթղթերի հետ սխալ վարվելուն, դարձյալ հետաձգվել է:

XS
SM
MD
LG