ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մոտ մեկ ամսից Վաշինգտոնում կհյուրընկալի ՆԱՏՕ-ի անդամ-երկրիների ղեկավարներին՝ նշելու դաշինքի 75-ամյակը և ուրվագծելու ալյանսի հեռանկարը:
ՆԱՏՕ-ի գոյության ընթացքում պատերազմելու մեթոդները, բնականաբար, զգալի փոփոխությունների են ենթարկվել:
Ուկրաինական պատերազմը նոր գաղափարների ու նախաձեռնությունների պատճառ հանդիսացավ, որոնք հակամարտ կողմերը փորձում են կիրառել մարտի դաշտում, և այդ ամենը ՆԱՏՕ-ի համար ուսումնասիրության և փորձառության լայն դաշտ է բացում։
Ժամանակակից ռազմական գործը քննարկվել է Եվրոպայում ալյանսի ուժերի չորս նախկին հրամանատարների՝ գեներալներ Ուեսլի Քլարկի (1997-2000 թվականներ), Ֆիլիպ Բրիդլավի (2013-2016 թվականներ), Քյուրտիս Սկապարոտիի (2016-2019 թվականներ) և Թոդ Ուոլթերսի (2019–2022 թվականներ) կողմից:
Քննարկումը տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի Հանրային ֆորումի և մի շարք վերլուծական կենտրոնների՝ Հադսոնի ինստիտուտի, Նոր ամերիկյան անվտանգության կենտրոնի, Ատլանտյան խորհրդի և Գերմանական Մարշալի հիմնադրամի շրջանակում։
Ի՞նչ նորություն բերեց ուկրաինական պատերազմը ռազմական տեսության մեջ
Ուեսլի Քլարկը, ով 1990-ականների վերջին ղեկավարում էր Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերը, կարծիք հայտնեց, որ «յուրաքանչյուր պատերազմ եզակի է, և յուրաքանչյուր ռազմական փորձ կարևոր է»:
Նրա պնդմամբ, ԱՄՆ բանակին «անհրաժեշտ է լուծել ռադիո-էլեկտրոնային պատերազմի ռուսաստանյան համակարգերի հարցը»:
«Գիտեինք, որ դեռ խորհրդային տարիներին ռուսները մեծ ջանքեր են գործադրել այս ուղղությամբ»,- հիշեցրել է նա:
Քլարկը նշել է, որ «ամերիկյան բանակի մարտական հայեցակարգը ճշգրիտ հարվածներն են», մինչդեռ ուկրաինական ճակատում տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, որ «երբեմն անհրաժեշտ է ունենալ մեծ թվով ցամաքային ուժեր՝ ուղեկցող սպառազինությամբ և զինամթերքի մեծ պաշարով»:
Գեներալ Բրիդլավն սատարել է գործընկերոջը՝ կենտրոնանալով, սակայն, «օդում երկու կողմերի գործողությունների վրա»։
«Ուկրաինայի ռազմաօդային ուժերը չափազանց փոքր էին, ուստի եկեք գնահատենք, թե որքան լավ են պաշտպանել երկինքը՝ նման սահմանափակ ռեսուրսներով։ Մինչդեռ, Ռուսաստանը այդպես էլ չկարողացավ արդյունավետ օգտագործել իր օդուժը՝ ցամաքային ուժերին աջակցելու համար»,- ասել է Ֆիլիպ Բրիդլավը։
Բրիդլավը նաև անդրադարձել է «ռադիո-էլեկտրոնային պատերազմ վարելու ռուսական ուժերի կարողություններին՝ ընդգծելով, որ կասկածում է, թե ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են պայքարել նման մակարդակի էլեկտրոնային պատերազմի դեմ»։
Գեներալ Քյուրտիս Սկապարոտին առաջարկել է ուշադրություն դարձնել «կիբեռտարածությունում ռուսական գործողություններին»։
«Իրականում Ռուսաստանը սկսել է կիբեռհարձակումներից՝ նախքան բուն հարձակում իրականացնելը: Բարեբախտաբար, քանի որ որոշակի աշխատանք էր կատարվել, Ուկրաինան համեմատաբար լավ էր պատրաստված»,- ասել է նա:
Ըստ Սկապարոտիի, ՆԱՏՕ-ն պետք է կենտրոնանա «ապակենտրոնացման և մարտական գործողությունների կառավարման համար՝ ճկուն հրամանատարության ու կառավարման համակարգի ստեղծման վրա»:
Թոդ Ուոլթերսը, ով ղեկավարում էր ՆԱՏՕ-ի ուժերը Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման ժամանակ, առանձնացրել է երկու հիմնական կետ, որոնց վրա «դաշինքը պետք է հատուկ շեշտադրում կատարի».
«Ժամանակակից պատերազմի բնորոշ նշաններն են ուժերի ինտեգրումը և նորարարական մոտեցումների կիրառումը։ 21-րդ դարի հակամարտությունը պատերազմ է օդում, ցամաքում, ծովում, տիեզերքում և կիբեռտարածությունում, ներառյալ՝ տեղեկատվական ոլորտում, և հաշվի առնենք նաև միջուկային զսպման գործիքակազմի կիրառումը: Լավ նորությունն այն է, որ ինձ դուր են գալիս ՆԱՏՕ-ի հնարավորություններն այս ուղղություններում։ 32 երկրներից բաղկացած դաշինքը հայտնի է միասին աշխատելու և նորարարությունների գնալու իր ունակությամբ: Ռազմական ուժերի միաժամանակյա ներգրավվածությունը բոլոր ոլորտներում՝ կենտրոնանալով հակամարտությունների ժամանակ նորարարական որոշումներ կայացնելու վրա, ահա թե ինչն է առանձնացնում ժամանակակից պատերազմը»,- ասել է Ուոլթերսը:
Որքանո՞վ է ՆԱՏՕ-ն պատրաստ փոխվել՝ հաշվի առնելով ուկրաինական պատերազմը
Գեներալ Սկապարոտին լավատես էր՝ նշելով, որ «նախորդ տարիներին դաշինքի ընդլայնումը դեպի արևելք և հյուսիս, ինչպես նաև դաշինքի յուրաքանչյուր երկրում պաշտպանական ծախսերի ավելացումը պարարտ հող է ստեղծում ռազմավարությունների, մեթոդների ու մոտեցումների նորացման համար»։
Ֆիլիպ Բրիդլավն ավելի քննադատաբար էր տրամադրված՝ պնդելով, թե հարկ է իրականացնել «Ռուսաստանի գլխավոր շտաբի վարած հիբրիդային պատերազմի մեթոդների մանրակրկիտ ուսումնասիրություն»։
«Հենց երեկ օգտակար խոսակցություն ունեցա ռուսական հիբրիդային գործողությունների մասին, և թվում է, թե Արևմուտքն, իրոք, անտեսում է այն փաստը, որ մենք պետք է անդրադառնանք այս հարցին։ Վրացի գործընկերն ինձ դժգոհեց, թե ինչպես է Վրաստանում տեղի ունեցող հիբրիդային պայքարը թողնում հետևանքներ։ Նա կարծում է, որ իր երկրում այդ պայքարը տանուլ են տալիս։ Մոլդովացի գործընկերներիս հետ զրույցում ևս մեկ անգամ հասկացա, որ Ռուսաստանի հիբրիդային գործողությունները Մոլդովայում նույնպես չեն մարում։ Վտանգավոր իրավիճակ է ստեղծվում նաև այլուր։ Այնքան կենտրոնացած ենք ուկրաինական պատերազմի վրա, որ որոշումներ կայացնելու մակարդակում չենք գիտակցում՝ ստիպված ենք լինելու լրջորեն զբաղվել Մոսկվայի հիբրիդային գործողություններով»,- ասել է Բրիդլավը:
Որքանո՞վ է արդյունավետ ռուսական ներկայիս բանակը
Ուեսլի Քլարկը հորդորել է «զերծ մնալ» ռուսաստանցի զինվորականների հասցեին նվաստացնող գնահատականներից։
«Նրանցից շատերը խելացի են և կրթված։ Դա ուղղակի բոլորովին այլ համակարգ է: Մենք հրամաններ ենք տալիս, իսկ մեր ենթակաները վերլուծում են դրանք, վերադառնում և պատմում դրանց իրականացման դժվարությունների կամ հնարավորությունների մասին։ Եթե մենք չափազանց լավատես լինենք կամ սխալվենք, ինչ-որ ենթակա կասի՝ պարոն, դուք չպետք է այդ անեք: Խորհրդային բանակում և նույնիսկ ռուսական զորքերում նման կոչը վերադասին հավասարազոր է դավաճանության։ Ռուսական ուժերը կառուցված են առաջխաղացման նպատակի վրա՝ անկախ կորուստներից։ Տեխնիկապես ներուժ ունեն։ Նրանց թիկունքում Չինաստանն է, նաև՝ Իրանը, չնայած պատժամիջոցներին»,- ասել է Քլարկը։
Ինչպե՞ս են քաղաքական իրադարձությունները Միացյալ Նահանգներում ազդել միջազգային անվտանգության վրա
«Մենք արևմտյան ժողովրդավարական երկրների ներկայացուցիչներ ենք, որոնք ունեն արժեքային համակարգ»,- նշել է Թոդ Ուոլթերսը:
Նրա կարծիքով, քաղաքական փոփոխությունները «դրական ազդեցություն են ունեցել կիբեռտարածությունում, միջուկային տարածությունում և տիեզերքում հնարավոր առճակատման կարևորությունը հասկանալու և նախապատրաստվելու վրա»։
Գեներալ Սկապարոտիի խոսքով, «ՆԱՏՕ-ում, հատկապես՝ Եվրոպայում, հանրությունը պաշտպանական ռազմավարություններում տեղ գտած փոփոխությունների համար պարտական է քաղաքական գործիչներին, ովքեր ժամանակին գիտակցեցին ռուսական ապատեղեկատվության և քարոզչության վնասակար ազդեցությունը»։
Գեներալ Քլարկը կարծիք է հայտնել, որ «ներքաղաքական տարաձայնությունները, որոնք առկա են ժողովրդավարական հասարակությունում, նախորդ շրջանում, ընդհանուր առմամբ, բացասաբար են ազդել ռազմական ոլորտի վրա»։
«Ամերիկյան քաղաքական համակարգն այժմ կոնֆլիկտային տարածք է. Ցավոք, դա նշանակում է, որ մենք ավելի խոցելի ենք դարձել հիբրիդային պատերազմի մեթոդների առջև։ Երկու-չորս տարին մեկ մենք՝ որպես քաղաքացիներ, քվեարկում ենք և նոր ղեկավարներ ընտրում, իսկ զինվորականներս հավատարմության երդում ենք տալիս նրանց։ Նման անցումային պահերին Ռուսաստանը հոջողություններ է գրանցում հիբրիդային պատերազմների միջոցով»,- ասել է գեներալը։
Ի՞նչ փոփոխությունների պետք է ենթարկվի Կրեմլի նկատմամբ քաղաքականությունը
Բրիդլավը կարծիք է հայտնել, որ մինչև վերջերս ամերիկյան քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ չափազանց «հանդարտեցնող» էր։
«Նույնիսկ հիմա մենք առանձնապես չենք ընդդիմանում Ռուսաստանին իր գործողություններում, և ՆԱՏՕ-ի շատ երկրներում քաղաքական գործիչները չեն ցանկանում ստանձնել այդ պատասխանատվությունը: Երբ Ռուսաստանը Սև ծովում խոցեց ամերիկյան անօդաչուն, ի՞նչ արեցինք»,- վրդովված էր գեներալը։
Նրան աջակցեց գեներալ Սկապարոտին, թե Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն «պետք է ուժեղացնեն կրթական աշխատանքը դաշինքի անդամ երկրներում, ինչը կօգնի քաղաքական գործիչներին Ռուսաստանի դեմ գործողություններ ձեռնարկել»։
«Իսկապես, ժողովրդավարական երկրների պատմությունը ցույց է տալիս, որ ժողովրդավարությունները միշտ դանդաղ են գործում: Բայց, օրինակ, Սլոբոդան Միլոշևիչը համոզված էր, որ կհաղթի Կոսովոյում, քանզի պատրաստ է ավելին անելու, քան ՆԱՏՕ-ն։ Սակայն նա չէր սպասում, որ ժողովրդավարական երկրների դաշինքը, երբ որոշի իր նպատակն ու քաղաքականությունը, չի նահանջելու։ Եվ Պուտինը պետք է սա հասկանա։ ՆԱՏՕ-ն ու ժողովրդավարական երկրները կարող են դանդաղ գործել, կարող ենք ուշ հասկանալ, որ առճակատման մեջ ենք, սակայն հենց ընդունենք այդ, Պուտինի համար ամեն ինչ կավարտվի։ Նա տանուլ կտա հակամարտությունը»,- եզրափակել է Ուեսլի Քլարկը։