Մատչելի հղումներ

Նախագահ Բայդենը ներողություն է խնդրել նախագահ Զելենսկիից ռազմական օգնության ընդունման ձգձգման համար և հայտնել լրացուցիչ օգնության մասին


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նրա ուկրաինացի գործընկեր Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել են Փարիզում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նրա ուկրաինացի գործընկեր Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել են Փարիզում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ուկրաինացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի մոտ 225 միլիոն դոլարի ռազմական օգնություն:

ԱՄՆ նախագահը և նրա ուկրաինացի գործընկեր Վոլոդիմիր Զելենսկին Փարիզում հանդիպել են՝ քննարկելու Ռուսաստանի ագրեսիայի դեմ պայքարում Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը, հայտնում է Սպիտակ տունը։

ԱՄՆ նախագահը հաստատել է, որ Բայդենի նախագահության օրոք ԱՄՆ-ն Ուկրաինային կուղարկի ռազմական օգնության վեցերորդ փաթեթը՝ մոտ 225 մլն դոլար։

Նոր փաթեթը կներառի սպառազինություն, որը Ուկրաինայի զինված ուժերը կարող են օգտագործել Ռուսաստանի ներսում հարվածներ հասցնելու համար՝ պաշտպանելու Խարկովը ռուսական խոշոր հարձակումից, ասել են ամերիկացի պաշտոնյաները:

Աջակցությունը ներառում է սպառազինություն HIMARS հրետանային հրթիռային համակարգերի համար, ինչպես նաև ականանետային համակարգեր և տարբեր տեսակի հրետանային արկեր, ասել են պաշտոնյաները:

Ավելի վաղ, ելույթ ունենալով Նորմանդիայում, որտեղ դաշնակից զորքերը վայրէջք են կատարել 80 տարի առաջ՝ նացիստական Գերմանիայի բանակին հարվածելու համար, Բայդենը հայտարարեց, որ Ռուսաստանի դեմ պատերազմող Ուկրաինա է ներխուժել «գերիշխանությանը ձգտող բռնակալ», և որ մեր օրերին ժողովրդավարությունն ավելի մեծ վտանգի տակ է, քան երբևէ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:

«Իզոլացման քաղաքականությունը պատասխանը չէր 80 տարի առաջ, և ոչ էլ այսօր», - ասել է Բայդենը:

«Մի սխալվեք, մենք գլուխ չենք խոնարհի, մենք չենք կարող հանձնվել ագրեսորին, սա ուղղակի աներևակայելի է։ Եթե մենք դա անենք, մեր ազատությունը կավարտվի, ողջ Եվրոպան կհայտնվի սպառնալիքի տակ»,- ասել է նախագահը` ելույթ ունենալով Քոլվիլ-սյուր-Մեր քաղաքում:

Փարիզում Բայդենը ներողություն է խնդրել ուկրաինացիներից ու ուկրաինացի առաջնորդից այս տարվա սկզբին ԱՄՆ Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգումների համար։

«Ես ներողություն եմ խնդրում այս շաբաթների շփոթության համար, երբ չգիտեինք՝ ինչ է լինելու ֆինանսավորման առումով, որովհետև մենք խնդիրներ ունեինք այս օրինագիծն ընդունելիս մեր մի շարք պահպանողական անդամների պատճառով, ովքեր խանգարեցին այն ընդունել, բայց մենք դա արեցինք», - ասել է Բայդենը:

XS
SM
MD
LG