Երբ անցած տարվա սեպտեմբերին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը այցելեց Ռուսաստան, նպատակ ուներ՝ ծանոթանալ ռուսաստանյան առաջադեմ սպառազինությանը:
Կիմին ցուցադրեցին ժամանակակից կործանիչներ և միջուկային ռմբակոծիչներ: Նա այցելեց ռազմանավ: Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շրջայց կատարեց ռուսաստանյան Հեռավոր Արևելքում գտնվող կայանում, որը հրթիռներ է արձակում տիեզերք:
Սակայն պայմանավորվածությունների մասին ոչինչ չհայտարարվեց։
Պուտինի սպասվող այցը Փհենյան նշան է, որ երկկողմ կապերը ամրապնդվում են՝ ասում է վերլուծաբան Ալեքսեյ Մուրավիևը. «Ակնկալում եմ հարաբերությունների պաշտոնականացում այնպիսի ոլորտում, ինչպիսին է անվտանգության և պաշտպանության բնագավառում համագործակցությունը»:
Բազմաթիվ են գնահատականները, թե Պուտինն ու Կիմն նույն մոտեցումն ունեն միջազգային մի շարք հարցերում, թեև ոչ վաղ անցյալում երկու երկրների հարաբերություններում խնդիրներ կային։ Օրինակ, 2017 թվականին Ռուսաստանն աջակցեց Հյուսիսային Կորեայի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցների ընդունմանը:
Սակայն այժմ Մոսկվան կախված է Փհենյանից․ Կրեմլին զենք է հարկավոր՝ Ուկրաինայի դեմ պատերազմելու համար:
Երկու բռնապետություններն էլ դաշնակիցներ են փնտրում Արևմուտքի դեմ:
«Պուտինը մտածում է երկարաժամկետ, կարճաժամկետ որևէ բան չի անում»,- ասում է Մուրավիևը։
Տիեզերք արբանյակներ արձակելը կարող է դառնալ ռուս-հյուսիսկորեական զարգացող համագործակցության ոլորտներից մեկը։ Հյուսիսային Կորեայի վերջին արձակումները ցույց տվեցին, որ առկա է ռուսական աջակցություն:
Պուտինը, կարծես, պատրաստ է ավելիին, սակայն հնարավոր փոխգործակցության մեծ մասի առջև ՄԱԿ-ի պատժամիջոցներն են:
Ռուսաստանաբնակ պրոֆեսոր Արտյոմ Լուկինի խոսքով, Մոսկվան գիտի այդ սահմանափակումները շրջանցելու ուղիները․ «Ուղղակի նայեք Չինաստանին: Բոլորս գիտենք, թե ինչպես է Չինաստանը կատարում Հյուսիսային Կորեայի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևերը։ Կարծում եմ, Ռուսաստանը կարող է հետևել այդ օրինակին»:
Լուկինը չի բացառում, որ Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև կնքվի դաշնակցային համաձայնագիր, ինչը էական ազդեցություն կունենա տարածաշրջանի համար: