Մատչելի հղումներ

Պեկին-Մոսկվա-Փհենյան-Թեհրան առանցքը. ավտորիտար ռեժիմները սպառնալիք են համաշխարհային կարգին


Ռուսական Sputnik պետական ​​գործակալության կողմից տարածված այս լուսանկարում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինպինը ներկա են գտնվել Ռուսաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակին նվիրված համերգին։
Ռուսական Sputnik պետական ​​գործակալության կողմից տարածված այս լուսանկարում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինպինը ներկա են գտնվել Ռուսաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակին նվիրված համերգին։

Փորձագետները քննարկել են «չորսի դաշինքի»՝ Չինաստանի, Ռուսաստանի, Հյուսիսային Կորեայի և Իրանի համագործակցության խորացնումը՝ ուղղված առկա աշխարհակարգի դեմ։

Նախորդ մի քանի տարիներին աշխարհն ականատես է եղել ոչ միայն ռուս-չինական հարաբերությունների, այլև՝ չորս ավտորիտար ռեժիմների՝ Ռուսաստանի, Չինաստանի, Հյուսիսային Կորեայի և Իրանի միջև համագործակցության խորացմանը։

Ռուսաստանի լայնածավալ ներխուժումն Ուկրաինա խորացրեց նրանց միջև համագործակցությունը և արագացրեց բռնապետական ռեժիմների մերձեցման գործընթացը:

Չինաստանը, Ռուսաստանը, Իրանը և Հյուսիսային Կորեան, որոնք հայտարարել են Արևմուտքի դեմ պայքարելու մասին, ակնհայտերոն վտանգ են ներկայացնում խաղաղությանն ու միջազգային համակարգին, որը ձևավորվել է Երկրորդ աշխարհամարտից հետո։

Գիտակցելով ավտորիտար երկրների մերձեցման վտանգավորությունը՝ ԱՄՆ ու դաշնակիցների համար՝ քաղաքական գործիչները, փորձագետները, դիվանագետներն ու վերլուծաբանները քննարկում են ծավալել խնդրի շուրջ։

Վաշինգտոնում գործող Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնը նախաձեռնել է քննարկումների շարք՝ նվիրված վերը հիշատակված «չարիքի առանցքի» ձևավորմանը:

Ի՞նչ է իրենից ներկայացնում այսօրվա «չարիքի առանցքը»

Անդրատլանտյան անվտանգության ծրագրի ավագ փորձագետ և Նոր ամերիկյան անվտանգության կենտրոնի տնօրեն Անդրեա Քենդալ-Թեյլորը սահմանել է «չորսի դաշինքից բխող սպառնալիքը»:

Առաջին հերթին, բռնապետական ռեժիմների համագործակցությունը մեծացնում է նրանց ընդհանուր ռազմական ներուժը․«Այն, ինչ Ռուսաստանը ստանում է Հյուսիսային Կորեայից, Չինաստանից ու Իրանից պակաս կարևոր չէ, քան այն, ինչ նա տալիս է դիմացը։ Դրանք տեխնոլոգիաներ և ռեսուրսներ են, ինչպես նաև քաղաքական աջակցություն, որոնք թուլացնում են Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների՝ [Ռուսաստանին] հակազդելու կարողությունը: «Չարիքի առանցքի» երկրները օգտագործում են միմյանց հնարավորությունները՝ շրջանցելու իրենց նկատմամբ տարբեր ժամանակներում կիրառված պատժամիջոցները, աջակցում են տեղեկատվական տարածքում, ապահովում քաղաքական աջակցութուն ՄԱԿ-ում և այլն»:

Այնուամենայնիվ, ըստ վերլուծաբանի, ամենից վտանգավորն է, որ այդ երկրներն ավելի «կոշտ, կենսունակ այլընտրանք են ստեղծում Միացյալ Նահանգների գլխավորությամբ և ժողովրդավարական կանոնների վրա հիմնված միջազգային կարգի համար»։

«Սա գլոբալ անկայունության ժամանակաշրջանի սկիզբն է։ Ականատես ենք եղել այնպիսի բաների՝ Մերձավոր Արևելքում, Վենեսուելայում, Գայանայում և աշխարհի այլ երկրներում ու տարածաշրջաններում, որոնք իրական ազդեցություն ունեն գլոբալ կանոնները կիրառելու և միջազգային կարգը պահպանելու մեր կարողության վրա»,- ասել է Անդրեա Քենդալ-Թեյլորը:

Նոր ամերիկյան անվտանգության կենտրոնի ղեկավար Ռիչարդ Ֆոնթեյնը, ով ԱՄՆ պետքարտուղարության նախկին պաշտոնյա է, լրացրել է Քենդալ-Թեյլորին․ «Ռուսաստանն Ուկրաինայի դեմ օգտագործել է Չինաստանի, Հյուսիսային Կորեայի և Իրանի ռազմական տեխնիկան՝ միաժամանակ սկսելով իր տարածքում արտադրել այդ զինտեխնիկայի մի շարք տեսակներ, օրինակ՝ անօդաչուներ: Երբ ռուսական սպառազինությունը սպառվում էր, այն լրացվում էր հյուսիսկորեական զենքով»։

Ըստ Ֆոնթեյնի, Չինաստանում, ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր, շատ էին քննարկումներն այն մասին, թե ինչպես Արևմուտքը կարող է սահմանափակել ռուսական ռազմա-արդյունաբերության համար նախատեսված բաղադրիչների մատակարարումը: Գերիշխում էր կարծիքը, որ սահմանվող պատժամիջոցները կարող են վնասել [Ռուսաստանի] տնտեսությանը, որից հետո Չինաստանը սկսեց տրամադրել հսկայական քանակությամբ երկակի նշանակության ապրաքներ և սարքավորումներ, որոնք սնուցում են ռուսական ռազմա-արդյունաբերական համալիրը: Հյուսիսային Կորեան, ամենայն հավանականությամբ Ռուսաստանի օգնությամբ, տիեզերք է արձակել արբանյակ: Հյուսիսային Կորեան սառեցված միլիոնավոր դոլարներ ուներ ռուսական բանկերում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի համաձայն, որոնք Ռուսաստանը ապասառեցրեց՝ հավանաբար որպես փոխհատուցում:

Վերլուծաբանի համաձայն, այժմ անիմաստ է որևէ գործունեություն միջազգային կազմակերպությունների շրջանակներում՝ այդ չորս երկրների մասնակցությամբ․ «Իրանի շուրջ բազմակողմ բանակցությունները, Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի սահմանափակման փորձերը այլևս պատմություն են»։

Ի՞նչ ապագա ունի ավտորիտար դաշինքը

Քենդալ Թեյլորի խոսքով, քառյակի հետ հարաբերություններում Արևմուտքի ռազմավարության խոցելի կողմն է ընդհանուր տեսլականի բացակայությունը, թե ինչպես պետք է կառուցված լինի ժամանակակից աշխարհը․ «Այս չորս երկրները ընդհանուր շահ ունեն՝ խարխլել Միացյալ Նահանգների [դիրքերը], թուլացնել ժողովրդավարության ազդեցությունն աշխարհում և վերափոխել աշխարհը»:

«Միևնույն ժամանակ, այս քառյակում գլխավոր դերը խաղում են Չինաստանը և Ռուսաստանը։ Մոսկվան պատրաստ է ընդունել կրտսեր գործընկերոջ կարգավիճակը ապագա աշխարհում, քանի որ Չինաստանը չեն դիտարկում որպես սպառնալիք։ Իհարկե, ապագայում ինչ-որ պահի այս երկու երկրները կբաժանվեն, և նրանց շահերը կբախվեն: Այնուամենայնիվ, այդ տեղի կունենա տասնամյակներ անց կամ ավելի երկարատև հեռանկարում: Մինչդեռ, այսօր նրանք ունեն համաշխարհային հանրությանը բավականին մեծ վնաս պատճառելու ներուժ»,- նշել է Անդրեա Քենդալ-Թեյլորը։

Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի Ասիայի գծով ավագ վերլուծաբան, Պաշտպանական քաղաքականության խորհրդի անդամ և ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի նախկին աշխատակից Վիկտոր Չանը ուշադրություն է հրավիրել, որ ձգտելով կազմաքանդել գոյություն ունեցող աշխարհակարգը՝ այս կոալիցիան այլընտրանք չի առաջարկում։

Փորձագետի կարծիքով՝ ժամանակի ընթացքում քառյակը կարող է ունենալ ապագայի ինչ-որ ընդհանուր տեսլական, բայց միայն կարճաժամկետ հեռանկարի համար․ «Այդ ընթացքում, սակայն, նրանք խառնաշփոթ կստեղծեն»։

Ի՞նչ պետք է անեն ԱՄՆ-ն ու Արևմուտքը

Անդրեա Քենդալ-Թեյլորն ընդգծել է՝ թեև սահմանափակ ռազմական և քաղաքական ռեսուրսների առկայությունը, թերևս, ճիշտ չէ առաջնահերթություն սահմանել՝ ո՞րն է կարևոր՝ պատերազմը Եվրոպայում, թե՞ Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում սրվող իրավիճակը․ «Իրականում դրանք փոխկապակցված են։ Չեք կարող հրաժարվել Ուկրաինայից կամ սակավ ջանք գործադրել Եվրոպայում և առաջնահերթություն տալ չինական ճնշմանը: Օգնելով Ուկրաինային հաղթել Ռուսաստանին, թույլ չտալով Ռուսաստանին հասնել իր նպատակներին՝ [նշանակում է] զսպել Չինաստանին, մեկուսացնել Իրանին։ Կարծում եմ, սա ամենաարդյունավետ ուղին է Միացյալ Նահանգների համար»:

Միևնույն ժամանակ, վերլուծաբանը նշել է դրական զարգացումների մասին՝ աննախադեպ փոխըմբռնում և համագործակցություն է հաստատվել ԱՄՆ ու դաշնակիցների միջև՝ Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, Եվրոպայում, ամրապնդվում է ՆԱՏՕ-ն․ «Պետք է աշխարհին ավելի շատ ցույց տանք, որ Միացյալ Նահանգներն ամենուր դաշնակիցներ ունի»:

Ռիչարդ Ֆոնթեյնը հավելել է, թե այժմ կարևոր է աշխատել «տատանվող դերակատարների» հետ․ «Առանձնացնում ենք վեց երկիր՝ Բրազիլիան, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Թուրքիան, Հարավային Աֆրիկան և Սաուդյան Արաբիան։ Այս բոլոր երկրները կանգնած են ընտրության առաջ, այդ թվում, օրինակ, տեխնոլոգիական ոլորտում։ Նրանք պետք է նախապատվությունը տան այս կամ այն կողմին։ Մեր խնդիրն է սինխրոնիզացնել նրանց գործողությունները մեզ հետ»։

Փորձագետները համակարծիք էին, որ ամերիկյան հասարակության պառակտումն մեծապես խոչընդոտում է միջազգային հարաբերություններում ճիշտ որոշումներ կայացնելուն և, հետևաբար, վտանգում է ԱՄՆ ազգային անվտանգությունը։ Մյուս կողմից, գտնում էին, որ հարկավոր է օգտագործել Չինաստանի և Ռուսաստանի միջև առկա հակասությունները:

Արդյո՞ք «չարիքի առանցքը» կարող է խաթարել համաշխարհային տնտեսությունը

Նման սպառնալիք, իհարկե, գոյություն ունի՝ կարծիք է հայտնել Անդրեա Քենդալ-Թեյլորը․ «Վերջերս հայտարարվեց, որ Ռուսաստանը և Չինաստանը համագործակցում են արհեստական բանականությունը ռազմական ոլորտում կիրառելու ուղղությամբ։ Ռուսաստանի և Չինաստանի տեխնոլոգիական համայնքների միջև բավականին ամուր կապեր կան։ Ճի՛շտ է, դժվար է գնահատել, թե որքանով է այն արդյունավետ։ Այնուամենայնիվ, Ռուսաստանի տեսանկյունից, որը որոշակիորեն զիջում է ԱՄՆ-ին և Չինաստանին այնպիսի բաներում, ինչպիսին արհեստական բանականությունն է, այն առնվազն օգնում է Ռուսաստանին մնալ խաղի մեջ: Այս տիպի տեխնոլոգիական փոխգործակցույունն ապագայում կավելանա՝ մեծացնելով այդ երկրներից բխող վտանգը»:

Ռիչարդ Ֆոնթեյնը նշել է, որ ԱՄՆ-ն ու դաշնակիցները աշխատում են կանխել նման տեխնոլոգիաների չարամիտ օգտագործումը։ Միևնույն ժամանակ, վերլուծաբանը կարծիք է հայտնել, ոչ այդ նպատակով անհրաժեշտ է արտադրությունը Չինաստանից տեղափոխել այլ երկներ՝ Հարավային Կորեա, Նիդեռլանդներ և Ճապոնիա։

Որքանո՞վ է աշխարհն ի վիճակի դիմակայել «բռնապետությունների առանցքին»

Անդրեա Քենդալ-Թեյլորը նշել է՝ հարցը հրատապ է, թե արդյոք Արևմուտքը կկարողանա իր զինված ուժերը արագորեն համալրել՝ «չարիքի առանցքին» դիմակայելու համար․ «Բանավեճեր կա, թե արդյոք ՀՆԱ-ի 2%-ը բավարար է պաշտպանական ծախսերի համար։ Գուցե, ՆԱՏՕ-ի գալիք գագաթնաժողովում կհայտարարվի, որ այդ նշաձողը բարձրացվելու է»:

Վերլուծաբանը հիշեցրել է, որ Կրեմլի նպատակները չեն սահմանափակվում Ուկրաինայով և այն կարող է փորձել մասնակցել Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում հնարավոր հակամարտությանը․ «Արդյո՞ք արևմտյան կոալիցիան հասկանում է միաժամանակյա [նման] հակամարտությունների ռիսկերը, և կսկսեն պաշտպանության ուղղությամբ ծախսել։ Հակամարտություններ կան նաև գլոբալ հարավի երկրներում։ «Համասի» հարձակումը Իսրայելի վրա ընդգծեց այն հսկայական խնդիրը, որին բախվում են Միացյալ Նահանգները և Եվրոպան աշխարհի այդ մասում»:

Ռիչարդ Ֆոնթեյնի խոսքով, նման քննարկմամբ ամերիկյան վերլուծաբանական հանրությունը փորձում է ուշադրություն հրավիրել արդեն նկատվող մրատահրավերներին, քանի որ աշխարհաքաղաքական լուրջ վերակազմավորումներն ու նշված չորս ավտորիտար երկրների միավորումը որոշակի միության մեջ ակտիվորեն առաջ են գնում՝ նպատակ ունենալով խարխլելով ԱՄՆ ազդեցությունն աշխարհում։

Փորձագետը ընդգծել է՝ ոչ ոք չէր սպասում, որ երկու տարվա ընթացքում Ռուսաստանը կկարողանա կառուցել պատերազմական տնտեսություն, որը կարող է ավելի արագ զինամթերք արտադրել և առաքել, քան ԱՄՆ-ն ու ողջ Եվրոպան միասին վերցրած։

Այնուամենայնիվ, կա մի բան, որը, ըստ Ֆոնթենի, լավատեսություն է ներշնչում. «Այն, իհարկե, ՆԱՏՕ-ի հզորացումն ու ընդլայնումն է։ Ճապոնիայի պաշտպանական բյուջեի կրկնապատկումն է, որը կլինի երրորդ ամենամեծը աշխարհում: Բայց պետք է արագացնենք մեր ջանքերը»։

XS
SM
MD
LG