Մատչելի հղումներ

«Ռուսաստանը չկարողացավ օգտագործել պահը». փորձագետներն ուկրաինական պատերազմի ընթացքի մասին


Քարնեգի հիմնադրամի փորձագետների գնահատմամբ, Ուկրաինայի և Ռուսաստանի առճակատման մեջ շրջադարձային պահ է սպասվում։

Ուկրաինական պատերազմի նախորդ ամիսներին Ռուսաստանը փորձում էր նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը՝ ռազմաճակատի մեծ մասի երկայնքով կենտրոնացնելով կենդանի ուժ, զինտեխնիկա և զինամթերք, սակայն մինչ օրս ռուսական ուժերը կարողացել են առաջ շարժվել միայն փոքր տարածության վրա։

Զուգահեռաբար՝ ընդլայնվում է արևմտյան երկրներից Ուկրաինա հոսող աջակցությունը։ Կիևին տրամադրվում են ռազմական և ֆինանսական օգնության նոր փաթեթներ։

Կկարողանա՞ն արդյոք ուկրաինական զորքերը վերականգնել իրենց ուժը։ Այս հարցի պատասխանն են փորձագետները փնտրել են Քարնեգի հիմնադրամի հովանու ներքո անցկացված քննարկմանը, որը տեղի է ունեցել հիմնադրամի վաշինգտոնյան գրասենյակում հունիսի 11-ին:

Նախորդ ամիսներին ռուսական ուժերն այդպես էլ չկարողացան օգտվել պատերազմում իրենց համար բարենպաստ ժամանակահատվածից, իսկ Ուկրաինան սկսել է աստիճանաբար վերականգնել իր ուժերը՝ կարծիք է հայտնել Քարնեգի հիմնադրամի Ռուսաստանի ու Եվրասիայի ծրագրի ավագ գիտաշխատող Մայքլ Քոֆմանը:

«Ռուսաստանը չկարողացավ օգտագործել պահը». փորձագետներն ուկրաինական պատերազմի ընթացքի մասին
please wait

No media source currently available

0:00 0:06:19 0:00

Նրա խոսքով, զորահավաքի մասին երկու օրենքների ընդունումը, ԱՄՆ ու այլ դաշնակիցների կողմից լրացուցիչ նյութական աջակցությունը հիմնական գործոններն են, որ վստահություն և ռեսուրս են ապահովում Ուկրաինայի ռազմական հզորությունը վերականգնելու գործում։

«Կարծում եմ, Ռուսաստանի համար պատերազմը վաղուց փակուղում է։ Ուկրաինան այլևս հնարավորություն ունի զսպել Ռուսաստանին և կայունացնել ճակատը։ Արևմուտքի կարողությունները՝ զինամթերք և այլ ռեսուրսներ արտադրելու առումով, հուսով ենք, մինչև տարեվերջ կավելանան»,- նշել է Քոֆմանը:

Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Անդրեյ Զագորոդնյուկն, իր հերթին, ասել է, որ պատերազմի հետագա ընթացքը մեծապես կախված է լինելու, թե որ կողմը կկարողանա առաջինը մշակել ու ռազմի դաշտում կիրառել նոր տեխնոլոգիաներ։

«Շատ մարդիկ, այդ թվում՝ Ուկրաինայի դաշնակից երկրներում, չեն գիտակցում, թե որքան կտրուկ է փոխվել պատերազմի բնույթը նախորդ մեկուկես տարվա ընթացքում, հատկապես՝ կապված անօդաչուների օգտագործման հետ։ Նոր տեխնոլոգիաները ամբողջովին փոխում են պատերազմելու հայեցակարգերը, մոտեցումներն ու հաջողության շանսերը։ Սա բոլորովին նոր պատերազմ է, և այս միտումը ոչ միայն կշարունակվի Ուկրաինայի պատերազմի ընթացքում, այլև կփոխի համաշխարհային դինամիկան»,- նշել է Զագորոդնյուկը:

Ըստ բանախոսի, արևմտյան երկրներն ունեն բոլոր հնարավորությունները՝ առաջանցիկ տեմպերով զարգացնել այդ ուղղությունները, ինչը թույլ կտա նրանց մեկ քայլ առաջ լինել ռուսական ռազմական կարողություններից։

«Պետք է առաջատար լինել այս փոփոխություններում։ Կառուցել հետազոտական հաստատություններ, իրականացնել տեխնոլոգիական նորարարություններ, արդիականացնել արդյունաբերությունը։ Պատերազմներն այլսև նման չեն լինի նրանց, ինչ տեսել ենք անգամ երկու տարի առաջ։ Եթե առաջ չանցնենք այս հարցում, ապա այդ կանեն մեր թշնամիները»,- ասել է Անդրեյ Զագորոդնյուկը:

Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարի կարծիքով, Ռուսաստանը չի պատրաստվում դադարեցնել պատերազմը՝ նաև այն պատճառով, որ ստեղծելով հսկայական ռազմա-արդյունաբերական համալիր՝ Կրեմլը պարզապես չի կարող իրեն թույլ տալ ձգտել խաղաղության։

«Նրանց պետք է կերակրել այդ ռազմա-արդյունաբերական համալիրը, քանզի եթե այն չաշխատի, ապա ներքին խնդիրներ կստեղծի Ռուսաստանի համար»,- նշել է Զագորոդնյուկը։

Մայքլ Քոֆմանի ներկայացմամբ, չնայած Կրեմլը իր տնտեսությունը տեղափոխել է ռազմական ռելսեր, և աշխատուժը Ռուսաստանում անհամեմատ էժան է Արևմուտքից, սակայն, միևնույն է, Կրեմլը այս տարի ռազմաճակատում իր կորուստները վերականգնում է շատ ավելի դանդաղ տեմպերով, հատկապես՝ ռազմական տեխնիկայի առումով, քան նախկինում էր։

«Ռուսական տեխնիկայի մեծ մասը ոչնչացվում է, և Մոսկվան այլևս չի կարող իրեն թույլ տալ Ավդիևկայի նման հարձակողական գործողություններ։ Տեսե՛ք, թե ինչպես են նրանք ներկայում պատերազմում։ Գրոհների մեծ մասի պարագայում կիրառվում են փոքր թվով զրահատեխնիկա և հետևակ։ Եթե հայացք նետենք ռազմական տեխնիկային, որ օգտագործում է Ռուսաստանը, ապա կարող ենք ասել, որ դրա 70-80%-ը գալիս է պահեստներից՝ աստիճանաբար զրոյացնելով խորհրդային ժառանգությունը»,- ասել է Քոֆմանը։

Փորձագետի ներկայացմամբ, չնայած սպառազինության արտադրության աճին, Ռուսաստանը չի կարող ամբողջությամբ փոխհատուցել ծանր տեխնիկայի կորուստները, ինչն առաջիկայում էապես կազդի ռազմաճակատում Կրեմլի ունակության վրա։ Միաժամանակ, քանզի ավելանում է Ուկրաինա՝ նոր զենքի և զինամթերքի մատակարարումը, հակամարտությունում ուժերի ներկայիս հարաբերակցությունը կարող է փոխվել հօգուտ Կիևի։

Սովորական սպառազինությամբ պատերազմում առավելության հասնելու անկարողությունը Պուտինին ստիպում է դիմել միջուկային շանտաժի՝ նշել է ուկրաինական «Պրիզմա» վերլուծական կենտրոնի ներկայացուցիչ Աննա Շելեստը։

Նրա կարծիքով, Ռուսաստանն ունակ է միայն սպառնալ, թե կարող է միջուկային զենք կիրառել, քանզի զանգվածային ոչնչացման զենքի օգտագործումն Ուկրաինայում կհագնեցի Արևմուտքի համապատասխան գործողություններին, բացի այդ այն կնշանակի, որ Պուտինը պարտվել է պատերազմում, որովհետև միջուկային մարտագլխիկներն այն ամենն են, ինչ մնացել են Կրեմլի մոտ։

«Արդյո՞ք նա ցանկանում է ցույց տալ, որ պարտվել է․․․։ Այս առումով անգամ կարևոր էլ չէ, թե որ տարածքում նա միջուկային զենք կկիրառի։ Նման որոշումը կդառնա այն կետը, որից հետո Պուտինը կկորցնի այնպիսի դաշնակցի, ինչպիսին Չինաստանն է, մի երկիր, որը միշտ զգուշացրել է Պուտինին՝ չհատել այդ կարմիր գիծը»,- ասել է Շելեստը։

«Միջուկային շանտաժի լսարանը, իրականում, ռուսաստանյան հանրությունն է։ Նման խոսքերը անհրաժեշտ են, որ Ռուսաստանում որոշ մարդիկ իրենց լավ զգան, թե Մոսկվան կարող է միջուկային զենքով ոչնչացնել եվրոպական որևէ փոքր պետություն»,- հավելել է Քոֆմանը։

Ըստ Զագորոդնյուկի, Կրեմլի կողմից կիրառվող միջուկային շանտաժի նպատակներից է նաև փորձել պառակտել արևմտյան դաշինքը․ «Այն, ինչից Պուտինն, իսկապես, վախենում է, արևմտյան միասնությունն է։ Նրա համար ավելի հեշտ է աշխատել առանձին երկրների հետ»։

Աննա Շելեստի կարծիքով, առաջիկա երկու իրադարձությունները՝ Շվեյցարիայում խաղաղության համաժողովը և Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը լավ հանարավորություններ են՝ Ուկրաինային աջակցելու համար․ «Շվեյցարիայում կփորձենք գտնել ընդհանուր սկզբունքներ, որոնց հիման վրա կարող ենք միավորել միջազգային հանրությանը պարենային անվտանգության և գերիների փոխանակման հարցերում։ Վաշինգտոնում օրակարգի գլխավոր հարցը վերաբերելու է պաշտպանությանն ու անվտանգությանը։ [Մյուս կողմից,] ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում որոշումներն երկրորդական կլինեն ՆԱՏՕ-ի ու ԱՄՆ-ի գործընկերների համար»:

XS
SM
MD
LG