Մատչելի հղումներ

Արդյո՞ք Թրամփն իրավասու է հավակնել նախագահության երրորդ ժամկետին


Դոնալդ Թրամփ
Դոնալդ Թրամփ

Հայտնի է, որ ԱՄՆ նախագահը կարող է պաշտոնավարել առավելագույնը երկու ժամկետ՝ ութ տարի: Հետևաբար, այս նոյեմբերին հաղթելու դեպքում՝ նոր ժամկետը Ջո Բայդենի կամ Դոնալդ Թրամփի համար կլինի վերջինը։ Հանրապետականների թեկնածուն, սակայն, մտածում է երրորդ ժամկետի մասին։

Նախընտրական իր հանդիպումներից մեկի ժամանակ՝ անցած ամիս, Դոնալդ Թրամփը հարց բարձրացրեց՝ արդյո՞ք կարող է հավակնել նախագահության երրորդ ժամկետին, ինչպես օրինակ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը, ով պաշտոնավարեց չորս ժամկետ և մահացավ նախագահի պաշտոնում՝ 1945 թվականին:

«Ռուզվելտը գրեթե 16 տարի՝ չորս ժամկետ պաշտոնավարեց»,- ասել է Թրամփը:

ԱՄՆ Կոնգրեսը 1947 թվականին վավերացրեց Սահմանադրության 22-րդ փոփոխությունը, որն ուժի մեջ մտավ 1951 թվականին, և ըստ որի ԱՄՆ նախագահի պաշտոնում որևէ մեկը կարող է մնալ ոչ ավելի քան երկու անգամ։

Սահմանադրական հաշվետվողականության կենտրոնի փոխնախագահ Պրավեն Ֆերնանդեսը հիշեցնում է ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի որոշումը, որը հրաժարվեց երկրի ղեկավարի աթոռը զբաղեցնել երրորդ անգամ:

Արդյո՞ք Թրամփն իրավասու է հավակնել նախագահության երրորդ ժամկետին
please wait

No media source currently available

0:00 0:03:07 0:00

Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը խախտեց ավանդույթը՝ հաղթելով 1940 և 1944 թվականների ընտրություններում և ստաձնելով երկրի նախագահի պարտականությունները չորրորդ անգամ։

Սահմանադրության 22-րդ փոփոխությունից հետո ԱՄՆ վեց նախագահներ պաշտոնավարել են երկու ամբողջական ժամկետ, վերջինը՝ Բարաք Օբաման էր:

Նախագահ Ջո Բայդենի աջակից, հանրահայտ դերասան Ռոբերտ Դե Նիրոն Թրամփին անվանում է բռնակալ, ով ցանկանում է ցմահ նախագահել․ «Եթե նա մտնի Սպիտակ տուն, կարող եմ սա ասել հիմա, երբեք չի հեռանա այնտեղից, երբե՛ք»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ասված Թրամփի խոսքերը․ «Ուզում եմ միայն մեկ օր բռնապետ լինել»։

Ինչևէ, նման հայտարարությունների ֆոնին՝ Թրամփին մեղադրանք է առաջադրված 2020 թվականի ընտրությունների արդյունքները ապօրիանաբար չեղարկելու հայտնի փորձի համար, և Պրավեն Ֆերնանդեսը կարծիք է հայտնում, որ այն կարող է պատճառ հանդիսանալ, որպեսզի ԱՄՆ նախկին նախագահի մոտ մտքեր առաջանան, թե ինչպես կարելի է պաշտոնավարել երկու ժամկետից ավելի:

Բայց որպեսզի Թրամփն օրինական կերպով կարողանա պաշտոնավարել երրորդ անգամ, ԱՄՆ սահմանադության 22-րդ փոփոխությունը պետք է չեղարկվի, ինչը պահանջում է Կոնգրեսի զույգ պալատների անդամների ձայների երկու երրորդը, որից հետո էլ այն պետք է վավերացվի 50 նահանգներից առնվազն 38-ի կողմից: Կամ 34 նահանգ կարող է սահմանադրական հատուկ ժողով հրավիրել, և նրանց կողմից հաստատված ցանկացած փոփոխություն, առաջարկ պետք է վավերացվի 38 նահանգների կողմից:

Ամերիկայի պատմության մեջ միայն մեկ անգամ է չեղյալ համարվել սահմանադրական փոփոխությունը։ 1933 թվականին վավերացված 21-րդ փոփոխությունը չեղարկեց հաճախակի խախտված 18-րդ ուղղումը, որը 1919 թվականին արգելել էր ալկոհոլային խմիչքների արտադրությունն ու վաճառքը:

XS
SM
MD
LG