Բայդենի վարչակազմը մտադիր է սառեցնել ռուսական ակտիվները

ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն

Այս շաբաթ Իտալիայում կայանալիք Մեծ յոթնյակի գագաթնաժողովում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կփորձի համաձայնության հասնել ռուսական սառեցված ակտիվներից տոկոսների օգտագործման հարցում՝ դրանք հատկացնելով Ուկրաինային։ Սպիտակ տան ղեկավարի օրակարգում է նաև միասնական դիրքորոշման մշակումը մի շարք գլոբալ հարցերում։

Ուկրաինական մարտադաշտերում ռուսական օկուպացիոն ուժերի առաջխաղացման փորձերի ֆոնին և հաշվի առնելով ամերիկացի ու եվրոպացի հարկատուների շրջանում նկատվող հոգնածությունը՝ Կրեմլի սանձազերծած պատերազմը ֆինանսավորելու հարցում, ԱՄՆ-ն մտադիր է առաջարկել Մեծ յոթնյակի երկրներին Ուկրաինային տրամադրել 50 միլիարդ դոլարի վարկ, որը հնարավոր կլինի մարել արտերկրում սառեցված ռուսաստանյան մոտ 280 միլիարդ դոլար կազմող ակտիվներից ստացված շահույթի՝ տոկոսների շնորհիվ:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը անցած շաբաթ Ֆրանսիայում զրուցել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։

«Միացյալ Նահանգները կանգնած է ձեր կողքին: Դուք այն պատնեշն եք, որ դիմագրավում է ագրեսիային»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։

Your browser doesn’t support HTML5

Եվրոպական քաղաքական դաշտում աջերի դիրքերի ամրապնդումը կարող է բարդացնել Վաշինգտոնի ծրագրերի իրագործումը


Անցած ամիս քառապատկելով մաքսատուրքերը չինական էլեկտրական մեքենաների և այլ ապրանքների նկատմամբ՝ Բայդենը նպատակ ունի Մեծ յոթնյակի գագաթնաժողովում հասնել Պեկինի դեմ ընդհանուր դիրքորոշման մշակմանը, որպեսզի հնարավոր լինի դիմակայել միջազգային շուկան ողողած չինական էժան ապրանքներին։

«Կարևոր է, որ մենք ու աստիճանաբար ավելի շատ երկրներ այդ համարում ենք մտահոգություն, և միասնական ճակատ ենք կազմել»,- ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը։

Այս ամենի ֆոնին՝ կարող են նշանակություն ունենալ անցած կիրակի Եվրախորհրդարանի ընտրություններում ծայրահեղ աջ ուժերի ձեռքբերումները, որոնք ունակ են թուլացնել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի դիրքերը՝ անորոշություն առաջացնելով Ռուսաստանի և Չինաստանի նկատմամբ Մեծ յոթնյակի դիրքորոշումներում:

Հայտնի է, որ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ձգտում է ևս մեկ ժամկետ մնալ Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում, և եթե հաջողի, ըստ դիտորդների, Եվրոպան ամուր կմնա Ռուսաստանի և Չինաստանի հարցերում:

«Գլխավորը ֆրանսիական ընտրություններն են՝ արտահերթ ընտրությունները, որոնք Էմանյուել Մակրոնը հայտարարել է Եվրախորհրդարանի ընտրություններում իր պարտությունից հետո։ Եթե ծայրահեղ աջերը հայտնվեն Ֆրանսիայի կառավարությունում, ապա խնդիրներ կունենանք ոչ միայն Ուկրաինային աջակցելու առումով, այլև Չինաստանի հարցում»,- ասել է ամերիկյան Արտաքին հարաբերությունների խորհրդի ներկայացուցիչ Լիանա Ֆիքսը։

Մեծ յոթնյակին հյուրընկալող Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին հրավիրել է նաև Հռոմի պապ Ֆրանցիսկոսին՝ խոսելու արհեստական բանականությանն առնչվող էթիկական նորմերից՝ Հռոմի հայտարարությունից, որը կոչ է անում կառավարություններին և ընկերություններին արհեստական բանականության կիրառման ժամանակ հետևել էթիկական սկզբունքներին:

Եվրոպա ուղղություն վերցնող միգրանտների հոսքը զսպելու համար՝ Աֆրիկայում ներդրումներ կատարելը գագաթնաժողովի հաջորդ կարևոր թեման է, որը քննարկվելու է Մեծ յոթնյակի Գործընկերություն հանուն գլոբալ ենթակառուցվածքների և ներդրումների նախաձեռնության շրջանակում։ Վերջինիս նպատակն է մինչև 2027 թվականը ժողովել մոտ 600 միլիարդ դոլար՝ որպես այլընտրանք գլոբալ ենթակառուցվածքների զարգացման Չինաստանի ռազմավարությանը՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհին»։

Նշենք, որ Մելոնիի գլխավորած ծայրահեղ աջ «Իտալիայի եղբայրներ» կուսակցության հաղթանակը Եվրախորհրդարանի ընտրություններում ամրապնդել է նրա իշխանությունը:
«Հպարտ եմ, որ մեր երկիրը ներկայանում է Մեծ յոթնյակում ուժեղ կառավարությամբ»,- ասել է Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբի կմենկնի Իտալիա՝ մեկ օր անց, երբ իր որդին՝ Հանթեր Բայդենը, մեղավոր ճանաչվեց 2018 թվականին՝ թմրանյութերից ունեցած կախվածության ժամանակ ատրճանակ ձեռք բերելու համար: