Հունիսի 9-ին Եվրամիության երկրներում ԵՄ օրենսդիր մարմնի՝ խորհրդարանի ընտրություններն էին՝ մի մարմնի, որն որոշում է եվրոպական մայրցամաքի զարգացման հիմնական ուղղությունները:
Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևերը թեև խորհրդատվական բնույթ ունեն, ու ԵՄ անդամ-երկրների կառավարությունները պարտավոր չեն հետևել դրանց, սակայն այդ որոշումները հաճախ ունենում են քաղաքական նշանակություն։ Օրինակ, Եվրախորհրդարանի բանաձևը, որն ընդունվել է այս տարվա ապրիլին, Ռուսաստանում նախագահական «ընտրություններն» անվանել է «խեղկատակություն»՝ կոչ անելով ԵՄ անդամ-պետություններին և միջազգային հանրությունը տեղի ունեցածը չհամարել ընտրություն։
Տասներորդ գումարման Եվրախորհրդարանում, դատելով միության բոլոր երկրներում ձայների հաշվարկից, առաջատարի դիրքը կպահպանի «Եվրոպական ժողովրդական կուսակցությունը» (186 մանդատ), իսկ «Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինքը» կշարունակի մնալ երկրորդը (133 մանդատ): Միևնույն ժամանակ, եվրոպական մի շարք երկրներում զգալիորեն աճել է ծայրահեղ աջ կուսակցություններին ցուցաբերված աջակցությունը, այդ թվում՝ Ռուսաստանին կողմնակից և Ուկրաինայի հակառակորդ համարվող կուսակցություններին։
ԱՄՆ վերլուծական կենտրոնների գնահատականներն Եվրոպայում ընտրությունների արդյունքների վերաբերյալ
Միացյալ Նահանգների առաջատար վերլուծական կենտրոնները կանխատեսել էին ծայրահեղ աջերի հաջողությունը Եվրախորհրդարանի ընտրություններում՝ քննարկում ծավալելով, թե ինչպես այն կարող է փոխել եվրոպական քաղաքականությունը՝ Միացյալ Նահանգների, ՆԱՏՕ-ի և Ուկրաինայում ռուսական ագրեսիան հետ մղելու ուղղություններում:
Ամերիկացի փորձագետները անդրադարձել են ոչ միայն Արևմտյան Եվրոպայի երկրներում ծայրահեղ աջերի վերելքին, այլև եվրոպական երեք երկրներում՝ Հունգարիայում, Իտալիայում և Սլովակիայում իշխանության ղեկին գտնվող պոպուլիստներին, որոնց օրինակը ոգեշնչում է մայրցամաքի մյուս պետություններում իշխանության ձգտող աջ ուժերին։ Թեև Իտալիան դիտարկվում է որպես առանձնահատուկ դեպք, քանզի այդ երկրի ծայրահեղ աջ կոալիցիոն կառավարությունը հավատարիմ է Կիևին ցուցաբերվող օժանդակությանը:
Ծայրահեղ աջերը Եվրոպայում
Եվրոպական ընտրությունների նախօրեին ամերիկյան առաջատար վերլուծական կենտրոններից մեկի՝ German Marshall Fund-ի վերլուծաբան Սյուզաննա Վեղը կարծիք է հայտնել, թե Մարին Լը Պենի առաջնորդած «Ազգային հավաք» կուսակցության և «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունների միջև հակասությունները կարող են հանգեցնել նրան, որ Եվրախորհրդարանում ծայրահեղ աջերի որդեգրած արմատական դիրքորոշումները փափկեն։
Մյուս կողմից, ըստ փորձագետի, Ռուսաստանի ու Չինաստանի հետ կապերի պատճառով գերմանական կուսակցության վտարումը Եվրախորհրդարանի «Ինքնություն և ժողովրդավարություն» խմբից կարող է ամրապնդել աջերի ու ծայրահեղ աջերի դիրքերը ԵՄ օրենսդիր մարմնում։
Վեղը վստահ է, որ Եվրախորհրդարանում «Ինքնություն և ժողովրդավարություն» խումբը կարող է համագործակցել մեկ այլ աջ-պահպանողական խմբի՝ «Եվրոպական պահպանողականների ու բարեփոխիչների» հետ, որի կազմում են, մասնավորապես, Լեհաստանի «Իրավունք և արդարություն» կուսակացությունը, որը մինչև վերջերս երկրի իշխող ուժն էր, «Իտալիայի եղբայրներ» կուսակցությունը, որը այդ երկրի իշխող կոալիցիայի անդամներից է:
Փորձագետի ներկայկացմամբ, ծայրահեղ աջերի դաշինքին կարող են միանալ նաև Նիդեռլանդներում իշխող կոալիցիայի մասը կազմող աջակողմյան «Ազատության կուսակցությունը» և պորտուգալական «Շեգա» ուժը, որի երկու ներկայացուցիչներ ընտրվեցին Եվրախորհրդարան։
Արդյունքում, Եվրախորհրդարանում կունենանք ավելի ազդեցիկ աջակողմյան ուժ, որն, օրինակ, կողմ է ներգաղթի դեմ ուղղված քաղաքականության խստացմանը։
German Marshall Fund-ի մեկ այլ փորձագետ Դենիել Հեգեդյուսի կարծիքով, տեղի ունեցածի ֆոնին՝ Հունգարիայի, Սլովակիայի և Իտալիայի իշխանությունները, որոնք դեմ են ազատական ժողովրդավարությանը, կարող են լրջորեն խաթարել Եվրահանձնաժողովի աշխատանքը, հատկապես՝ ԵՄ-ում Հունգարիայի ապագա նախագահության ժամանակ։
Աճում է մտահոգությունը, թե Ուկրաինային տրամադրվող օգնությունը կարող է կրճատվել
Carnegie Endowment for International Peace-ի հետազոտողներ Ռոզա Բալֆուրը և Ստեֆան Լենեն այս տարվա ապրիլին զեկույց էին հրապարակել՝ վերլուծելով եվրոպական քաղաքականությունը, և նրանց եզրահանգմամբ «[եվրոպական] ծայրահեղ աջ կուսակցությունները օգտակար չեն համարում ԵՄ արժեքների վրա հիմնված արտաքին քաղաքականությունը»:
«Դա մասամբ պայմանավորված է այն հանգամանքով, որ նրանց ընկալմամբ նման քաղաքականությունը հակասում է պահպանողական արժեքներին, բացի այդ՝ նրանք իմաստ չեն տեսնում քննադատել կարևոր գործընկեր հանդիսացող երրորդ երկրներին՝ նրանց մոտ մարդու իրավունքների ոտնահարման համար»,- նշել են Carnegie-ի փորձագետները:
Բալֆուրի ու Լենեի ներկայացմամբ, «վտանգ կա, որ ծայրահեղ աջ կուսակցությունները կարող են միավորվել ԵՄ-ում գործող ռուսամետ ուժերի հետ, և օգտագործելով պատերազմի նկատմամբ առկա հոգնածությունը, որի ուղղությամբ աշխատում է ռուսական ապատեղեկատվությունը, կփորձեն փոխել Ուկրաինայի վերաբերյալ Եվրոպայում գոյություն ունեցող հանրային աջակցությունը»։
Միաժամանակ, ըստ Carnegie-ի ներկայացուցիչների, եվրոպական ծայրահեղ աջերի միջև լուրջ տարաձայնություններ կան՝ Ռուսաստանի և Չինաստանի նկատմամբ վերաբերմունքի հարցում, սակայն նրանք կարող են փոխհամաձայնության գալ Ուկրաինայի ուղղությամբ ծախսերը կրճատելու շուրջ։
«Նոր Եվրախորհրդարանը առաջ կգնա և կօգնի Ուկրաինային».
Նոր Եվրախորհրդարանում Լիտվան ներկայացված կլինի տասնմեկ պատգամավորներով։ Նրանց թվում է «Հայրենիքի միություն» կուսակցության (լիտվական պահպանողական կուսկացություն) անդամ Ռասա Յուկնյավիչենեն, ով եվրոպական օրենսդիր մարմին է ընտրվում երկրորդ անգամ։
«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում նա մանրամասնել է, որ բալթյան երեք երկրներում՝ Էստոնիայում, Լատվիայում ու Լիտվայում ամենաշատ ձայները ստացել են «Եվրոպական ժողովրդական կուսակցության» քաղաքական խմբի ներկայացուցիչները․ «Լիտվայում մեզանից հետո՝ երկրորդ տեղում սոցիալ-դեմոկրատներն են՝ երկու մանդատով, թեև բոլորն ասում էին, որ վարկանիշով առաջատար են...։ Բալթյան երկրների հետ ամեն ինչ կարգին է, թեև պտտվում էին ռուսական, Կրեմլի պատումներ։ Նման մանիպուլյացիաներով զբաղվողներ կային։ Ակնհայտ էր»։
Մեր զրուցակցը վստահ էր՝ Եվրախորհրդարանի նոր կազմը կշարունակի ուկրաինական օրակարգը՝ նույն մակարդակի վրա պահելով Կիևին աջակցող դիրքորոշումը․ «Ծայրահեղ աջերը կամ աջերը տարբեր են, քանի որ մեր կուսակցությունն էլ է աջակողմյան, բայց մենք ավելի մոտ ենք կենտրոնին։ Խումբը, որը կոչվում է «Եվրոպական պահպանողականներ և բարեփոխիչներ», ունի ուկրաինամետ դիրքորոշում, և նրանք մեծամասնություն են կազմում: Նրանք միշտ դեմ են եղել Պուտինին։ Ակտիվ աշխատել ենք նրանց հետ և շարունակելու ենք աշխատել։ Նոր Եվրախորհրդարանը առաջ կգնա և կօգնի Ուկրաինային»:
Անդրեաս Ումլանդ. «Իտալիայի ծայրահեղ աջերը Ջորջա Մելոնիի գլխավորությամբ դարձել են ուկրաինամետ»
Եվրամիության երկրներում կայացած համաեվրոպական խորհրդարանական ընտրություններին մասնակցության միջին ցուցանիշը տատանվել է 30%-40%-ի սահմաններում։ Ստոկհոլմի Արևելաեվրոպական հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Անդրեաս Ումլանդը նման ցուցանիշը արտասովոր չի համարում, քանզի Եվրախորհրդարանի ընտրությունները սակավ ժողովրդականություն են վայելում, քան երկրների ընտրությունները․ «Սա այլևս պատմական օրինաչափություն է․ մարդիկ հարկ չեն համարում գալ այս ընտրություններին, քանզի, նրանց կարծիքով, Եվրախորհրդարանն այդքան էլ կարևոր չէ Եվրոպայում։ Շարքային ընտրողը չի տեսնում, թե ինչ կապ ունեն Եվրախորհրդարանի ընտրություններն իր առօրյայի հետ»։
Ֆրանսիայում, Ավստրիայում, Բելգիայում և Գերմանիայում նկատելի են ծայրահեղ աջ կուսակցությունների հաջողությունները, այդ թվում՝ կրեմլամետ դիրքորոշում ունեցողների։ Այնուամենայնիվ, Ումլանդը հակված չէ դրա հետևում տեսնել Կրեմլի անմիջական ազդեցությունը. «Հնարավոր են անուղղակի կապեր Մոսկվայի հետ, բայց մարդիկ չեն քվեարկում նման կուսակցությունների օգտին հենց այն պատճառով, որ նրանք «մոսկվայամետ» են։ Պատճառները տարբեր են՝ մասամբ նման կուսակցությունները հանդես են գալիս Ուկրաինայում խաղաղության օգտին, սակայն պուտինամետ դիրքորոշում չեն ցուցաբերում։ Դեռ վաղ է ասել, թե Ռուսաստանը որքանով է փորձել ազդել այս ընտրությունների վրա և ինչպիսի ազդեցություն են ունեցել ենթադրյալ գործողությունները»։
Ինչ վերաբերում է Ուկրաինային ցուցաբերվող եվրոպական աջակցության հեռանկարին, ապա, ըստ Անդրեաս Ումլանդի, որոշակի ռիսկեր կան։ «Պատկերը միանշանակ չէ։ Իտալիայի արմատական աջերն այժմ իշխող կուսակցություն են, սակայն Ջորջա Մելոնիի ղեկավարությամբ նրանք դարձել են ուկրաինամետ: Բայց, օրինակ, «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունն, իրականում, ռուսամետ է, թեև հրապարակավ չեն հայտարարում այդ մասին։ Ընդհանուր առմամբ, հիմնարար փոփոխություններ չեմ սպասում Եվրախորհրդարանի դիրքորոշման մեջ, բայց որոշ առումներով այն կարող է դառնալ սակավ վճռական և ուկրաինամետ, քան նախկինում էր»։
Ծայրահեղ աջերի հաջողությունը Ֆրանսիայում. արդյո՞ք Ուկրաինային ցուցաբերվող ֆրանսիական աջակցությունը վտանգված է
Ֆրանսիայում ծայրահեղ աջերի հաջողության առաջին արդյունքն է երկրի խորհրդարանի վաղաժամ արձակումը։ Ծայրահեղ աջերի «Ազգային հավաքը» ջախջախիչ հաղթանակ տարավ Եվրախորհրդարանի ընտրություններում՝ երկրում ստանալով ձայների մոտ 32%-ը։ Նախագահ Էմանյուել Մակրոնի առաջնորդած
«Վերածնունդ» կուսակցությունը հավաքեց ձայների 14%-ը։ Նախագահը ցրեց խորհրդարանի ստորին պալատը և հայտարարեց արտահերթ ընտրությունների անցկացման մասին։
Ֆրանսիայի Rennes-2 համալսարանի պրոֆեսոր Սեսիլ Վեսյեն «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում կարծիք է հայտնել, թե, իրականում, ընտրություններից հետո իրավիճակը քիչ է փոխվել․ «Այո, իսկապես, ծայրահեղ աջերն որոշակի հաջողություններ ունեն մի քանի երկրներում, բայց, ընդհանուր առմամբ, այն խմբերը, որոնք նախկինում կային Եվրախորհրդարանում, կշարունակեն գոյություն ունենալ և կունենան նույն հնարավորությունները, ինչ նախկինում»։
Ինչ վերաբերում է «Ազգային հավաքի» հաջողությանը, ապա, պրոֆեսորի խոսքով, «այդ 32%-ը, որ տրվել է Մարին Լը Պենին, ամենայն հավանականությամբ, բողոքի նշան է Ֆրանսիայի նախագահի քաղաքականության դեմ»․ «Նշաններ են, որ ֆրանսիական հասարակության մի մասը չի ընդունում Մակրոնի իրականացրած բարեփոխումները։ Օրինակ, կենսաթոշակային տարիքի բարձրացումը, թեև այդ տեղի է ունենում գրեթե բոլոր եվրոպական երկրներում, քանի որ ավելի երկար ենք ապրում։ Բայց Մակրոնը և նրա կառավարությունը չկարողացան դա ճիշտ բացատրել, և հասարակության մի մասը դեմ է նման փոփոխություններին»:
Ըստ Վեսյեի, նման արդյունքի հաջորդ պատճառը երրորդ աշխարհի երկրներից ժամանող միգրանտների մեծ հոսքն է, ինչը լուրջ դժգոհություններ է առաջացնում․ «Ուստի, ամենայն հավանականությամբ, այս 32%-ը ոչ թե Լը Պենի օգտին է, այլ Մակրոնի դեմ։ Մակրոնն ամեն ինչ հասկացավ և հայտարարեց Ազգային ժողովը ցրելու մասին։ Իսկ Լը Պենի կուսակցության անդամներն այժմ ասում են, որ դեմ չեն Եվրամիությանը և չեն ցանկանում, որ Ֆրանսիան հեռանա այնտեղից։ Սա այն չէ, ինչ ասում էր կուսակցությունը 3-4 տարի առաջ։ Եթե նրանք հաղթեն հունիսի վերջին նախատեսված ընտրություններում, դա կարող է ազդել Ֆրանսիայի դիրքի վրա Եվրոպայում։ Այդ դեպքում Մակրոնի որոշումը, որ մենք կդառնանք Ուկրաինան պաշտպանող երկրների առաջատարը, կարող է չիրականանալ։ Ընտրական նման ելքը կարող է ազդել ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքի վրա»։
Հայտնի է, որ Մարին Լը Պենը նախկինում բազմիցս մեղադրվել է Պուտինի հետ սերտ շփումների, այդ թվում՝ Կրեմլի կողմից ֆինանսավորում ստանալու համար։ Սեսիլ Վեսյեն ուշադրություն է հրավիրում՝ 2022 թվականի փետրվարի 24-ից հետո Լը Պենի և «Ազգային հավաքի» հռետորաբանությունը շատ է փոխվել, և այժմ ավելի հավանական է, որ կուսակցությունը դատապարտի Ուկրաինայի պատերազմը․ «Բայց այս կուսակցությունը Ուկրաինայի կողմնակիցը չէ և, ընդհանրապես, չի աջակցում այն պայքարին, որ տանում է Ուկրաինան։ Այսինքն, ըստ էության ոչինչ չի փոխվել, բայց ֆրանսիացիները, ովքեր քվեարկել են «Ազգային հավաքի» օգտին, մեծամասամբ աջակցում են Ուկրաինային։ Ահա թե ինչու, Լը Պենը և ցուցակը գլխավորող Ջորդան Բարդելան ասում են, որ դեմ են պատերազմին, դեմ են ռուսական ներխուժմանը»։
Սեսիլ Վեսյեն քննադատաբար էր տրամադրված «Ազգային հավաքի» ներկայիս առաջնորդի նկատմամբ. «28 տարեկան է, չունի բարձրագույն կրթություն, կյանքում ոչ մի տեղ չի աշխատել, բացի ինչ-որ մեկի օգնականից։ Իր համար հիանալի կարիերա է արել, քանզի ապրում է Մարին Լը Պենի զարմուհու հետ։ Նրա մեջ ոչինչ չկա։ Սա մեծ մտահոգություն և բազմաթիվ հարցեր է առաջացնում, թե ինչպես են ֆրանսիացիները վերաբերվում քաղաքականությանը»:
Ի՞նչ է կատարվում Բուլղարիայում, Հունաստանում, Սլովակիայում և Հունգարիայում
Բուլղարիայում Եվրախորհրդարանի ընտրություններում ամենաշատ ձայները ստացել է «Քաղաքացիները հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման» կուսակցությունը, որը մաս է կազմում աջ կենտրոնամետ «Եվրոպական ժողովրդական կուսակցությանը»։ Վերջինս հայտնի է ուկրաինամետ դիրքորոշմամբ։
Կարելի է ասել, որ Բուլղարիայում Կրեմլի կողմնակիցները չկարողացան ստանալ մեծ թվով ընտրողների աջակցությունը, և Եվրամիության համար Սոֆիան նույն խնդիրը չի դառնա, ինչ Բուդապեշտը:
«Արտաքին քաղաքականության գծով եվրոպական խորհուրդ» վերլուծական կենտրոնի փոխտնօրեն և կազմակերպության՝ Սոֆիայի գրասենյակի ղեկավար Վեսելա Չեռնևան «Ամերիկայի ձայնին» կարծիք է հայտնել, որ ռուսամետ կուսակցությունները չեն կարողանա փոխել Բուլղարիայի քաղաքականությունը․ «Մենք ունենք նոր կուսակցություն, որը կոչվում է «Մեծություն», և այն ստացել է ընդամենը 4.5% քվե։ Նրանք պուտինամետ դիրքորոշում ունեն»։
Խոսելով Բուլղարիայի բալկանյան հարևանների մասին՝ Չեռնևան նշել է, որ Հունաստանում «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունը՝ վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի գլխավորությամբ, զբաղեցրել է առաջին տեղը՝ ստանալով ձայների ավելի քան 28%-ը և բարելավելով իր նախորդ արդյունքը։
Անակնկալ էին Սլովակիայի քվեարկության արդյունքները, որտեղ առաջին տեղը զբաղեցրել է ազատական «Առաջադիմական Սլովակիա» կուսակցությունը՝ ստանալով եվրոպական խորհրդարանի համար երկրում առկա 15 մանդատներից 6-ը։ Ներկայիս վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի կուսակցությունը, ով համարվում է կրեմլամետ, նոր Եվրախորհրդարանում ստացել է 5 տեղ։
«Հունգարիայում [վարչապետ] Օրբանն առաջին անգամ իրական մրցակցության բախվեց։ Խոսքը Պետեր Մադյարի «Տիսա» կուսակցության մասին է, որը ստացավ 7 մանդատ՝ զիջելով երկրում իշխող «Ֆիդես» կուսակցությանը։ Այն ստացել է 11 մանդատ: Սա նույնպես լավ արդյունք է»,- ասել է Վեսելա Չեռնևան՝ ընդգծելով, որ նախորդ արդյունքների համեմատ Օրբանի կուսակցությունը կորցրել է 2 մանդատ, իսկ Մադյարի կուսակցությունը նախկինում ընդհանրապես ներկայացված չէր Եվրախորհրդարանում:
Հայտնի է, որ այս հուլիսի 1-ից Հունգարիան է ստանձնելու Եվրամիության խորհրդի նախագահությունը, և հարց է առաջանում՝ արդյո՞ք այս հանգամանքը կարող է խանգարել Եվրամիությանը Ուկրաինայի ու Մոլդովայի հետագա մերձենալուն։
«Հունգարիան կփորձի այդ անել, քանի որ Օրբանի նպատակը Եվրամիության ընդլայնումն է Արևմտյան Բալկանների հաշվին, ոչ թե՝ Ուկրաինայի և Մոլդովայի։ Ուստի, կարծում եմ, որ Հունգարիան կօգտվի տարբեր երկրներում աջակողմյան ուժերի վերելքից ու կփորձի վտանգել Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցության [գործընթացը]»,- եզրափակել է Վեսելա Չեռնևան։