Դոնալդ Թրամփի կողմնակիցները շարունակում են ոգևորել իրենց թեկնածուին։ ԱՄՆ նախկին նախագահին վերաբերող նյու յորքյան դատարանի երդվյալ ատենակալների վճռից ընդամենը մեկ օր անց նրանք քաղաքի հայտնի՝ «Թրամփ Թաուերի» մոտ էին:
Հիշեցնենք, անցած հինգշաբթի Նյու Յորքում երդվյալ ատենակալները Թրամփին մեղավոր ճանաչեցին հաշվապահական փաստաթղթեր կեղծելու մեջ՝ 2016 թվականի ընտրություններից առաջ պոռնոաստղին լռեցնելու համար կատարված վճարումը թաքցնելու համար: Այդ տարի Դոնալդ Թրամփը հաղթեց նախագահական ընտրություններում։
Նյու յորքցի Նիկոլաս Վարների կարծիքով, իրավիճակը երկրում «սարսափելի» է, և անհրաժեշտ է Թրամփին հնարավորություն տալ երկրորդ ժամկետով ստանձնել ԱՄՆ նախագահի պաշտոնը․ «Երբ նա չորս տարի պաշտոնավարում էր, այսպիսի իրավիճակ չունեինք, ինչպիսին հիմա է՝ պատերազմ, տնտեսական խնդիրներ, գնաճը: Այնպես որ, պարզապես կցանկանայի, որ նա վերադառնար, և որպես գործարար զբաղվեր [երկրի] գործերով»։
Your browser doesn’t support HTML5
Մերիլենդի բնակիչ Արկադի Լապիդուսն այլ կարծիքի է, թե Թրամփի պնդումը, որ իր դատավարությունը կեղծված է, լավ չի անդրադառնում ո՛չ Հանրապետական կուսակցության, ո՛չ էլ երկրի վրա․ «Որևէ դրական զարգացում չի լինի, քանի դեռ այդ կուսակցությունը հետ չի կանգնել Դոնալդ Թրամփից, և հայտարարել, որ վստահում է ընտրություններին, դատարաններին, երդվյալ ատենակալներին, որոնք վճիռներ են արձակում, քանի որ նրանք մեր հայրենակից ամերիկացիներն են: Քանի դեռ կուսակցությունը չի վերադարձել ամերիկյան արժեքներին, երբեք չեմ քվեարկի հանրապետականների օգտին»:
Մարգարեթ Բարնսն ասում է, որ նույնիսկ դատապարտված Թրամփն ավելի վստահելի է, քան Ջո Բայդենը․ «Բայդենն պարզապես կեղծավոր է, ուղղակի պատմություններ է պատմում, կարծես հմայիչ մի ծերուկ է: Շատ արհեստական է: Նրան չեմ հավատում։ Անկեղծ չէ: Թրամփն էլ իր հերթին շատ է խոսում... ։ Սակայն չնայած, որ նրա խոսքերը կարող են վիրավորական լինել, նրան շատ ավելի եմ հավատում»:a
Կոլորադոյում բնակվող Լուդա Գոլոդնիխի խոսքով, Թրամփն արժանի է դատապարտման՝ հույս հայտնելով, որ դատավճիռը կվնասի հանրապետականների փաստացի թեկնածուի քարոզարշավին․ «Ինչպե՞ս է նա խոսում կանանց մասին։ Ինչպե՞ս է վերաբերվում այլ երկրներին։ Ինչպե”ս է խոսում անօրինական ներգաղթյալների մասին՝ լինելով ամուսնացած ներգաղթյալի հետ: Կարծում եմ, նա ստացել է իր արժանի պատիժը՝ իր տևական գործունեության համար»:
Նևադայի բնակիչ Քիթ Դեյթոնն էլ ասում է, որ դատավճիռը չի ազդի իր որոշման վրա․ «Դեռ հակված եմ քվեարկել Դոնալդ Թրամփի օգտին։ Այս ամենը ծաղր է {մեր երկրի հասցեին]։ Ամաչում եմ մեր երկրի համար»։
Հնարավոր է դատավճիռը նպաստի, որ Փենսիլվանիայում, որը համարվում է, այսպես կոչված, տատանվող նահանգներից մեկը, ավելանան Թրամփի կողմնակիցները՝ ասում է նահանգում բնակվող Ջեֆրի Նեսբիթը․ «Ամերիկյան ժողովրդի համար ավելի արդյունավետ կլինի հաղթել նրան և նրա շարժմանը ընտրատեղամասերում: [Բայց] կարծում եմ, հավանական է, որ այս դատավճիռը ստիպի նրա առաջնորդած շարժման կողմնակիցներին դուրս գալ փողոց, ավելի ակտիվ քվեարկել և ագրեսիվ վարքագիծ դրսևորել երկրում՝ առաջիկա ընտրությունների ժամանակ»։
Ըստ Reuters/Ipsos-ի հարցման, հանրապետականներին հարող ընտրազանգվածի 90%-ը դեռ սատարում է Թրամփին, սակայն քիչ հավանական է, որ մնացած 10%-ն այլևս քվեարկի հօգուտ Թրամփի, ինչը կարող է ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Երկու առաջատար թեկնածուներն էլ ձգտում են պահպանել իրենց ընտրազանգվածը և շահել դեռ չկողմնորոշված ընտրողների քվեները: