Մատչելի հղումներ

Թրամփին մեղավոր ճանաչող դատավճիռը սրել է ԱՄՆ ներքաղաքական պայքարը


Նյու Յորքի դատարանի վճիռը` բոլոր 34 մեղադրանքների գծով մեղավոր ճանաչել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին
Նյու Յորքի դատարանի վճիռը` բոլոր 34 մեղադրանքների գծով մեղավոր ճանաչել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին

Հինգշաբթի Նյու Յորքի դատարանի վճիռը` բոլոր 34 մեղադրանքների գծով մեղավոր ճանաչել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, բուռն արձագանք է գտել ԱՄՆ ներքաղաքական դաշտում։

Նախագահական ընտրապայքարում Թրամփի գլխավոր հակառակորդ` ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախընտրական թիմն արձագանքել է, թե նման որոշումը ցույց է տվել, որ ոչ ոք օրենքից վեր չէ:

«Դոնալդ Թրամփը միշտ` սխալմամբ, հավատացել է, որ երբեք չի բախվի օրենքը խախտելու հետևանքներին։ Այսօրվա դատավճիռը չի փոխում այն հանգամանքը, որ Ամերիկայի ժողովրդի առջև պարզ իրականությունն է` Դոնալդ Թրամփին Օվալաձև գրասենյակից հեռու պահելու միակ ճանապարհը քվեատուփն է»,- ասված է Բայդենի նախընտրական թիմի տարածած հայտարարությունում։

Այլ տրամաբանություն ունի Թրամփի նախընտրական թիմի հայտարարությունը, թե ԱՄՆ նախկին նախագահը զուրկ է եղել արդար դատավարությունից:

«Խայտառակություն էր, կեղծված դատավարություն` [Դոնալդ Թրամփի նկատմամբ ընդդիմադիր կեցվածք որդեգրած] դատավորի կողմից, ով [նաև] կոռումպացված էր»,- ասել է Թրամփը։

ԱՄՆ Ներկայացուցիչների տան խոսնակ, հանրապետական Մայք Ջոնսոնի հայտարարությունում կարդում ենք. «Այսօր ամոթալի օր է Ամերիկայի համար: Դեմոկրատները դատապարտեցին մրցակից կուսակցության առաջնորդին` ծիծաղելի մեղադրանքներով, որոնք հիմնված էին հանցագործի ցուցմունքների վրա: Սա զուտ քաղաքական քայլ էր, ոչ թե իրավական»:

«Համակարգի ուժը»

Այլ կարծիքի են Կոնգրեսի դեմոկրատները, թե վճիռը ի ցույց է դնում ամերիկյան իրավական համակարգի ուժը:

«Այն մարդը, ով դատապարտվել է 34 մեղադրանքներով և զրոյական հարգանք է ցուցաբերում օրենքի գերակայության նկատմամբ, պիտանի չէ ղեկավարել աշխարհի մեծագույն պետությունը։ Միայն արդար դատական նիստերի դահլիճներում է, որ նախկին նախագահը չի կարողացել ստել: Ամերիկացիները վստահում են երդվյալ ատենակալներին»,- ասել է դեմոկրատ սենատոր Շելդոն Ուայթհաուսը:

Սա առաջին դեպքն էր, երբ ԱՄՆ նախկին նախագահը դատապարտվել է հանցագործության համար: Որոշումը, սակայն, չի խանգարում Թրամփին իր թեկնածությունն առաջադրել գալիք նախագահական ընտրություններում։ Բացի այդ, նա կարող է բողոքարկել դատավճիռը։

«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում Վիրջինիայի համալսարանի ներկայացուցիչ Բարբարա Փերին ասաց, եթե Թրամփը ձախողի նաև բողոքարկման գործընթացը, ապա մի նոր բացասական ռեկորդ կսահմանի։

«Այս դատավճոի կարևորությունը մինչև նոյեմբերի 5-ն է` գալիք նախագահական ընտրությունների օրը: Եթե նա պահպանի իր բնակության վայրը Ֆլորիդայում, մի նահանգ, ուր դատապարտված հանցագործներին թույլ չեն տալիս քվեարկել, նա` [Թրամփը] բառացիորեն չի կարող քվեարկել իր իսկ օգտին»,- ասել է Փերին։

Այս դատավճռով Թրամփին կարող է սպառնալ ազատազրկում կամ տնային կալանք։

Հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը քննադատել է տեղի ունեցածը։

«Քաղաքական [դրդապատճառներ ունեցող] դատախազը մեղադրանքներ է ներկայացրել երկրի ամենաազատական իրավական համակարգ ունեցող վայրերից մեկում: Կողմնակալ դատավորը, որը պետք է որակազրկվեր, դատավարություն անցկացրեց այնպես, որ երաշխավորի Դոնալդ Թրամփի դատապարտումը», - ասել է Գրեհեմը:

Փերին կասկածի տակ է առել է հանրապետականների այն պնդումները, թե դատավարությունը քաղաքական էր:

«Դիտորդների մեծամասնությունը կասեր` արդար դատ է: Եվ եթե նույնիսկ նրանք համարում են, որ դատավորն անարդար է, արդյո՞ք կարծում են, որ բոլոր 12 երդվյալ ատենակալները նույնպես անարդա՞ր են եղել: Այս դատավարության ընթացքում բոլոր 12 երդվյալ ատենակալները ստացան երկու կողմերի հավանությունը, և եթե հայտարարեն, որ մեր իրավական համակարգը կեղծիք է, կասեմ` ձեր արածը մոտ է դավաճանությանը»,- ասել է Փերին։

«Հարգում ենք օրենքի գերակայությունը և մեկնաբանություններ չունենք»,- ասված է Սպիտակ տան հայտարարությունում:

Ինչևէ, նյու յորքյանը Թրամփի միակ դատավարությունը չէ. նրան սպասում են քրեական գործեր Ֆլորիդայում, Ջորջիայում և Վաշինգտոնում։

XS
SM
MD
LG