Նախորդ վեց շաբաթներին Դոնալդ Թրամփն իր ժամանակի մի զգալի մասը հարկադրված անցկացնում էր Նյու Յորքի դատարանում՝ բարձրաձայնելով, թե իր դեմ առաջ քաշված մեղադրանքները քաղաքական պատճառ ունեն։
«Մեր երկրի պատմության մեջ նման բան չի եղել: Սա խաբեություն է ու միջամտություն ընտրություններին՝ այնպիսի մակարդակով, որի նմանը նախկինում չի եղել»,- ասում է Թրամփը:
Նախագահ Ջո Բայդենի նախընտրական թիմը հիմնականում ձեռնպահ էր մնում Թրամփի դատավարությանն անդրադառնալուց: Մինչ այս շաբաթ, երբ հանրահայտ դերասան Ռոբերտ Դե Նիրոն Բայդենի նախընտրական արշավի շրջանակում՝ ելույթ ունեցավ դատարանի շենքի մոտ:
«Երբ Թրամփն առաջադրվեց 2016 թվականին, նման էր հումորի։ Նախագահի պաշտոնին հավակնում է այդ ծաղրածուն։ Մտածում էիք՝ երբեք չի կարող պատահել: Մոռացել էինք պատմության դասերը, որոնք ներկայացնում են այլ ծաղրածուներին, որոնց լուրջ չէին վերաբերվում, մինչև նրանք չդարձան դաժան բռնապետներ: Թրամփի հետ երկրորդ փորձությունն է մեզ սպասում, և ոչ ոք ուրախ չէ [այդ հանգամքնով]»,- ասում է Դե Նիրոն:
Արձագանքել է Թրամփի խորհրդական Ջեյսոն Միլլերը, թե վերոհիշյալը վկայում է՝ որքան ճշմարտացի է ԱՄՆ նախկին նախագահը:
«Բայդենի մարդիկ վերջապես արեցին այդ: Ամիսներ շարունակ հայտարարելուց հետո, որ քաղաքականությունը կապ չունի այս դատավարության հետ, նրանք հայտնվեցին և նախընտրական միջոցառում արեցին Մանհեթենում՝ նախագահ Թրամփի դատավարության ժամանակ»,- ասում է Միլլերը:
Դե Նիրոն խոսում էր Բայդենի նախընտրական նոր հոլովակի մասին, ուր ներկայացված են Թրամփի խոսքերը, թե «[կա] խենթության ու վտանգավորության հասնող ձգտում առ իշխանություն, քանզի պարտվել է 2020 թվականի ընտրություններում»:
«Այժմ նա նորից է առաջադրվել: Այս անգամ սպառնալով լինել բռնապետ, կասեցնել Սահմանադրությունը»,- ասում է Դե Նիրոն։
«Եթե չընտրվեմ, արյունահեղություն կլինի»,- հոլովակում ասում է Թրամփը։
«Թրամփը ցանկանում է վրեժխնդիր լինել, և նա ոչ մի բանի առջև կանգ չի առնի»,- շարունակում է դերասանը:
«Ես Ջո Բայդենն եմ, և հաստատում եմ այս հաղորդագրությունը»,- հոլովակում ասում է Բայդենը։
Թրամփի նախընտրական թիմի ներկայացմամբ, Բայդենը փորձում է շեղել ընտրողների ուշադրությունը սեփական ձախողումներից:
«Որովհետև Բայդենը թույլ է, սպառնալիք է ժողովրդավարության համար՝ ոչ միայն մեր արդարադատության համակարգը որպես զենք օգտագործելով, այլև՝ լայն բացելով [մեր երկրի] սահմանները, որպեսզի թույլ տա անօրինական միգրանտներին՝ ահաբեկիչներին, հանցագործներին, ներխուժել: Մեր տնտեսությունը խարխուլ վիճակում է։ Շարժվում ենք դեպի Երրորդ աշխարհամարտ։ Սրանք այն խնդիրներն են, որոնց մասին մտածում են իրական ամերիկացիները»,- ասում է Թրամփի նախընտրական թիմի խոսնակ Քերոլայն Լևիթը։
PBS News Hour/NPR/Marist հարցուման համաձայն, ամերիկացի ընտրողների մեծամասնությունը, իրականում, չի հետևում Թրամփի դատավարությանը, իսկ Նյու Յորքում երդվյալ ատենակալները որոշելու են՝ արդարացնե՞լ Թրամփին, թե՞ դատապարտել։