Այս տեսարաններն է Սպիտակ տունը անվանել «սրտահույզ»․ իսրայելական ավիահարվածի հետևանքները, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 45 մարդ՝ Ռաֆահում գտնվող փախստականների ճամբարում:
«Նույնիսկ այն տարածքը, որը թշնամու խոսքով անվտանգ է, [իրականում] անվտանգ չէ։ Ռաֆահում անվտանգ չէ: Հայտնի է, որ սա տեղահանվածների ճամբար է: Այդ բոլոր մարդիկ՝ [զոհվածները], նահատակներ են: Դժվար է այս ամենը ընկալել: Անցած գիշերը դժվար էր»,- նշում է Գազայի բնակիչ Մուհամեդ Աբուասան:
Հայտնի է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բազմիցս զգուշացրել է Իսրայելին՝ ձեռնպահ մնալ Գազայի հարավային հատվածում՝ Ռաֆահ քաղաքում ցամաքային ռազմական գործողություններ սկսելուց։ Չնայած այդ հանգամանքին Սպիտակ տունը հարկ համարեց այս երեքշաբթի նշել, թե փախստականների ճամբարին օդային հարվածները չեն հատել Վաշինգտոնի սահմանած «կարմիր գիծը» կամ հիմք են ԱՄՆ քաղաքականության փոփոխության համար:
«Կարծում եմ, կոշտ ենք արձագանքել անմեղ քաղաքացիների մահվանը: Այդ մահերը արդարացված չէին, բայց պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել։ Հետաքննություն է լինելու։ Նրանք՝ [իսրայելական կողմն] արդեն ասել է, որ ողբերգական սխալ էր: Ուսումնասիրում են տեղի ունեցածը: Նախկինում կարողացել են հետաքննել իրենց իսկ գործողությունները և մարդկանց պատասխանատվության ենթարկել: Տեսնենք՝ այս պարագայում ինչ կանեն»,- ասում է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին։
Իսրայելի բանակը հայտարարել է, թե հետաքննում է միջադեպը:
«Բնականաբար, նման ծավալի ու ինտենսիվության պատերազմում տեղի են ունենում նաև ծանր միջադեպեր։ Որոշ միջադեպեր, ինչպես այդ գիշեր Ռաֆահում տեղի ունեցածը, շատ բարդ են: Երեկվա իրադարձության մանրամասները դեռ դիտարկման փուլում են։ Պարտավորվում ենք այն ավարտին հասցնել: Իսրայելի պաշտպանության բանակը ափսոսում է պատերազմին մաս չկազմող խաղաղ բնակչությանը պատճառված ցանկացած վնասի համար»,- ասում է Իսրայելի գլխավոր ռազմական դատախազ, գեներալ-մայոր Յիֆաթ Թոմեր-Երուշալմին։
«Համասը», որի արյունալի հարձակումը Իսրայելի դեմ սկիզբ դրեց ընթացիկ հակամարտությանը, Ռաֆահում տեղի ունեցածի համար խստորեն մեղադրել է ԱՄՆ-ին ու հրեական պետությանը։
«Ամերիկյան վարչակազմն ու նախագահ [Ջո] Բայդենն անձամբ պատասխանատու են Ռաֆահում տեղի ունեցած կոտորածի և Գազայի հատվածում օկուպացիոն ուժերի կողմից իրականացված բոլոր հանցագործությունների համար։ [Ամերիկան] շարունակում է օկուպացիոն ուժերի համար ապահովել քաղաքական և ռազմական հովանոց՝ [Իսրայելին] մատակարարելով ռազմական տեխնիկա, ռումբեր և այլ զինամթերք, որոնք ամեն օր սպանում են տասնյակ, եթե ոչ հարյուրավոր երեխաների, կանանց ու քաղաքացիական անձանց»,- ասում է «Համասի» խոսնակ Օսամա Համդանը։
Գազայի հատվածում Իսրայելի շարունակվող ռազմական գործողությունները, որոնց հետևանքով, ըստ «Համասի», արդեն իսկ զոհվել է մոտ 36 հազար մարդ, դատապարտել են ԱՄՆ մի քանի դաշնակիցներ: Մարդասիրական կազմակերպությունները, այդ թվում՝ Գազայում գործող ՄԱԿ-ի փախստականների գործակալությունը, պահանջում են անհապաղ հրադադար հաստատել։
Մինչ իսրայելցի իրավապահները փորձում են պարզել Ռաֆահում տեղի ունեցածը, դիտորդների խոսքով կատարվածը լուրջ քաղաքական ճնշում է Բայդենի վարչակազմի նկատմամբ՝ ամերիկյան ընտրություններից առաջ:
«Չնայած [Բայդենի թիմը] բախվում է հարազատ կուսակցության ձախ թևին, նրանք նաև չեն ցանկանում օտարացնել [դեմոկրատներին հարող] կենտրոնամետ ընտրողներին և իսրայելամետ դեմոկրատներին: Բայդենի վարչակազմը հայտնվել է այդ ամենի մեջտեղում, և այն բարդացնում է վարչակազմի գործը»,- ասում է RAND կորպոռացիայի ներկայացուցիչ Ռաֆայել Քոհենը։
Մինչ իշխանության տեր մարդիկ փորձում են պարզել իրենց անելիքը, արյունալի հակամարտությունը շարունակվում է՝ ամեն օր նոր կյանքեր խլելով: