Մատչելի հղումներ

Ի՞նչ է կատարվում ամերիկյան նախընտրական արշավում՝ Թրամփի վերաբերյալ նյու յորքյան ատենակալների հայտնի որոշումից հետո


Բայդեն, Թրամփ
Բայդեն, Թրամփ

Նյու Յորքի դատարանի երդվյալ ատենակալների կողմից Դոնալդ Թրամփին մեղավոր ճանաչելու հայտնի որոշումն արդեն իսկ ազդեցություն է ունեցել ԱՄՆ նախագահի հիմնական հավակնորղների՝ Սպիտակ տան ներկայիս ու նախկին ղեկավարների նախընտրական քարոզարշավում։

Թրամփը կարող է լինել ԱՄՆ առաջին նախագահը, ով դատապարտվել է քրեական մեղադրանքներով, սակայն նրա փաստաբան Ուիլ Շարֆի պնդմամբ, նախկին նախագահի ժողովրդականությունն ամենևին չի նվազել:

«Այս դատավճռից հետո՝ 24 ժամվա ընթացքում Թրամփի թիմը սահմանեց քաղաքական դրամահավաքի ռեկորդ, այդ թվում՝ գումար հավաքելով տասնյակ հազարավոր նոր դոնորներից: Կարծում եմ, ժողովուրդը տեսնում է, թե ինչ է կատարվել, և մենք հուսով ենք, որ բողոքարկման դեպքում կարող ենք փոխել [դատավճիռը]»,- ասել է փաստաբանը:

Դատավարության ընթացքում դատախազները պնդում էին, թե Թրամփը կեղծել է հաշվապահական փաստաթղթեր՝ ապօրինաբար ազդելով 2016 թվականի ընտրությունների արդյունքների վրա։ Այդ տարի Թրամփը հաղթեց նախագահական ընտրություններում։

Մեղադրական դատավճիռը կարող է քաղաքական առումով վնասել Թրամփին, հատկապես՝ աֆրոամերիկացի ընտրողների շրջանում, նշել է Մերիլենդի նահանգապետ, դեմոկրատ Ուես Մուրը:

«Պետք է ունենալ այնպիսի նախագահ, ինչպիսին ունենք հիմա։ Բայդենն, իրականում, աշխատում է մեր ապագայի համար»,- ասել է Մուրը։

Fox and Friends-ի կիրակնօրյա եթերում Դոնալդ Թրամփը քննարկել է հուլիսի 11-ին սպասվող դատավճիռը՝ բանտարկության կամ տնային կալանքի հավանականությունը․ «Չգիտեմ՝ արդյո՞ք հասարակությունը կտանի այդ։ Վստահ չեմ, որ կսատարի այդ որոշմանը: Կարծում եմ, հանրության համար դժվար կլինի ընդունել նման որոշումը։ Բեկումնային կետ է»։

Բայդենի նախընտրական թիմը X-ում հրապարակել է այդ հարցազրույցի մի հատված՝ վերնագրով այն՝ «դատապարտված հանցագործ Թրամփը ենթադրում է, որ բռնություն կլինի, եթե իրեն տնային կալանքի ենթարկեն»:

Ակնհայտ է, որ առաջիկայում դեմոկրատները հաճախ են հիշեցնելու Թրամփի դեմ արձակված վճիռը՝ ասել է Չիկագոյի համալսարանի քաղաքագետ Սյուզան Սթոքսը, ում խոսքով, հարկ է, որ Թրամփի թիմը փոխի իր ռազմավարությունը՝ շահելու նոր ընտրողների համակրանքը:

Հենց, այսպես կոչված, չկողմնորոշված ընտրողներն են Բայդենի ու Թրամփի գլխավոր նպատակը, որոնց ուղղությամբ աշխատանքը շարունակվում է։

XS
SM
MD
LG