Նախագահ Ջո Բայդենի խոսքով, վտանգավոր է, երբ կասկածի տակ են առնում Թրամփի գործով երդվյալ ատենակալների վճիռը։
Հիշեցնենք, անցած հինգշաբթի Նյու Յորքում երդվյալ ատենակալները Թրամփին մեղավոր ճանաչեցին փաստաթղթեր կեղծելու մեջ՝ 2016 թվականի ընտրություններից առաջ պոռնոաստղին լռեցնելու համար կատարված վճարումը թաքցնելու համար:
Նյու յորքյան դատարանում ատենակալների որոշումից հետո, Բայդենը սուր է արձագանքել Թրամփի և մյուս հանրապետականների հասցեին, ովքեր քննադատել են վճիռը․ «Դոնալդ Թրամփն ուներ իրեն պաշտպանելու բոլոր հնարավորությունները»։
ԱՄՆ նախագահը ընդգծել է՝ Թրամփի դեմ գործը հարուցել են նահանգային իշխանությունները, ոչ թե դաշնային, և որ դատավճիռը կայացվել է «12 քաղաքացիներից, 12 ամերիկացիներից, 12 պարզ մարդկանցից բաղկացած հանձնաժողովի կողմից»։
Բայդենը հիշեցրել է, որ ամերիկյան դատական համակարգը գոյություն ունի գրեթե 250 տարի և դատապարտել է Թրամփին և նրա կողմնակիցներին՝ այն վարկաբեկելու փորձերի համար։
«Վտանգավոր և անպատասխանատու է ասել, թե այդ ամենը կեղծիք է միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկին դուր չի եկել դատավճիռը», - ասել է Ջո Բայդենը:
Վճռի հաջորդ օրը՝ անցած ուրբաթ, Թրամփը կրկնել էր, թե դատավարությունը Սպիտակ տուն վերադառնալու իր ծրագրերը տապալելու փորձ էր, և որ իր օրինակը վկայում է՝ ոչ մի ամերիկացի զերծ չէ քաղաքական հետապնդումներից։
«Եթե նրանք կարող են այդ անել ինձ հետ, նրանք կարող են այդ անել յուրաքանչյուրի հետ», - իր 33 րոպեանոց ելույթում ասել է Թրամփը:
Նույն օրը՝ ավելի ուշ, լրագրողները հետաքրքրվել էին Բայդենից՝ արդյո՞ք մտահոգված չէ, որ մի օր ինքը կարող է հայտնվել նման իրավիճակում:
«Ընդհանրապես չեմ անհանգստանում: Ոչ մի վատ բան չեմ արել։ Համակարգը աշխատում է»,- պատասխանել է ԱՄՆ նախագահը՝ հավելելով, թե «պատկերացում չունի»՝ ի՞նչ ազցդեցություն կթողնի դատավճիռը Թրամփի նախընտրական արշավի վրա։