Իսրայելը չեղարկել է Գազայից Associated Press-ի հեռարձակումը դադարեցնելու որոշումը

Գազա

Միջազգային քննադատությունից հետո Իսրայելն այս շաբաթ հարկադրված չեղարկեց որոշումը, որն արգելում էր Associated Press-ին ուղիղ հեռարձակում իրականացնել Գազայի հատվածից: Դիտորդները նկատում են՝ լրագրողների համար ավելի դժվար է դառնում լուսաբանել Իսրայել-«Համաս» հակամարտությունը:

Associated Press-ը ստիպված էր դադարեցնել ուղիղ հեռարձակումը Գազայից, քանի որ իսրայելցի պաշտոնյաները բռնագրավել էին սարքավորումները, ինչը հարուցել էր միջազգային սուր քննադատություն։ Իսրայելի կապի նախարարությունը ժամեր անց վերադարձրեց առգրավված տեխնիկան:

Իսրայելը մեղադրել էր Associated Press-ին արտասահմանյան հեռարձակման մասին երկրի նոր օրենքը խախտելու մեջ՝ նյութեր տրամադրելով հրեական պետությունում արգելված Al Jazeera հեռուստաալիքին: Associated Press-ը չի ընդունում մեղադրանքը։

Լրատվական գործակալության գործադիր խմբագիր Ջուլի Փեյսն ասում է․ «Այդ քայլի պատճառը, ոչ նյութերն էին, այլ Իսրայելի կառավարության կողմից օտարերկրյա հեռարձակման մասին նոր օրենքի չարաշահման փորձը: Ուղիղ հեռարձակմամբ, հիմնականում, ցույց էինք տալիս, որ Գազայի հատվածը ծխի մեջ է»։

Գազայից Associated Press-ի ուղիղ հեռարձակումը արգելող Իսրայելի կապի նախախար Շլոմո Կարհինի կարգադրությունը դատապարտել էին ՄԱԿ-ը, Սպիտակ տունը և լրագրողական բազմաթիվ կազմակերպություններ:

«Կարծում եմ, որ լրագրողները պետք է կարողանան ազատորեն կատարել իրենց աշխատանքը: Associated Press-ին, բոլոր լրատվական կազմակերպություններին պետք է թույլ տրվի կատարել իրենց աշխատանքը ազատ և առանց ոտնձգությունների»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը:

Նշված նոր օրենքը կիրառելով՝ Իսրայելը այս մայիսի սկզբին արգելեց կատարական Al Jazeera հեռուստաալիքի գործունեությունն երկրում:

Իսրայելի կապի նախարարությունը երեքշաբթի հայտարարել է, որ քայլեր կձեռնարկի «պետության անվտանգությանը վնասող հեռարձակումները սահմանափակելու համար»։

Խոսքի ազատության ջատագովները զգուշացնում են, որ նշված օրենքը Իսրայելում լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակելուց զատ, պարարտ հող է ստեղծում մերձավորարևելյան հակամարտության մասին ապատեղեկատվության տարածման համար:

Հիշեցնենք, որ մերձավորարևելյան ներկայիս հակամարտությունը ծագեց, երբ անցած տարվա հոկտեմբերի 7-ին «Համասը» արյունալի գրոհ ձեռնարկեց հրեական պետության դեմ՝ սպանելով 1 200 իսրայելցու, պատանդ տանելով մոտ 240-ին։ Ինչին հետևեցին իսրայելական ռազմուժի պատասխան գործողությունները, որոնց հետևանքով, ըստ պաղեստինյան կողմի, Գազայում առ այսօր զոհվել է մոտ 35․6 հազար հոգի։ Իսրայելի պնդմամբ, ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է ավելի քան 14 հազար զինյալ և շուրջ 16 հազար խաղաղ բնակիչ։

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ԱՄՆ բյուրոյի գործադիր տնօրեն Քլեյթոն Վայմերսն ասում է․ «Այս պատերազմը լուսաբանող անկախ լրատվամիջոցների բացակայությունը պարարտ հող է ստեղծում քարոզչության համար՝ բոլոր կողմերից: Միջազգային լրատվամիջոցների մուտքը Գազա առաջնային նշանակություն ունի»։

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը և միջազգային այլ կառույցներ քննադատել են Իսրայելին՝ լրագրողների անվտանգությունը չապահովելու համար:

Ըստ գնահատականների, առ այսօր Գազայի հատվածում սպանվել են ավելի քան 100 լրագրողներ, գրեթե բոլորը՝ պաղեստինցիներ։ Իսրայելի ներկայացմամբ, սպանվածների շարքում կային ահաբեկիչներ:

Ինչևէ, չորեքշաբի վերականգվեց Associated Press-ի ուղիղ եթերը: